Էլինար Վարդանեանը՝ Փաշինեանի վերջին յայտարարութեան մասին. «Հարցը, թէ արդեօք Հայաստանը կը մնայ ԵԱՏՄ-ում, կարող է արդիական դառնալ»

«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 10-ին Գերմանիա կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինեանը հայաստանեան լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը յայտարարեց. «Ես Ադրբեջանին առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտէզ՝ Ղարաբաղի հայերի եւ Արեւմտեան ադրբեջանցիների մասին թեմաները փակելու ուղղութեամբ»։ Պարզելու համար, թէ հայաստանցիների եւ արցախցիների համար անվտանգային ինչ ռիսկեր է պարունակում այս յայտարարութիւնը՝ Panorama.am-ը դիմել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Էլինար Վարդանեանին։
«Այս իշխանութիւնները պարբերաբար յայտարարում էին, որ «արեւմտեան ադրբեջանի» թեմա չկայ եւ մենք գնում ենք խաղաղութեան՝ լուծելով մեր մէջ առկայ բոլոր անհամաձայնութիւնները, բայց հասկացանք, որ չէ, այնուամենայնիւ, «արեւմտեան ադրբեջանի» պահանջ կայ եւ Նիկոլ Փաշինեանը դա շատ լաւ հասկանում է։
Համեմատականներ անցկացնել «արեւմտեան ադրբեջանի»՝ հետեւաբար 300 հազար ադրբեջանցիների բնակեցման եւ Արցախի մեր հայրենակիցների էթնիկ զտման միջեւ՝ ես կարծում եմ, որ բարոյականութեան որեւէ նորմերի մէջ չի տեղաւորւում, եթէ չփորձենք բերել նաեւ իրաւական եւ քաղաքական դաշտ, որովհետեւ այս առումով ստացւում է, որ մի կողմից դու համաձայնում ես, որ այնուամենայնիւ 300 հազար ադրբեջանցիների բնակեցման թեման կայ եւ միւս կողմից էլ փորձում ես դրա դիմաց ինչ-որ գործարքներ առաջարկել։
Սա Փաշինեանի հերթական քայլն է ընդհանրապէս փակել արցախցիների եւ Արցախի հարցը, ինչի հետ արցախցի մեր հայրենակիցները համաձայն չեն։
Փաշինեանը չէ, որ որոշելու է արցախցիների վերադարձի հարց կայ, թէ ոչ։
Տրամաբանական կը լինէր, եթէ Հայաստանում ադրբեջանցիների պահանջին զուգահեռ բարձրացւէր Ադրբեջանից բռնի տեղահանւած հայերի հարցը եւ այս պարագայում փորձել գնալ որոշակի գործարքի եւ փորձել բանակցել որոշակի պայմանաւորւածութեան շուրջ։
Բայց Փաշինեանը հրաժարւում է այն մտքից, իրողութիւնից, որ տեղի է ունեցել Ադրբեջանում այսօրւայ ՀՀ քաղաքացիների հանդէպ եւ դրա փոխարէն առաջարկում է բոլորովին այլ բան՝ մոռանալ Արցախը, մոռանալ արցախցիների վերադարձի հարցը։ Սա շատ վտանգաւոր է, որովհետեւ այն Ադրբեջանի համար հիմք է ստեղծելու ընդհանրապէս միջազգային ատեաններում յղում անել Նիկոլ Փաշինեանի խօսքերին»,- ասել է Էլինար Վարդանեանը։



