Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Խաչատրեան. «Մեզ Գայլ Վահան է պէտք»

«ԱԼԻՔ» – Համաշխարհային էլիտային դիմադրող գլխաւոր ռեսուրսն այսօր աշխարհում կրօններն են, որոնք ըստ գլոբալիստների՝ պէտք է չունենան այն կարգավիճակը, ինչը նրանք ձեռք են բերել հազարամեակների ընթացքում։ Այդ տեսակէտից արմատական «քարերից» մէկը հնագոյն եկեղեցիներն են եւ նրանց թւում, առաջին հերթին՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Այս մասին 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում նշել է կրօնագէտ Վարդան Խաչատրեանը՝ խօսելով Նիկոլ Փաշինեանի իշխանութեան եկեղեցահալած քաղաքականութեան աշխարհաքաղաքական հետքերի մասին։

Վարդան Խաչատրեանը յիշեցրել է, որ հէնց Հայաստանն է, ըստ էութեան, փրկել քրիստոնէութիւնը՝ առաջինը պետականօրէն ընդունելով Քրիստոսի ուսմունքը որպէս պետական կրօն եւ դրանով մեծապէս նպաստելով քրիստոնէութեան տարածմանն ամբողջ աշխարհում, եւ նրանք, ովքեր կառավարում են այս պրոցեսը Հայ Եկեղեցու դէմ, շատ լաւ գիտեն դա։

«Քրիստոնէութիւնը կայացաւ եւ տարածւեց աշխարհում, որովհետեւ հայերը ընդունեցին քրիստոնէութիւնը եւ ջախջախեցին Մաքսիմինուս Դեզային, որը ցեղասպանութեան էր ենթարկում քրիստոնեաներին եւ պէտք է դառնար Հռոմի կայսր։

Տրդատ Մեծը ջախջախեց, բայց դա մենք չենք ասում, մեր հասարակութիւնը չգիտի, բայց նրանք, ովքեր կազմակերպում եւ կառավարում են այս պրոցեսները, անգիր գիտեն դա։ Նրանք գիտեն, որ Հայաստանը մոնոնացիոնալ, քրիստոնէից երկիր է։ Նրան որտեղի՞ց է հնարաւոր պառակտել, որտեղի՞ց է հնարաւոր կոտրել։ Բացի այդ, այստեղ գոյութիւն ունի նաեւ ուրիշ քաղաքական խնդիր՝ հիմնական դիմադրութիւնը զանգւածի «Մեծ Թուրան» ծրագրին է։ «Մեծ Թուրանը» ո՞ւմ ծրագիրն է։

«Մեծ Թուրան» ծրագիրն Անգլիայի ծրագիրն է։ Խօսքը MI6-ի նախկին ղեկավար Ռիչարդ Մուրի մասին է, որը եղել է Թուրքիայում Անգլիայի դեսպանը։ Նա Էրդողանին մանրամասնօրէն լարել, դասաւորել, հնարաւոր ռեսուրսներով ապահովել եւ տարել է այդ ճանապարհով։ Անգլիան է գլխին կանգնած։ Նրանց խնդիրն այն է, որ դուրս գան Հայաստանի վրայով»,- մեկնաբանել է կրօնագէտը։

Վարդան Խաչատրեանը շեշտել է, որ սա խոշորագոյն տեկտոնիկ փոփոխութիւնների ծրագիր է. «Սրա մէջ կանգնած Հայոց Առաքելական Եկեղեցու խնդիրն այն իւրօրինակ քարերից մէկն է, որը պէտք է պոկւի, որպէսզի այդ ծրագիրը կարողանայ դուրս գալ մեծ ճանապարհ։ Այո՛, Հայոց Առաքելական Եկեղեցին լրջագոյն խոչընդոտներից մէկն է՝ իր Վեհափառով հանդերձ։ Եթէ պոկեցին բուրգի վերեւի քարը, դժւար է ասել, թէ փլուզումը երբ կը կանգնի»։

Կրօնագէտը մեծապէս կարեւորում է ներկայ բարդ կացութիւնից դուրս գալու ճանապարհին նաեւ պատմական փորձը հաշւի առնելը եւ Հայաստանի ներկայ իրավիճակն ու հայ ժողովրդի ներկայիս փորձութիւնները համեմատելով պատմական այլ ժամանակաշրջանների հետ՝ մէջբերում է Նիկողայոս Ադոնցին. «Հայ ժողովուրդն անընդհատ յայտնւել է ծանրագոյն իրավիճակում եւ յաղթահարել է միայն մի բանով։

Իմ կարծիքը չեմ ասում, Նիկողայոս Ադոնցի խօսքերն եմ ասում։ Նա ասում է.

«Հայ ժողովրդին հասկանալու համար պէտք չէ կարդալ նրա որեւէ պատմիչի, պէտք է կարդաս բոլոր պատմիչներին եւ միայն այդ ժամանակ կը հասկանաս, որ տեսնում ես այդ ազգին պարբերաբար ջախջախւած, արնածոր, թւում է, թէ պատմութեան թատերաբեմից ցած սահելու պահին, եւ մտածում ես, որ վե՛րջ, այլեւս չի լինի՝ ինչպէս իր կողքի հնագոյն ազգերը, բայց միշտ գալիս են նրա բարոյապարկեշտ առաջնորդները, որոնց ընդամէնը մէկ շարժմամբ այդ փշրւած ժողովուրդը, զէնքը ձեռքին, վեր է կենում եւ գնում կնքելու իր յաջորդ փուլի առհաւատչեան»։ Մեր խնդիրը բարոյապարկեշտ, համոզւած, միակարծիք մարդկանց բազմութիւնն է»։

Հարցին, թէ, հետեւաբար՝ կունենա՞նք նոր Վարդան Մամիկոնեաններ եւ Ղեւոնդ Երէցներ, կրօնագէտը պատասխանել է՝ մեզ ոչ թէ Վարդան Մամիկոնեան, այլ Գայլ Վահան (Վահան Մամիկոնեան) է պէտք, որ վերեւից խօսի եւ ասի այն, ինչ նա ասում էր պարսից շահին. «Յիշի՛ր մեր նախնեաց օրէնքները՝ չի կարելի դաւաճան ընդունել»։

Related Articles

Back to top button