Հարցւածների 47,6 տոկոսը բացասական է գնահատել վաշինգտոնեան հռչակագիրը, 58,9 տոկոսը դէմ է Սիւնիքով ճանապարհ տալուն, 83,1 տոկոսն էլ դէմ է Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեանը

«ԱԼԻՔ» – Օգոստոսի 25-30-ը GALLUP International Association-ի Հայաստանում լիիրաւ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն հանրայնացրել է TriPPvs ՏՏռաս խորագրով հարցումները։ Հեռախօսային այս հարցմանը մասնակցել են 1101 քաղաքացիներ՝ Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանի բոլոր համայնքներից։ Հաղորդում է 168.am-ը:
Հարցման առաջին հատւածում վերջին շրջանում ամենաշատը քննարկւած ու քննադատւած վաշինգտոնեան գործընթացին վերաբերող հարցադրումներ են։
Այսպիսով, Gellup-ի հայաստանեան ներկայացուցչութիւնը նախ հետաքրքրւել է 2025 թւականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրւած եռակողմ հռչակագրի մասին. «Ինչպէ՞ս էք գնահատում այս հռչակագրի ստորագրումը» հարցին ի պատասխան՝ հարցւածների 34 տոկոսն ընդհանրապէս բացասական է գնահատել այն, 13,6 տոկոսը՝ աւելի շուտ բացասական։ Այսինքն՝ 47,6 տոկոսը բացասական է գնահատել հռչակագրի ստորագրումը։
Այն աւելի շուտ դրական է համարել հարցածների 19,3 տոկոսը, իսկ լիովին դրական՝ 22,8 տոկոսը։ Հռչակագրի ստորագրման մասին տեղեկացւած չի եղել հարցւած քաղաքացիների 3,3 տոկոսը, իսկ հարցին դժւարացել է պատասխանել 7 տոկոսը։
Gellup-ի հայաստանեան ներկայացուցչութիւնը յաջորդ հարցում նախ տեղեկացրել է, որ «հռչակագրում վերահաստատւել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պարտաւորւում են բացել հաղորդակցութիւնները: Այդ ջանքերը ներառում են նաեւ՝ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ Հայաստանի՝ Սիւնիքի մարզով հաղորդակցութեան ապահովումը՝ Հայաստանի համար փոխադարձ հաղորդակցական հնարաւորութիւններով», ապա հետաքրքրւել՝ «ինչպէ՞ս էք գնահատում Սիւնիքի տարածքով ճանապարհ տրամադրելը»։
Այս հարցին ի պատասխան էլ՝ եթէ «ճանապարհի տրամադրումը» դրական է գնահատել հարցւածների 35,5 տոկոսը, ապա բացասական գնահատածների թիւը մօտեցել է 60 տոկոսին (58,9 տոկոս)։
Վաշինգտոնեան համաձայնագիրը կը նպաստի՞ արդեօք երկարաժամկէտ խաղաղութեան հաստատմանը տարածաշրջանում հարցին էլ՝ «միանշանակ այո» է պատասխանել 15,8 տոկոսը, «աւելի շուտ՝ այո»՝ 22,8 տոկոսը, «միանշանակ ոչ» պատասխանել է 41,6 տոկոսը, իսկ «աւելի շուտ՝ ոչ»՝ 13,5 տոկոսը։
Այս համատեքստում մէկ այլ հարցով էլ Գելափը հետաքրքրւել է ադրբեջանական կողմի առաջ քաշած նախապայմաններին։
«Ըստ հրապարակւած տեղեկութիւնների՝ Ադրբեջանը ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնը նշել է որպէս վերջնական խաղաղութեան համաձայնագրի ստորագրման նախապայման․ ո՞ր դատողութեան հետ էք առաւել համաձայն»՝ հարցմանը պատասխանների տարբերակներն էլ ընտրւել են հետեւեալ կերպ․
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնը Հայաստանի ներքին գործն է, եւ որեւէ երկիր, այդ թւում՝ Ադրբեջանը, իրաւունք չունի ազդելու այդ գործընթացի վրայ՝ 58 տոկոս:
Դա Ադրբեջանի կողմից հերթական քաղաքական ծուղակն է, եւ անկախ փոփոխութիւնից՝ Ադրբեջանը համաձայնագիր չի ստորագրելու՝ 25,1 տոկոս:
Ես կը քւէարկեմ կողմ ՀՀ Սահմանադրութեան փոփոխմանը, եթէ դա բերի իրական եւ երկարաժամկէտ խաղաղութեան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ 12,2 տոկոս։
Հարցին դժւարացել է պատասխանել 4,7 տոկոսը։