ՄիջազգայինՔաղաքական

Գլեբ Կուզնեցով. «Ալիեւների կլանի իշխանութեան ներքոյ Ադրբեջանը երբեք չի լինի Ռուսաստանի իսկական դաշնակիցը»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Գլեբ Կուզնեցովը Alpha News-ի հետ զրոյցում անդրադարձել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի յարաբերութիւններին, ինչպէս նաեւ Բաքւում «Ռոսսոտրուդնիչեստւօ»-ի գործունէութեան դադարեցմանը։

Փորձագէտի կարծիքով՝ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապւած ողբերգութիւնը պատճառ դարձաւ, որ ադրբեջանական իշխանութիւնները փորձեն ինքնահաստատւել Ռուսաստանի հաշւին։

«Կայ առիթ, կայ պատճառ, ակնյայտ է, որ առիթն ինքնաթիռի հետ կապւած ողբերգութիւնն է, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը բաւականին ագրեսիւ քաղաքականութիւն վարող երկիր է: Ադրբեջանը հերքում է Ռուսաստանի գոնէ ինչ-որ դրական ներդրումը Անդրկովկասի պատմութեան մէջ, իսկ եթէ կարդում ենք ադրբեջանական պատմութեան դասագրքերը կամ դրանց ինչ-որ նիւթեր, ապա տեսնում ենք, որ նրանք անվերջ քննարկում են, թէ ինչպէս է Ռուսաստանը վատ ազդեցութիւն ունեցել Ադրբեջանի, Կովկասի եւ այլնի վրայ:

Բնականաբար, երբ ինքնաթիռի հետ կապւած պատմութիւնը ծագեց, Ադրբեջանի իշխանութիւնները մեծ ցանկութիւն ունեցան փորձել ինքնահաստատւել Ռուսաստանի հաշւին, ցոյց տալ, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ փոխզիջումային տարբերակների փնտրտուքի, այլ հռետորաբանութեան մակարդակով պատրաստ է իրեն Ռուսաստանից վեր դասել եւ լիովին կայացել է որպէս բացարձակ անկախ պետութիւն։

Սա է Ադրբեջանի վերջին յայտարարութիւնների, «Ռոսսոտրուդնիչեստւօ»-ի գրասենեակի փակման եւ այլնի հետ կապւած ողջ պատմութեան ներքին նեարդը։ Կարծում եմ՝ այս իրավիճակը դեռ կը շարունակւի։ Սա միայն սկիզբն է, եւ մենք դեռ կը տեսնենք ահագնացող, ագրեսիւ հակառուսական յայտարարութիւններ։ Դրանք բխում են Ադրբեջանի ողջ ներքին գաղափարախօսութիւնից, որն այսօր գոյութիւն ունի»,- ասել է Կուզնեցովը։

Նա միաժամանակ նշել է՝ չնայած նրան, որ յարաբերութիւններում ճգնաժամ կայ, Ադրբեջանը շարունակում է ռուսական գազը Եւրոպա վաճառել ադրբեջանականի անւան տակ։

«Եւ մենք բոլորս հասկանում ենք այդ սխեմաները, սահմանը փակւած չէ, առեւտրային յարաբերութիւնները շարունակում են զարգանալ։ Հռետորաբանութեան եւ որոշ գաղափարական բաների մակարդակով Ադրբեջանը ցուցաբերում է ծայրայեղ հակառուսական կողմնորոշում, բայց պրակտիկայի մակարդակով մնում է Մոսկւայի առեւտրային գործընկերը»,- յաւելել է Կուզնեցովը։

Related Articles

Back to top button