Յաջողութեամբ ընդունւել են երկրի ուղեծիր արձակւած «Զաֆար-2», «Փայա» եւ «Քոսար» արբանեակների առաջին ազդանշանները

«ԱԼԻՔ» – Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարը յայտնել է, որ երէկ երեկոյեան տիեզերք արձակւած երեք հայրենական արբանեակների՝ «Զաֆար-2»-ի, «Փայա»-ի եւ «Քոսար»-ի առաջին ազդանշանները յաջողութեամբ ընդունւել են։ Այս հանգամանքը հաստատում է արբանեակների տեխնիկական առողջ վիճակն ու դրանց պատշաճ գործունէութիւնը՝ ուղեծրում տեղակայւելուց յետոյ։
ԻՍՆԱ գործակալութեան փոխանցմամբ՝ դոկտ. Սէյէդ Սաթար Հաշեմին, անդրադառնալով նշւած արբանեակների հետ առաջնային կապի հաստատման գործընթացին, նշել է, որ «Զաֆար-2», «Փայա» եւ «Քոսար» արբանեակների ազդանշանները միաժամանակ ընդունւել են Մահդաշթի արբանեակային կառավարման կենտրոնում, Ղեշմ կղզու կայանում, ինչպէս նաեւ «ՍաԻրան»-ի կառավարման կենտրոնում։ Նրա խօսքով՝ ազդանշանների միաժամանակ ընդունումը մի քանի կառավարման կէտերից վկայում է կապի կայունութեան եւ արբանեակների հաղորդակցական համակարգերի ճշգրիտ աշխատանքի մասին։
Նախարարը շեշտել է, որ ազդանշանի ընդունումը արբանեակի արձակումից յետոյ համարւում է առաջին եւ առանցքային քայլը՝ ընդգծելով, որ այս փուլում գրանցւած յաջողութիւնը հնարաւորութիւն է ստեղծում շարունակելու տեխնիկական մոնիթորինգը, ապահովելու ուղեծրային կայունացումը եւ մեկնարկելու նախատեսւած առաքելութիւնների յաջորդ փուլերը։
Յիշեցնենք, որ Իրանը միաժամանակ ուղեծիր է դուրս բերել երեք նոր արբանեակ՝ օգտագործելով ռուսաստանեան Սոիւզ կրիչ հրթիռը: Վոստոչնիի տիեզերակայանից արձակւած թռիչքը եղել է բազմաբեռ, որով հրթիռը տեղափոխել է նաեւ միջազգային յաճախորդներին պատկանող տասնեակ այլ արբանեակներ։
Իրանը նաեւ պատրաստւում է յաջորդ տարի գործարկել իր արբանեակային հեռահաղորդակցային ցանցը: Նախագիծը մշակւել է «Շահիդ Սոլէյմանի» անունը կրելով:



