ԻրանՄիջազգայինՔաղաքական

Էրդողանի յայտարարութիւնը փորձ է՝ թոզ փչելու միջազգային հանրութեան աչքերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի յայտարարութիւնը կարող է տպաւորութիւն ստեղծել, թէ Բաքուն եւ Անկարան հրաժարւել են Հայաստանի տարածքով միջանցքի հարցում իրենց մտադրութիւններից եւ կարող են փորձել հաղորդակցութիւն բացել Իրանի միջով. «News.am»-ի հետ զրոյցում ասաց Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։

Յիշեցնենք, որ Էրդողանն աւելի վաղ յայտարարել է, որ եթէ Հայաստանը թոյլ չտայ միջանցք բացել իր տարածքում, ապա Իրանը «ուրախութեամբ կընդունի, որ այդ միջանցքն անցնի իր տարածքով»։

«Նախ, միջանցք եզրոյթն ինքնին հարցեր է առաջացնում։ Եթէ միջանցք ասելով հասկանում են արտատարածքային հաղորդակցութիւն, ապա եթէ այն հնարաւոր չէ Հայաստանի տարածքով, ապա հնարաւոր չէ նաեւ Իրանի տարածքով։

Եթէ նկատի ունեն արդէն գոյութիւն ունեցող ճանապարհների եւ երթուղիների գործունէութեան ռեժիմի փոփոխութիւն, ապա դա նոյնպէս դժւար է պատկերացնել։ Իրանը միշտ համագործակցել է ընդունւած նորմերին համապատասխան։

Ուստի կարծում եմ, որ այդ յայտարարութիւնը փորձ է՝ թոզ փչելու միջազգային հանրութեան աչքերին։

Վերջին երեք տարում Ադրբեջանի եւ Թուրքիայի մօտեցումներից կարելի է եզրակացնել, որ նրանք ցանկանում են ստանալ արտատարածքային միջանցք եւ կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը։

Այդ դէպքում Հայաստանի համար ի՞նչ տնտեսական շահի մասին կարող է խօսք լինել։ Եթէ այդպէս լինի, ապա դա կը լինի Պանամայի կամ Սուէզի ջրանցքի նման մի բան, եւ Հայաստանին լաւագոյն դէպքում տարեկան որոշակի գումար կը վճարեն։

Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաղորդակցութիւնների ապաշրջափակումը եւ ճանապարհների բացումը՝ նոյնիսկ Հայաստանի ինքնիշխանութեան ներքոյ, կարճաժամկէտ հեռանկարում չի կարող որեւէ իրական տնտեսական օգուտ բերել Հայաստանին՝ հաշւի առնելով Հայաստանի ներուժը:

Ուստի Հայաստանի տնտեսութիւնը պէտք է պատրաստ լինի տեխնոլոգիական զարգացման, որպէսզի նրա տնտեսութիւնը կարողանայ մրցակցել թուրքականի հետ»,-ասաց պատգամաւորը։

Related Articles

Back to top button