Ազատի զօրամասի ողբերգութեան 3-րդ տարելիցը. ի՞նչ են պահանջում տուժողների իրաւայաջորդները

Փաստաբանի խօսքով՝ դէպքի իրական պատկերը վերականգնելու միջնորդութիւն են ներկայացնելու։
Ազատ գիւղի զինւորական կացարանի հրդեհի գործով տուժածների իրաւայաջորդները ողբերգութիւնից 3 տարի անց էլ չեն հրաժարւել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին եւ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանին դատակոչելու միջնորդութիւն ներկայացնելու մտքից։ Յունւարի 19-ին՝ դէպքի 3-րդ տարելիցին նւիրւած ասուլիսի ժամանակ, այս մասին յայտարարեց նրանց փաստաբան Նորայր Նորիկեանը։
Ինչպէս յայտնի է, 2023–ի յունւարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկւել Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի տարածքում տեղակայւած ՀՀ ՊՆ N զօրամասի ինժեներասակրաւորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհւել էին 15, վնասւածքներ ստացել՝ 7 զինծառայող։
«Տառացիօրէն երկու օր առաջ նորից ուսումնասիրել ենք 2023 թւականի յունւարի 19-ի կառավարութեան նիստը, մասնաւորապէս՝ վարչապետ Փաշինեանի դիտարկումները եւ պաշտպանութեան նախարարութեան զեկոյցները։ Կարծում եմ՝ նրանք պէտք է հրաւիրւեն դատարան հարցաքննութեան, քանի որ նրանց ասածները կարող են անհրաժեշտ լինել գործի ճշմարտութեան վերջնական բացայայտման համար»,- ասաց Նորիկեանը։
Տուժող կողմը դժգոհ է նաեւ գործից անջատւած վարոյթի նախաքննութիւնից։ Գէորգ Աւետիսեանը, որը եղել է այդ զօրամասի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալը, մեղադրեալներից մէկն է, եւ նրա նկատմամբ քրէական գործը քննւում է առանձնացւած վարոյթով։ Նորիկեանի խօսքով՝ արդէն երկու տարի է անցել, բայց որեւէ նորութիւն չկայ։
«Արդէն երկու տարի է՝ Քննչական կոմիտէի զինւորական քննչական գլխաւոր վարչութիւնում քրէական վարոյթ կայ, որի վերջը չի երեւում։ Եղել են առիթներ, երբ հարցրել ենք գործի ընթացքի մասին, սակայն ստացել ենք անորոշ եւ ոչինչ չասող պատասխաններ։ Մենք այդ անջատւած վարոյթից սպասելիք չունենք»,- նշեց Նորայր Նորիկեանը։
Փաստաբանը յիշեցրեց, որ 2025 թւականի ընթացքում կայացած դատական նիստերի ժամանակ հարցաքննւել են 19 տուժող եւ բոլոր վկաները։ Այժմ մեկնարկում է 5 մեղադրեալների հարցաքննութիւնը, որից յետոյ տուժող կողմը նոր միջնորդութիւններ է ներկայացնելու։
«Միջնորդելու ենք, որ իրականացւի կրկնակի քննչական փորձարարութիւն, այսինքն՝ հնարաւորինս վերականգնւեն դէպքի իրական պայմանները։ Նաեւ միջնորդութիւն կը լինի հարցաքննել դատաբժշկական փորձաքննութիւն իրականացրած մասնագէտներին»,- յաւելեց փաստաբանը։
Յիշեցնենք՝ դէպքից անմիջապէս յետոյ պաշտօններից ազատւել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինւորականներ։
Քրէական վարոյթ է նախաձեռնւել ՀՀ քրէական օրէնսգրքի 532-րդ յօդւածի 4-րդ մասի յատկանիշներով։ Քրէական վարոյթ է նախաձեռնւել նաեւ պաշտօնատար անձանց կողմից հրդեհային անվտանգութեան սահմանւած կանոնները չպահպանելու, դրա հետ կապւած գործառոյթները կատարելու հարցում առերեւոյթ անփութութիւն դրսեւորելու փաստի առթիւ։
Այս գործով առայժմ մէկ դատավաճիռ է կայացւել՝ 3 տարւայ ազատազրկման է դատապարտւել վաշտի հերթապահ Ռադիկ Մատթէոսեանը։
Քրգործ է յարուցւել նաեւ զօրամասի ինժեներասակրաւորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի եւ ինժեներական ծառայութեան սպայ Եղիշէ Յակոբեանի նկատմամբ։
Sputnik armenia



