Հայաստան-Թուրքիա սիրաբանութիւնը վերջում վտանգ է բերելու Հայաստանին եւ հայ ժողովրդին
Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում դանակներով զինւած թուրք երկրպագուները յարձակւել են հայ ֆուտբոլիստների վրայ։
«Nouvelles d’Arménie»-ի փոխանցմամբ, շրջանային առաջնութեան շրջանակներում հայ համայնքի ներկայացուցիչներից բաղկացած «Homenetmen Valence»-ն հերթական հանդիպումն է անցկացրել տեղի թուրքական համայնքը ներկայացնող «FC Turquoise»-ի հետ:
Առաջին խաղակեսից յետոյ, երբ «Homenetmen Valence»-ն յաղթում էր 2:0 հաշւով, թուրք երկրպագուները ներխուժել են խաղադաշտ եւ յարձակւել հայ ֆուտբոլիստների վրայ, նաեւ՝ հայ երկրպագուների:
Ֆրանսիական հեղինակաւոր Le Figaro Magazine-ի փոխտնօրէն Ժան Քրիստոֆեր Բիւիսոնը X-ի իր միկրոբլոգում միջադէպը որակել է յարձակում` ռասայական հողի վրայ:
168.am-ը ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանի հետ զրուցել է այս միջադէպի, դրա հիմքում ընկած հայատեացութեան եւ այլ կարեւոր հարցերի մասին:
– Հայկական կողմից 2-3 վիրաւոր կար, որոնց տեղափոխել են հիւանդանոց: Ոստիկանութիւնը հասել է, միջամտել, ձերբակալութիւններ են եղել թուրքական շրջանակներից: Այդ պահին գետնի վրայ միջադէպը «հանդարտւեց»: Ինչո՞ւ եմ ասում՝ չակերտաւոր հանդարտւեց, որովհետեւ հայերի եւ թուրքերի միջեւ խնդիրը, խժդժութիւնը, յատկապէս՝ Ֆրանսիայի հարաւային եւ կենտրոնական հատւածներում, պատմութիւն եւ անցեալ ունի բաւականին: Մասնաւորապէս, կը յիշէք, որ 2020 թւականին Լիոնի արւարձանում՝ Դեսինում, թուրքերը յարձակւել էին հայ անհատների, Ցեղասպանութեան յուշարձանի վրայ, ճանապարհ էին փակել, բահերով, բրիչներով յարձակւել էին, եւ այլն: Եւ Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբը դիմեց դատական իշխանութիւններին, որպէսզի թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպութիւնն արգելւի Ֆրանսիայի տարածքում, որովհետեւ այս ամէնի յետեւում իրենք են կանգնած բացայայտօրէն. թէ՛ մարզիկները, թէ՛ թուրք քաղաքական եւ հասարակական գործիչները միշտ էլ «Գորշ գայլեր»-ի հանրածանօթ նշանն են ցոյց տալիս ամէն անգամ, երբ հայերի կամ ոչ հայերի հետ խնդիր են ունենում որեւէ տեղ:
Ֆրանսիական իշխանութիւններն արգելեցին «Գորշ գայլերի» գործունէութիւնը, ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը յաջողեց, եւ դատը շահեցինք, բայց տեսնում ենք, որ հիմա դարձեալ նոյն «Գորշ գայլերն» են, նրանց նշանն են ցոյց տալիս, այսինքն՝ նրանց գործողութիւնները շարունակւում են: Անմիջապէս Վալանսի «Հոմենընթմէն»-ը եւ հայ համայնքը դատ է բացել օրեր առաջ տեղի ունեցած միջադէպի առիթով, փաստաբանների միջոցով հետեւելու ենք այս պրոցեսին: Սա, այսպէս ասած, մարզական բաժինն է, բայց որի խորքը քաղաքական է, ինչպէս նշեցի, ունի իր պատմութիւնն ու անցեալը:
Եւ ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը եւ ՀՅԴ Վալանսի տեղի մարմինը, կոմիտէն եւ ամբողջ համայնքը պիտի աշխատեն, որ այս հարցը մնայ քաղաքական օրակարգում, այն հասցնեն բարձրագոյն մակարդակի եւ փորձենք մէկընդմիշտ վերջ դնել Ֆրանսիայի տարածքում հայերի նկատմամբ թուրքական ասպատակութեանը:
Վերջին միջադէպին, իհարկէ, ֆրանսիական մամուլը բաւական արձագանգեց, ֆրանսիական քաղաքական եւ հասարակական շրջանակներից զորակցութիւն կայ հայ համայնքին, դատապարտում կայ թուրքական այս ակտերի, բայց մեզ համար խօսքերը բաւարար չեն, մենք գործնական քայլեր ենք ցանկանում տեսնել թուրքական «Գորշ գայլեր»-ի դէմ եւ Ֆրանսիայի տարածքում ծայրայեղական համայնքային պատասխանատուների նկատմամբ:
Այս հարցը շարունակելու ենք դատական ճանապարհներով, իսկ գետնի վրայ մեր տղաներն արթուն են, աչալուրջ, մենք վստահում ենք Ֆրանսիայի իշխանութիւններին եւ ոստիկանութեանը, բայցեւ մենք մեզ ենք վստահում: Պէտք է ասեմ, որ Ֆրանսիայի տարածքում ունենք ինքնապաշտպանւելու բոլոր կարողութիւնները թուրքական այս խժդժութիւններից:
– Ֆրանսիայի նոր կառավարութիւն ձեւաւորւեց, եւ միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի իմփիչմենթի հետ կապւած հարցեր եղան: Ֆրանսիայի ներքին եւ արտաքին քաղաքականութեան մէջ ի՞նչ փոփոխութիւններ կարող են լինել:
– Ձեւաւորւեց, ըստ էութեան, աջակողմեան կառավարութիւն, թէեւ ձախակողմեան միաւորւած ուժերը յաղթել էին խորհրդարանական ընտրութիւններում: Քանի որ բացարձակ մեծամասնութիւն չունէին, նախագահ Մակրոնը կարողացաւ իր «քաղաքական խաղերը խաղալ» եւ փորձեց ու յաջողեց՝ միաւորւած ձախերին չտալ կառավարութեան կազմութիւնը, ինչը, անշուշտ, զայրացրեց այդ շրջանակին, աւելին, մեդիայի եւ քաղաքական շրջանակների համար տեղի ունեցածը ժողովրդավարութեան խախտում էր Մակրոնի կողմից:
Այո, այսօր կայ Մակրոնի իմփիչմենթի պահանջ ձախակողմեան միաւորման կողմից, բայց, կարծում եմ, որ այն չի յաջողւի՝ ո՛չ խորհրդարանում, ո՛չ փողոցում, որովհետեւ նախագահի իմփիչմենթը շատ դժւար գործընթաց է Ֆրանսիայում, սահմանադրական դժւար գործընթաց է: Եւ մանաւանդ, որ կազմւեց նոր կառավարութիւն, դա իրատեսական չէ, եթէ անգամ շարունակի ձախակողմեան միաւորումը պահանջել այդ իմփիչմենթը: Կարծում եմ, դա տեղի չի ունենայ, այսպէս կը շարունակւի, այլ հարց է, որ կառավարութիւնը դժւարութիւն կունենայ խորհրդարանում, եւ առաջիկայ օրերը ցոյց կտան՝ ինչպէս կարող է նա առաջ շարժւել այս ծանր պայմաններում: Իրավիճակը բաւականին ծանր է, պէտք է սպասել կառավարութեան քայլերին, որովհետեւ խօսակցութիւններ կան, որ դժգոհութիւնները կարող են փողոց տեղափոխւել, ցոյցեր, ցուցարարներ:
Առաջիկայ օրերը ցոյց կը տան: Մի բան յստակ է՝ Ֆրանսիայի ներքին միասնական վիճակը փոխւել է, միասնականութիւնը խախտւած է, կան տարբեր խմբաւորումներ եւ շերտաւորումներ:
Ուստի այս նոր կառավարութեան հիմնական խնդիրը պիտի լինի երկիրը կայուն վիճակում պահելը:
Ներքին գործերի նախարարը բաւականին պահպանողական է, հիմա տեսնենք, թէ քաղաքական իր այդ կարծր կեցւածքը, ինչը տեսանելի է ելոյթներից, գործնականում կամ գետնի վրայ կը կարողանա՞յ կիրառել, քանի որ դատական իշխանութեան հետ համակարգման եւ արդարադատութեան նախարարութեան հետ համագործակցութեան խնդիր, յատկապէս, երբ Ներքին գործերի նախարարն աջակողմեան է, արդարադատութեան նախարարը՝ ձախակողմեան, եւ նրանց թէզերի միջեւ չկայ հաշտութիւն, այսպէս ասած, ինչը կարող է պատճառ դառնայ, որ Ներքին գործերի նախարարը միակողմանի, իր ուզած ձեւով այդ կարծր քաղաքականութիւնը չկարողանայ գործադրել: Այս բոլորը ենթադրութիւններ են, տեսութիւններ՝ քաղւած նաեւ ֆրանսիական մեդիայից: Բայց, կրկնում եմ, առաջիկայ օրերը պարզութիւն կը մտցնեն այս իրավիճակում, մի բան յստակ է՝ ներքին լուրջ մարտահրաւէրներ կան:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականութեանը, ապա այն կը մնայ նոյնը, եթէ նոյնիսկ այս ներքին վիճակը կարողանայ Մակրոնին «թուլացնել, տկարացնել» իր դաշնակիցների մօտ, արտաքին աշխարհում: Ներքին այս անկայուն, ոչ միասնական Ֆրանսիայի պատկերը կարող է որոշակի բիծ առաջացնել Մակրոնի արտաքին քաղաքականութեան մէջ, նրա արտաքին յարաբերութիւններում իր դաշնակիցների հետ, բայց արտաքին քաղաքականութիւնը չի փոխւի: Իհարկէ, արտաքին քաղաքականութեան մէջ կայ Միջին Արեւելքի հարցը, որում Ֆրանսիան բաւական ներգրաււած է Լիբանանի եւ Իսրայէլի միջեւ առկայ խնդիրներով, Ուկրաինայի խնդրի մէջ է բաւական ներքաշւած, Աֆրիկայի մէջ, Նոր Կալեդոնիայի խնդիրները: Այսինքն, նաեւ արտաքին քաղաքականութեան մէջ Ֆրանսիան բաւական բարդ եւ դժւար օրեր է ապրում, եւ այս ամէնը ղեկավարելը, սրանից դուրս գալը նախագահ Մակրոնի համար շատ դժւար է լինելու:
– Ի՞նչ սպասել հայ–ֆրանսիական յարաբերութիւններում, այդ թւում՝ պաշտպանական համագործակցութեան համատեքստում:
– Պէտք է ասեմ, որ կառավարութեան փոփոխութեամբ, կամ ներքին այս վայրիվերումների ֆոնին Ֆրանսիայի արտաքին քաղաքականութիւնը չի փոխւի նաեւ այս առումով, եւ հայ-ֆրանսիական յարաբերութիւնները կը շարունակւեն լաւ ընթացքով: Մի առիթով ասել եմ, որ բոլոր իշխանութիւնների ժամանակ 30 տարի Ֆրանսիան լաւ յարաբերութիւններ է ունեցել Հայաստանի հետ, որն այսօր շարունակւում է, աւելին, հայ-ֆրանսիական յարաբերութիւններն ունեն դարաւոր պատմական նշանակութիւն: Այս ծիրի մէջ ռազմական համագործակցութիւնը եւս կը շարունակւի, կարծում եմ, աւելի կը սերտանան պաշտպանական յարաբերութիւնները, իհարկէ, այստեղ Ֆրանսիա-Ռուսաստան, տարածաշրջանային հարցերը, Ֆրանսիա-Ադրբեջան վատ յարաբերութիւնները հաշւի առնելով, երբ Նոր Կալեդոնիայի իրադարձութիւնների համատեքստում եւ այլուր Ադրբեջանը փորձում է սեպ խրել ֆրանսիական անիւի մէջ: Բայց միշտ պէտք է նկատի ունենալ, որ ռազմական այդ յարաբերութիւնները միջազգային հասկացողութեամբ հսկայական տարողութիւն չունեն, թէպէտ Հայաստանի թուլացւած վիճակում դրանք նշանակութիւն ունեն, ընդ որում, գիտակցւած թուլացւած վիճակում, գիտէք՝ ինչ նկատի ունեմ: Եւ այդ ռազմական օժանդակութիւնը կօգնի Հայաստանի մէջքը փոքր-ինչ շտկելու, բայց բաւական ճանապարհ կայ այս առումով անցնելու:
– Հայաստան–Թուրքիա մերձեցումը կամ դրա փորձերն ամէն դէպքում Ֆրանսիայի պլաններում ինչ–որ բան կարո՞ղ են փոխել:
– Չեմ կարծում: Իսկ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները մեզ համար շատ անհասկանալի, միակողմանի զիջման, պարտւողական քաղաքականութիւնից բխող յարաբերութիւններ են, եւ այդ ապուշ սիրաբանութիւնը վերջում վտանգ է բերելու Հայաստանին եւ հայ ժողովրդին: Այն ոչ մի շահ չի տալու, դա ՔՊ-ի եւ փաշինեանական տխմար քաղաքականութեան հասկացողութիւնն է, թէ խաղաղութեան պայմանագիրը… Բայց հայ-թուրքական, այսպէս ասած, բարեկամական յարաբերութիւնների այս մագլցումը, չեմ կարծում, որ ազդի Ֆրանսիայի վրայ, քանի որ Արեւմուտքը նման բաները ողջունում է, որ պէտք է երկխօսեն, սա արեւմտեան քաղաքականութիւն է: Այլ հարց է, որ իրենց վրայից պատասխանատւութիւնը մի կողմ են դնելու՝ ասելով, որ երկու երկրներն արդէն խօսում են, յարաբերութիւնների մէջ են, թող դրանք շարունակւեն: Սա արեւմտեան թէզ է, որ իրենց պատասխանատւութիւնից փախնեն:
– Իսկ ինչո՞ւ Մակրոնը չեկաւ Հայաստան, տեղեկութիւններ կային, որ սեպտեմբերի 21-ին պիտի գար, գուցէ տեղեկութիւնը ճիշտ չէր…
– Այո, մամուլում կային նման տեղեկութիւններ, բայց յատկապէս հայաստանեան շրջանակների եւ հայկական մամուլի կողմից էր դա արւում, ֆրանսիական շրջանակներում այդ մասին չէր խօսւում, նախագահի պաշտօնական կայքում, որտեղ նախապէս տեղեկացւում է այցելութիւնների մասին, չկար այդ մասին յայտարարութիւն: Ըստ այդմ՝ կարծում եմ, որ պաշտօնական եւ լուրջ հրաւէրի խնդիր չի եղել: Եւ Մակրոնի՝ Հայաստան այցի հարցն առաւելաբար հայաստանեան մեդիա դաշտի եւ ՔՊ-ական շրջանակների պրոպագանդան էր, որն ի դերեւ եղաւ, որովհետեւ հիմք չունէր: Եթէ նման բան լինէր, վստահ եղէք, նախապէս նաեւ հայ համայնքը տեղեկացւած կը լինէր եւ պատւիրակութեանն ընկերակցելու հրաւէր ստացած կը լինէր, ինչը չկար: Նման բաները վերջին պահին չեն որոշւում, հետեւաբար՝ այցելութեան մասին այդ «լոլոն» աբսուրդ էր, որը կարդացին ՔՊ-ական շրջանակները՝ իրենց մեդիաներով եւ մունետիկներով: