Դաշնակցական Բեմ

ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹԵԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

Իրանում այս օրերին նշանաւորում են 1981 թ. սադդամեան պարտադրեալ 8-ամեայ պատերազմում մեծ յաղթանակի տարեդարձը։ «Սրբազան պաշտպանութեան» բնութագիր կրող 8-ամեայ պատերազմը ամենամեայ կարգով ու մէկշաբաթեայ տեւողութեամբ մեծարւում, յիշատակւում ու դրանից նորանոր դասեր սերտելու ուշագրաւ ու մնայուն  աւանդոյթ է ձեւաւորւում։ Արժէքային այս վիթխարի համակարգի դրսեւորման խորհուրդը, սակայն, գերազանցապէս իմաստաւորւած է նոյն պատերազմում մեծագոյն յաղթանակների գրաւական՝ տասնեակ հազարաւոր նահատակներին արժանին մատուցելու ՊԵՏԱԿԱՆ վերաբերմունքով։ Ու դեռ չասենք ողջ երկրի տարածքում այն հազարաւոր կրթական հաստատութիւնների, կառավարական-պետական կառոյց-կենտրոնների եւ համալիրների, խոշոր տոկոսի մեծ ու փոքր փողոց- պողոտայ եւ մայրուղիների մասին, որոնք կրում են առհասարակ երկրի ու պետականութեան սիրոյն յայտնի, թէ՛ շարքային՝ գեներալից մինչ պարզ զինւոր նահատակների ու դրանց շարքում էլ՝ ի հպարտութիւն մեզ՝ իրանահայ նահատակների անուններով։

Ամենեւին գաղտնիք չէ, որ Իրան երկիրը 2500-ամեայ պետականութեան համակարգի կրողն է։ Կայսերական, թագաւորական, կրօնական (զրադաշտական, թէ՛ իսլամադաւան) համակարգերով հանդերձ էլ՝ Հին Պարսկաստանը  կամ ժամանակակից Իրանը եւ նրա հինաւուրց ժողովուրդը, համընթաց ժամանակի պետականամէտ  էլիտային, մշտապէս եւ ըստ ամենայնի նպատակադրել է առաջնահերթօրէն պետական համակարգի ամբողջականութեան եւ անվտանգութեան պահպանումը։

Ահաւասիկ, 1979 թ. Իսլ. յեղափոխութիւնից դեռ երկու տարի չանցած՝ Իրանը սադդամեան Իրաքի ոտնձգութիւնը դիմագրաւելու անհաւասար, բայց հերոսական վճռականութիւն է ցուցաբերում։ Անասելի սխրագործութիւններով ու զոհողութիւններով հանդերձ՝ ունենում է նաեւ հողային կորուստներ՝ երկրի հարաւային եւ արեւմտեան սահմաններում։   Կրօնապետական ինքնիշխան նոր համակարգի ձգտած անդրդւելի Իրանը, սակայն, ամբողջ 8-ը տարիներ, ոչ միայն սադդամական, այլ նրա թիկունքին կանգնած ժամանակի գերուժերի ռազմա-քաղաքական ու դիւանագիտական-քարոզչական սադրիչ գրոհները յաջողեց յետ մղել՝ փուլ առ փուլ ազատագրելով բռնազաւթւած հայրենի հողերը։

8-ամեայ պատերազմական տառապալից ժամանակաշրջանը փոխարինւեց մեծ յաղթանակով եւ որ կարեւոր է՝ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ  ամրագրումով։

Անկախ, ինքնիշխան ու յատկապէս յաղթանակած Իրանն, ահա, աւելի քան չորս տասնամեակ է, ինչ ենթարկւած է քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլեւայլ սանկցիաների։ Այս վերջինները, սակայն, աւելիով են ամրապնդել երկրի դիմադրողականութիւնը նոյն բնագաւառներում պակասութիւններն ու դժւարութիւններն յաղթայարելու առումով։

Յաջորդական տարիների երկայնքում էլ, Իրանի Իսլ. ռազմա-քաղաքական առաջընթացի բերումով, նրա իսկ տարածաշրջանային ներգործութիւնների հետ թշնամական վերաբերւող մեծապետական ուժային կենտրոններն ու սրանց արբանեակային խամաճիկները, ինչպէս շարունակւող տնտեսական, այնպէս էլ՝ ռազմաքաղաքական նոր սպառնալիքների  հնարքներ են մոգոնել։

Այս ամէնի նկատմամբ Համբերատար Իրանի ռազմաքաղաքական էլիտան (ի դէպ՝ նորակազմ կառավարութեամբ), միեւնոյն հայրենասիրութեամբ ու միեւնոյն ինքնիշխան մտասեւեռումներով, առաջ են մղում երկրին, ժողովրդին ու յատկապէս պետութեան պահպանմանն ու ամրապնդմանը նպաստող շահերի ճանապարհային քարտէզի կենսագործումը։ Քարտէզ, որն տեղ-տեղ եւ օրինաչափօրէն ուրւագծւում է ինչպէս մարտավարական, այնպէս էլ ռազմավարական թէեւ փոփոխական, բայց պետականապահպան մնայուն ու անփոփոխելի նպատակադրումով։

Իսկ ինչ խօսք՝ Իրանի նման հզօր, փորձառու եւ ամենակարեւորը՝ ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹԵԱՄԲ առաջնորդւող ու միակ վստահելի հարեւան երկիրը ի զօրու է ռազմավարական   դաշնակիցը լինելու Հայաստանի ու հայութեան համար։

Գիտակցելո՞ւ է սոյն իրողութիւնը Հայաստանի ներկայիս թուլամորթ եւ ցաւօք՝ թուրք-ադրբեջանական ոսոխների առջեւ ծնկած  եւ օրէօր նրանցով հմայւո՜ղ իշխանախումբը…։

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button