Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նիկոլ Փաշինեանը ցանկանում է ՀՀ նոր սահմանադրութեամբ դէ իւրէ ամրագրել Արցախի կորուստը

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ

Քաղաքագէտ

 

2025 թ. փետրւարի 19-ին ժողովրդին ուղղւած ուղերձում Արցախի Հանրապետութիւնը ցեղասպան Թուրքիայի կովկասեան կցորդ, խամաճիկային կազմաւորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինեանը յայտարարել է ՀՀ նոր Սահմանադրութեան ընդունման անհրաժեշտութեան մասին, քանի որ, ըստ նրա, «գործող Սահմանադրութեան ընդունման համար անցկացւած նախկին բոլոր հանրաքւէներն առնւազն հանրային ընկալման մէջ ունեն լեգիտիմութեան լրջագոյն պակաս:»:

Անհրաժեշտ է նշել, որ առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինեանը խօսում է նոր Սահմանադրութիւն ունենալու անհրաժեշտութեան մասին: 2024 թ. յունւարի 18-ին այցելելով ՀՀ Արդարադատութեան նախարարութիւն՝ նա, մասնաւորաբար, յայտարարել էր. «…մենք պէտք է ունենանք Սահմանադրութիւն, որը Հայաստանի Հանրապետութիւնն աւելի մրցունակ եւ աւելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ նոր պայմաններում:»:

Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինեանից առաջ՝ դեռեւս 2021 թւականին, օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամն էր յայտարարել Հայաստանին նոր Սահմանադրութիւն ունենալու անհրաժեշտութեան մասին: 2021 թ. սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu Ajansı գործակալութեանը տւած հարցազրոյցում նա, մասնաւորապէս, յայտարարել էր, թէ «Հայաստանը պէտք է փոխի իր Սահմանադրութիւնը», «Հայաստանի սահմանադրութեան տեքստում Թուրքիայի դէմ տարածքային պահանջների մասին յղումներ կան։ Նրանք պէտք է հրաժարւեն դրանից։ Առաջին հերթին նրանք պէտք է մշակեն եւ ընդունեն նոր սահմանադրութիւն»։        

Որո՞նք են ՀՀ Սահմանադրութեան այն դրոյթները, որոնք անհանգստացնում են նաւթային դիկտատոր Իլհամին:

ՀՀ Սահմանադրութեան նախաբանում, մասնաւորաբար, արձանագրւած է հետեւեալը. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախութեան մասին հռչակագրում հաստատագրւած հայոց պետականութեան հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները,…» եւ այլն:

Այսինքն ՀՀ Սահմանադրութեան նախաբանի մէջ յղում է տրւած Հայաստանի անկախութեան հռչակագրին:

Իսկ ի՞նչ է արձանագրւած Հայաստանի անկախութեան հռչակագրում: ՀՀ անկախութեան հռչակագրում, մասնաւորապէս, արձանագրւած է. «Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը`…կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնւելով 1989 թւականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ, …ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը: …Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թւականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին:»:

Ահա այս արձանագրումներն են անհանգստացնում օկուպանտ եւ ցեղասպան Իլհամին եւ նրա քաղաքական հոգահայր՝ օկուպանտ եւ ցեղասպան Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Արդեօ՞ք նոր Սահմանադրութիւն ունենալու մասին Նիկոլ Փաշինեանի 2024 թ. յունւարի 18-ի եւ 2025 թ. փետրւարի 19-ի յայտարարութիւնները նշանակում են, որ նա ցանկանում է ՀՀ մայր փաստաթղթից հանել Թուրքիայի եւ այսպէս կոչւած Ադրբեջանի համար խնդրայարոյց դրոյթները՝ այդպիսով կատարելով Իլհամի հերթական պահանջը: Մասամբ՝ այո, քանի որ 2023 թ. մայիսի 22-ին Արցախի Հանրապետութիւնը ճանաչելով օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի մաս՝ Նիկոլ Փաշինեանը համարում է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգաւորւել է: 

Սակայն հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրութեան նախաբանը փոփոխման ենթակայ չէ: ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2021 թ. ապրիլի 29-ի որոշման մէջ արձանագրել է, որ Սահմանադրութեան նախաբանը հանդիսանում է Սահմանադրութեան անփոփոխելի դրոյթ:

Այսինքն՝ տւեալ դէպքում ՀՀ Սահմանադրութեան նախաբանը, որտեղ յղում է տրւած ՀՀ անկախութեան հռչակագրին, որեւէ պարագայում ենթակայ չէ փոփոխութեան:

Ասում են պատմութիւնից պէտք է դասեր քաղել: Եթէ պատմութիւնից դասեր չէք քաղում պատմութիւնը պատժում է: Մենք լեփ-լեցուն փաստեր, ապացոյցներ ունենք չհաւատալու ցեղասպան Թուրքիայի եւ նրա կողմից ստեղծւած արհեստական կեղծ կազմաւորման՝ այսպէս կոչւած Ադրբեջանի խաղաղասիրական բնոյթի յայտարարութիւններին:

Հայերի եւ թուրքերի, հայերի եւ կովկասեան թաթարների, ովքեր 1936 թւականից յորջորջւում են ադրբեջանցիներ անունով, համատեղ գոյակցութիւնն առնւազն տեսանելի ապագայում հնարաւոր չէ:

Ի՞նչ հիմքեր կան նման պնդում անելու համար:

Այսպէս,

Եւրոպայի խորհրդի Ռասիզմի եւ անհանդուրժողականութեան դէմ եւրոպական յանձնաժողովն Ադրբեջանի վերաբերեալ իր 2002 թ. յունիսի 28-ի զեկոյցում, մասնաւորաբար, արձանագրել է, որ «…ադրբեջանական հասարակութեան մէջ այսօր լայնօրէն տարածւած է բացասական տրամադրւածութիւնը հայերի նկատմամբ: … հանրային հաստատութիւնները նպաստել են հայերի նկատմամբ թշնամական տրամադրութիւնների բորբոքմանը: Ընդհանրապէս, հայերի հասցէին ատելութեան խօսքն ու նսեմացնող հրապարակային յայտարարութիւնները տեղի են ունենում պարբերաբար:»:

Իսկ ՄԱԿ-ի Ռասսայական խտրականութեան վերացման կոմիտէի 2022 թ. սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի վերաբերեալ հրապարակած եզրափակիչ դիտարկումներում, մասնաւորապէս, արձանագրւած է հետեւեալը՝

  • «Ադրբեջանում առկայ է ռասսայական ատելութեան հրահրում եւ ռասիստական կարծրատիպերի տարածում հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ, ներառեալ համացանցում եւ սոցիալական ցանցերում, ինչպէս նաեւ հասարակական գործիչների եւ պետական պաշտօնեաների կողմից:»:
  • «…դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները եւ հրահրում ռասսայական ատելութիւն, յատկապէս էթնիկ հայերի նկատմամբ:»:

Եթէ այս անհերքելի, ըստ որում առաւելագոյն չափով անկողմնակալ, փաստերի ճնշման ներքոյ որոշ մարդիկ շարունակում են պնդել, որ հնարաւոր է եւ պէտք է հասնել Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի ստորագրմանը, ապա նման մարդկանց տւեալ վարքագծին կարելի է տալ առնւազն երկու պատճառաբանութիւն՝

  • կամ այդ մարդիկ հասկանալու, ընկալելու հետ կապւած խնդիր ունեն, որտեղ քաղաքագէտները ոչինչ չեն կարող անել, նման դէպքերն այլ մասնագէտների ուսումնասիրման տիրոյթում են,
  • կամ այդ մարդիկ շատ լաւ հասկանում են, որ հնարաւոր չէ խաղաղութիւն հաստատել ցեղասպան Թուրքիայի եւ նրա կցորդ Ադրբեջանի հետ, պարզապէս անձնապէս իրենք եւ իրենց նեղ խումբը, ըստ երեւոյթին, ունենալով որոշակի շահագրգռութիւն թուրքադրբեջանական տանդեմից, պնդում են, որ բոլոր դէպքերում պէտք է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղութեան պայմանագիր:

Այսպիսով, ամփոփելով կարող ենք պնդել հետեւեալը. իշխանութեամբ օժտւած Նիկոլ Փաշինեանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետութիւնում ապրող հայութեան համար: Հայաստանի Հանրապետութիւնում եւ Սփիւռքում բնակւող հայ ժողովուրդն այս պահին ունի մէկ կենսական կարեւորութեան ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանութիւնից հեռացնել Նիկոլ Փաշինեանին:

Նիկոլ Փաշինեանի հետագայ պաշտօնավարման պարագայում շարունակւելու են առաւելապէս սպասարկւել ցեղասպան Թուրքիայի եւ նրա կողմից արհեստականօրէն ստեղծւած կեղծ, խամաճիկային կազմաւորման՝ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի շահերն ի հաշիւ օկուպացւած Արցախի Հանրապետութեան եւ մասամբ օկուպացւած Հայաստանի Հանրապետութեան ազգային, պետական շահերի:

Related Articles

Back to top button