Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանին զինամթերք յանձնողները խօսում են նախորդ շրջափուլերում գնւած սպառազինութեան որակից»
Ադրբեջանին միլիարդաւոր դոլարների հասնող զէնք, զինամթերք, տեխնիկա յանձնողները խօսում են նախորդ շրջափուլերում գնւած սպառազինութեան տարեթւերից ու որակից: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը:
«Իշխանութիւնը հետեւողականօրէն աշխատում է իր տխմարագոյն յայտարարութիւններով դաշտը լցնել:
Յատկապէս բանակի ու սպառազինութեան բլոկով դաշտ են նետւում թեմաներ, որոնք քաղաքական եւ բարոյական իրաւունքն էլ չունեն եւ յաճախ դրանք հնչեցնում են անձինք, ովքեր զինւորական համազգեստ միայն հեռուստացոյցով են տեսել:
Ադրբեջանին միլիարդաւոր դոլարների հասնող զէնք, զինամթերք, տեխնիկա յանձնողները խօսում են նախորդ շրջափուլերում գնւած սպառազինութեան տարեթւերից ու որակից:
Ենթադրաբար մեծ լարւածութեամբ այս թեմաներին հետեւում են պաշտպանութեան նախարարն ու Գլխաւոր շտաբի պետը, ովքեր հերթական անգամ լսելով գործող իշխանական դէմքերի՝ 2018-ից առաջ գործածւած «80-ականների զէնքերի» թեման, վստահաբար յիշում են, որ այսօր բանակում 50-60-ականների զինատեսակներ են կիրառւում:
Անշուշտ կան 70-80-ականների զինատեսակներ, յատկապէս հրետանային միջոցների մասին է խօսքը, որն այսօրւայ ԳՇ-ն, հնարաւորութեան դէպքում միանշանակ ցանկութիւն կը յայտներ գնելու, աւելին՝ դրանք խիստ անհրաժեշտութիւն են նաեւ այսօրւայ բանակի համար:
Սերժ Սարգսեանի՝ 80-ականների զէնքերով կռիւ անելու եւ յաղթելու յայտարարութեանը շատերն են այս 7 տարիների ընթացքում արձագանգել/մեկնաբանել, բայց շատ քչերն են խորութեամբ հասկացել, թէ ինչի դա ասւեց ու ինչ իրական ուղերձներ էր այն պարունակում»,- գրել է նա։