Հանրապետութեան նախագահը Իրանի եւ Սիրիայի յարաբերութիւնները որակել է խորքային եւ ռազմավարական
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, Սիրիայի վարչապետ Հոսէյն Արնուսի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է. «Չենք կասկածում, որ ինչպէս Սիրիայի, Իրաքի, Եմէնի եւ Լիբանանի ժողովուրդները յաղթեցին ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին, Պաղեստինի ժողովուրդը եւս յաղթանակ է արձանագրելու»:
«Թասնիմ» լրատւական գործակալութեան համաձայն՝ Հանրապետութեան նախագահը Իրանի եւ Սիրիայի յարաբերութիւնները որակել է խորքային եւ ռազմավարական: Նա գոհունակութիւն է յայտնել իրանական օրդիբեհեշթ ամսին Դամասկոս կատարած այցի ընթացքում այս երկրի նախագահ Բաշշար Ասադի հետ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների զգալի մասի իրականացման կապակցութեամբ։ Նախագահը նաեւ ընդգծել է, երկու երկրների միջեւ համաձայնութիւնների ու փոխըմբռնումների լիարժէք եւ անյապաղ իրականացման անհրաժեշտութիւնը:
Իր ելոյթի այլ բաժնում, այաթ. Ռէյիսին Սիրիայի նկատմամբ սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի թշնամանքի պատճառը, համարել է՝ այդ երկրի կառավարութեան ու ժողովրդի դիմադրութիւնն ու դիմակայութիւնը եւ նրանց ծրագրերի տապալումը, մասնաւորապէս ահաբեկչական-թաքֆիրական շարժման ոչնչացումը:
Հանրապետութեան նախագահը համաշխարհային հասարակական կարծիքում սիոնիստական ռեժիմի եւ նրա դաշնակիցների նկատմամբ աննախադէպ զայրոյթն ու ատելութիւնը անւանել է անցեալ 43 տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշման իրաւացիութեան ապացոյցը, այն հիմամբ, որ կեղծ ու յանցաւոր է այդ ռեժիմը եւ յայտարարել է, որ «Ալ-Աքսա փոթորիկ» գործողութիւնը ընդլայնել է Դիմադրութեան շարժման սահմանները, տարածաշրջանից դէպի ամբողջ աշխարհ: