Հայաստան - ԱրցախՔաղաքական

Աղասի Ենոքեան. «Նիկոլի երաշխաւորներն Անկարան ու Բաքուն են, իսկ Մոսկւայի դերն անհասկանալի է»

«ԱԼԻՔ» – «Փաշինեանի ասուլիսի ամենակարեւոր նորութիւնն այն էր, որ նա միջանցքն արդէն յանձնել է։ Փաշինեանի հիմնական խնդիրը ոչ թէ Հայաստանը լուծարելն է, այլ իր՝ իշխանութեան մնալը, եւ եթէ դրա գինը Հայաստանի լուծարումն է, ինքը դրան դէմ չէ։ Նրա գերխնդիրը պաշտօնում մնալն է։ Ժամանակ առ ժամանակ նրա երաշխաւորները փոխւում են։ Սկզբնական շրջանում դա Մոսկւան էր, հիմա կարծես թէ աւելի շատ Անկարան եւ Բաքուն են։ Մոսկւայի դերը փոքր-ինչ անհասկանալի է դառնում՝ ի վերջոյ, նա գնո՞ւմ է տարածաշրջանից, թէ՞ ինչ-որ փորձարկումներ է անում։ Եւ այսպիսի իրավիճակում, չգիտես, թէ որտեղից, ինչ-որ ամերիկեան ընկերութիւն է յայտնւում»։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել քաղաքագէտ Աղասի Ենոքեանը։

«Պարզ է, թէ ինչու յայտնւեց ամերիկեան կողմը։ Այսօր Թրամփն ուզում է գնալ Նոբելեան մրցանակի եւ ցուցակ է հաւաքում, թէ որտեղ է խաղաղութիւն հաստատել։ Յայտարարեց, որ Պակիստանն ինքը խաղաղեցրեց, Իրանի վրայ ռումբ նետեց, նոյնն ասաց, յետոյ՝ Գազան։ Ուկրաինայում դեռեւս չի ստացւում։ Մեզ մօտ էլ մի հակամարտութիւն կար, եւ նա եկաւ ու ասաց՝ այստեղ էլ խաղաղութիւն կը հաստատեմ։ Թուրքիան հիմա էլ դէմ չէ միջանցք բացելուն, բայց որոշ գործօններ նրան յետ են պահում այստեղ զինուժ գործադրելուց եւ հարցը ռազմականօրէն լուծելուց։ Ամենակարեւորն այն է, որ այդ տարածքի յանձնումը մարսելու համար անհրաժեշտ է Նիկոլի ստորագրութիւնը»,- ասել է նա:

«Այո՛, Թուրքիան կարող է մտնել զօրքով, բայց դա մեծ խնդիր կը լինի։ Որքան էլ միջազգային իրաւունքը հիմա թուլացել է, միջազգային հանրութեան ձայնը տարբեր հարցերում աւելի ու աւելի ցածր է, այնուամենայնիւ, սա երկրի ինքնիշխան տարածք է, եւ այն յանձնելու համար պէտք է երկրի ղեկավարի ստորագրութիւնը։ Ներքին լսարանում Նիկոլը խնդիր չունի, քանի որ այդ խնդիրները լուծելու ճանապարհին պէտք է ուժեղ ընդդիմութիւն ունենայ, որը թոյլ չի տայ դա անել։ Իսկ իր ընդդիմութիւնը շատ թոյլ է։ Որքան էլ ընդդիմութիւնը նրան քննադատի, այնուամենայնիւ, Նիկոլին ամէն ինչ թոյլ է տալիս անել։ Այս դէպքում խօսքն աւելի շատ արտաքին լսարանի մասին է։ Նիկոլը պէտք է կարողանայ հաւասարակշռւած որոշում գտնել, որ արտաքին բոլոր խաղացողներին գոնէ այդ պահին կը բաւարարի»,- նշել է Աղասի Ենոքեանը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Արցախը յանձնելը պէտք էր այդ երկրին, որովհետեւ իր համար կարեւորագոյնն Ուկրաինայի խնդիրն էր, եւ դրա համար նրան օդ ու ջրի պէս անհրաժեշտ էր Թուրքիայի լոյալութիւնը։ Թուրքիան ՌԴ-ի համար բազմաթիւ խնդիրներ է լուծում։ Ռուսաստանը ստացաւ օպերատիւ լոյալութիւն, ամբողջովին հանգիստ Սեւ ծով, բաց նեղուցներ, անգամ Մոնտրիոյի հռչակագրի խախտումով՝ նաւերի ելումուտ։ ՌԴ-ն Թուրքիայի միջոցով ստացաւ նաեւ իր նաւթի ու գազի արտահանման հնարաւորութիւն։ Թուրքիան դարձաւ այն գորշ գօտին, որտեղ ՌԴ-ն կարողանում է պատժամիջոցներից խուսափել։ Այս ամէնի, մանր ու մեծ այս ծառայութիւնների համար ՌԴ-ն Թուրքիային վճարեց Արցախով:

Միայն Արցախը չէր, բազմաթիւ այլ խնդիրներ կային։ Արցախից բացի՝ ՌԴ-ն յաջորդ փուլում Սիրիայով վճարեց։ Ռուսաստանի դէպքում մենք եկել ենք մի շրջափուլի, երբ հեռահար նպատակները գնալով նւազող նշանակութիւն ունեն, աւելի կարեւոր է այսօրւայ խնդիրը լուծելը։ ՌԴ-ի համար հիմնական խնդիրն Ուկրաինան է, եւ նա դրա համար ոչնչի առաջ կանգ չի առնի։ ՌԴ-ն նոյնպէս թուլացել է Կովկասում։ Ռուս-ադրբեջանական յարաբերութիւնները հասել են մի հանգրւանի, որ կարծես թէ ՌԴ-ն իր ազդեցութիւնը կորցնում է»,- ամփոփել է Աղասի Ենոքեանը:

Related Articles

Back to top button