Արցախի ժողովրդի իրաւունքները սակարկութեան առարկայ չեն

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում, արձագանգելով Նիկոլ Փաշինեանի՝ օգոստոսի 8-ին հնչեցրած այն յայտարարութեանը, որ «խաղաղութիւնն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտութիւն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրաւունքի մասին խօսոյթը չշարունակելը», նշեց.
«Մի քանի օր առաջ լսեցինք Դաւիթ Իշխանեանի ձայնը Բաքւի բանտից։ Նա մեզ արժանապատւութեան զգացում փոխանցեց, իսկ երէկ (օգոստոսի 9-ին, ԽՄԲ.) ականատեսը եղանք այս իշխանութիւնների պարագլխի քծնանքին ու շողոքորթութեանը Ալիեւին։ Դաւիթ Իշխանեանը եւ հայ գերիները, որոնք այսօր գտնւում են Արցախի ժողովրդի դէմ իրականացւած ցեղասպանութեան հեղինակների եւ կատարողների դատարանների առաջ, իրենց շատ աւելի արժանապատիւ են պահում եւ, փաստօրէն, աւելի են պաշտպանում հայ ժողովրդի իրաւունքներն ու պատիւը, քան Հայաստանի այսօրւայ իշխանութիւնները։
Արժանապատւութիւնը արդարութեան համար պայքարին նւիրւելու պատրաստակամութիւնն է, իրաւունքը չզիջելն է։ Մարդկութեան պատմութեան զարգացման եւ ազգերի պատմութեան մէջ նրանք են արժանի տեղ ունեցել, հերոսացել, ներշնչման աղբիւր դարձել, ովքեր պայքարել են յանուն արդարութեան, յանուն իրաւունքի։ Արժանապատիւ մարդու համար հոգ չէ՝ այսօր զնդանում է, թէ ազատութեան մէջ։ Կարեւորը յանուն վեհ գաղափարի սկզբունքային եւ քաջարի կեցւածքի առկայութիւնն է։
Իսկ միայն այսօրեական որկրամոլութեան եւ իշխանական աթոռների համար ստորաքարշները վաղ թէ ուշ պատմութեան աղբարկղում են յայտնւելու։ Պատմութեան անիւը նրանց դուրս է շպրտելու, եւ նրանք ունենալու են ֆրանգիւլների ու վասակների ճակատագիրը։ Դա անխուսափելի է։
Վստահ եմ՝ հայ ժողովուրդը արհամարհելու եւ նւաստութեան աթոռին է գամելու նաեւ մերօրեայ ֆրանգիւլներին։
Արցախի ժողովրդի իրաւունքները սակարկութեան առարկայ չեն։ Իրաւունքը փոխզիջման առարկայ չէ։ Իրաւունքի հիմքն արդարութիւնն է, իսկ արդարութիւնը համամարդկային արժէք է»։



