Անդրէյ Արեշեւ. «Այն ամէնն, ինչ տեղի է ունենում, չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին»
«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ, Ռազմավարական մշակոյթի հիմնադրամի փորձագէտ Անդրէյ Արեշեւը Alpha News-ի ուղիղ եթերում մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուկի յայտարարութիւնը դէպի Արեւմուտք Հայաստանի իշխանութիւնների կուրսի եւ դաշնակցային յարաբերութիւններից հրաժարւելու մասին, ինչը կարող է ունենալ կոնկրետ տնտեսական հետեւանքներ։
«Կը ցանկանայի նշել, որ պարոն Օվերչուկի յայտարարութիւնը չափազանց կոնկրետ էր։ Միաժամանակ հնչեցին կոնկրետ օրինակներ, ինչպէս նաեւ կոնկրետ թւեր այն օգնութեան վերաբերեալ, որը ցուցաբերում է Ռուսաստանի Դաշնութիւնը Հայաստանին պատուհասած դժբախտութեան՝ երկրի հիւսիսում տեղի ունեցած բնական աղէտի կապակցութեամբ։ Հնչեցին բաւականին քողարկւած, բայց, այնուամենայնիւ, միանգամայն որոշակի նախազգուշացումներ, որոնց էութիւնն այն է, որ երկու աթոռի վրայ նստել՝ եւրոպական եւ Եւրասիական, մինչեւ վերջ չի ստացւի։
Խօսքը տնտեսական ինտեգրման կամ դրա խթանման գործընթացների վերաբերեալ ռուսական կողմի որոշակի մտահոգութեան մասին է, որը Հայաստանի ղեկավարութիւնը չի թաքցնում։ Ինձ թւում է՝ խօսքը գնում է 2016 թւականին Սերժ Սարգսեանի օրօք Երեւանի եւ Բրիւսէլի միջեւ կնքւած համաձայնագրի արդիականացման, նոր ապրանքատեսակների եւ Հայաստանի գործունէութեան արտաքին տնտեսական որոշ ասպեկտների վրայ դրա ընդլայնման մասին։
Մոսկւան կարծում է, որ դա մեզ կը մօտեցնի որոշակի կոնֆլիկտի այն պարտաւորութիւնների հետ, որոնք Հայաստանը ստանձնում է որպէս Եւրասիական տնտեսական միութեան անդամ։
Բնականաբար, այս ամբողջ տեղեկատւութիւնը բաւականին փոքր է, սակայն տարբեր փորձագիտական հաշւարկներում այս փաստաթղթի ստորագրման տարբեր ժամկէտներ են շրջանառւում։ Հիմա մենք խօսում ենք աշնան մասին, նկատի ունեմ Երեւանի եւ Բրիւսէլի տնտեսական փոխգործակցութեան որոշակի ակտիւացումը։
Բացի այդ, սա դրւում է հայ քաղաքական գործիչների, այդ թւում՝ անվտանգութեան ոլորտում յայտարարութիւնների տեղեկատւական ֆոնի վրայ, որոնք այս կամ այն կերպ նեարդայնացնում են ռուսական կողմին։ Եւ դա չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին՝ որպէս եւրասիական տարածքում ինտեգրացիոն միաւորումների նախաձեռնող եւ գլխաւոր շահառու, որոնք տարբեր տեսակի մարտահրաւէրների են ենթարկւում»,- նշել է Արեշեւը։