Հայաստան - ԱրցախՀարցազրոյց

Կարէն Իգիթեանը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Յաջողութիւն չի լինի մինչեւ Հայաստանը շարունակում է խօսել ադրբեջանական քարոզչութեան նարատիւներով»

Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնների քայլերը տանում են քաղաքական կուրսի փոփոխութեան: Արեւմտեան վեկտորից ի՞նչ սպասում ունի Հայաստանի կառավարութիւնը՝ հարցին քաղաքագէտ Կարէն Իգիթեանը պատասխանեց: «Նկատի առնելով Հայաստանի գործող կառավարութեան պրոարեւմտեան քաղաքականութիւնը, ապա պէտք է հաշւի առնել, որ այս մարդիկ այն ժամանակ երբ ընդդիմադիր էին աշխատում արեւմտեան կառոյցներում եւ ունէին պրոարեւմտեան դիրքորոշումներ: Իշխանութեան գալուց յետոյ, թէեւ փորձեցին ինչ-որ չափով մեղմացնել դիրքորոշումները՝ ասելով, որ իրենք Ռուսաստանի հետ համագործակցելու են, սակայն հիմա տեսնում ենք տրամագծօրէն հակառակ արդիւնքներ»:

«ՀՀ գործող իշխանութիւնները ռազմավարական շրջադարձ են կատարում Արեւմուտքի ուղղութեամբ, մինչդեռ, իրականում Հայաստանը աշխարհագրօրէն կապ չունի Արեւմուտքի հետ եւ Արեւմուտքը մեր տարածաշրջանում ներկայացնում է Թուրքիան: Իրենք Արեւմուտքի հրահանգով փորձելու են Հայաստանի յարաբերութիւնները նորմալիզացնել, բայց խնդիրն այն է, որ Հայաստանը հանդէս է գալիս թոյլ դիրքերից, այսինքն այդ կարգաւորումը Թուրքիայի հետ լինելու է Թուրքիայի պահանջների բաւարարում, որը պրոարեւմտեան վեկտորի դրսեւորում է»,- նշեց նա:

Ինչ վերաբերւում է «խաղաղութեան պայմանագրի» շուրջ ընթացող բանակցութիւններին, ապա Կարէն Իգիթեանը շեշտեց, որ պէտք է հասկանանք Ադրբեջանը չի ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը լինելու է խաղաղութեան մասին: Ադրբեջանը պատրաստ է միայն ստորագրել այն փաստաթուղթը, որով ֆիքսելու է այն նւաճումները, որ ինքն է արձանագրել, այդպիսով նաեւ հնարաւորութիւն ստանալով շարունակել ագրեսիան Հայաստանի դէմ:

«Բայց խնդիրն այն է, որ թէկուզ կէտերը եթէ լինեն ֆիքսւած, հայանպաստ արդիւնքներ չի ունենայ, որովհետեւ Ադրբեջանն իւրաքանչիւր կէտ կարող է իր օգտին օգտագործել: Նոյնը տեսանք Լաչինի միջանցքի շրջափակման դէպքում, երբ Հայաստանը դիմեց Միջազգային դատարան եւ արդիւնքներ չստացաւ»,- նշեց նա:

Անդրադառնալով նոյն խաղաղութեան պայմանագրի շուրջ բանակցութիւնների տարբեր ձեւաչափերին եւ հարցմանը թէ՝ ո՞ր հարթակն է աւելի բարենպաստ հայկական կողմի շահերի ապահովման առումով, քաղաքագէտը նկատեց, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար մեծ տարբերութիւն չկայ, իրենք փորձում են տարբեր ֆորմաթներով ամրապնդել իրենց դիրքերը:

Խնդիրն ըստ Իգիթեանի՝ այն է, որ Հայաստանը, որ ֆորմատով էլ բանակցի այսօրւայ իրականութիւնում, այս կառավարութեան օրօք, երբ խօսում են ադրբեջանական քարոզչութեան նարատիւներով մենք չենք կարող յաջողութեան հասնել:

«Աշխարհակարգը փոփոխւում է եւ հէնց այս իրավիճակում պէտք է լինէինք աւելի ուժեղ, որովհետեւ այն ինչ փոփոխւում է ֆիքսւելու է յետոյ, այն ժամանակ էլ տարածաշրջանում նոր անվտանգութեան ճարտարապետութիւն կը ձեւաւորւի: Այս պահին կարեւոր է, որ Հայաստանում լինի ազգային իշխանութիւն, որ ամէն գնով պահպանելու է ազգային եւ պետական շահերը եւ կը ֆիքսի այն իրավիճակը, որ մեզ թոյլ կը տայ ապագայում աւելի բարենպաստ պայմաններ ունենալ»,- եզրափակեց նա:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

Related Articles

Back to top button