Արցախի Հանրապետութեան ԱԺ եւ կառավարութեան ներկայացուցիչները հանդիպել են Վարդան Օսկանեանի հետ
«ԱԼԻՔ» – Արցախի Հանրապետութեան օրէնսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներն օգոստոսի 21-ին հանդիպել են Արցախի հարցով միջազգային յանձնախմբի անդամների հետ։ Յայտնում է «Ապառաժ»-ը:
Յանձնախմբի անդամները հանդէս են եկել զեկոյցով, ներկայացրել կատարած աշխատանքները։ Նրանք յատկանշական են համարել, որ միջազգային կառոյցների պատասխանատուների հետ բոլոր հանդիպումները ընդառաջւել են եւ նրանք պատրաստակամութիւն են յայտնել լսելու Արցախի տեսակէտները։
Ըստ յանձնախմբի համակարգող Վարդան Օսկանեանի զեկոյցի՝ յանձնախումբը արտերկրում տասնեակ հանդիպումներ է ունեցել հայազգի քաղաքական գործիչների եւ միջազգային տարբեր կառոյցների ներկայացուցիչների հետ, այդ թւում՝ Հարաւային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցչի հետ։ Հանդիպումների հիմքում Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնն ու միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի եւ իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիւ ապրելու իրաւունքի պաշտպանութիւնն ու հետապնդումն է։
Յիշեցնենք, որ յանձնախումբը ստեղծւել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչւած է զբաղւելու Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի եւ նրանց իրաւունքների պաշտպանութեան հարցերով։