«Թուրանական միջանցք»-ը դեռ մնում է ՆԱՏՕ-ի օրակարգում
«ԱԼԻՔ» – Ստորեւ ներկայացնում ենք միջազգային հարցերով փորձագէտ Շոէյբ Բահմանի վերլուծութեան ամփոփումը՝ կապւած վերջին շրջանում «Թուրանական միջանցք»-ի չեղարկման մասին հրապարակումների հետ: Յիշեցնենք, որ Իրանի եւ Բաքւի միջեւ ստորագրւած համաձայնագրից յետոյ Բաքւին համակրող թեւը, Իրանում նոր ապատեղեկատւական արշաւ է ձեռնարկել, որի հրապարակումների համաձայն «միջանցքի» հարցը փակւած է, կամ իրականացման դէպքում այն չի հակասում Իրանի շահերին:
Ի տարբերութիւն թուրքաբարոյ դեղին մամուլի, Շոէյբ Բահմանն իր յօդւածում անդրադարձել է «միջանցքի» վրայ ծախսւած կարողութիւններին ու ներգրաււած նոր խաղացողների հեռանկարային ծրագրերին եւ նշել. «Ի տարբերութիւն նախորդ տարիների, երբ Հարաւային Կովկասում տիրում էր մասամբ կայուն իրավիճակ, վերջին երեք տարիների կայծակնային զարգացումները մեծ փոփոխութիւնների առիթ դարձան տարածաշրջանում: Իհարկէ, Ղարաբաղի պարագայում միշտ նկատւել էին կրակի խախտման դէպքեր, սակայն դրանք այնքան էլ կարեւոր, կամ երկարաժամկէտ ազդեցութիւն ունենալ չէին կարող»։
Փորձագէտն անդրադարձել է կովկասեան տարածաշրջանի զարգացումներին, որոնք, ըստ նրա՝ իրանական կողմի հիմնական դերակատարների սխալ հաշւարկների բերումով Իրանի ունեցած առիթները վերածեցին Իրանին ուղղւած սպառնալիքների:
Փորձագէտը նշել է, որ գործնականում վերջին երեք տարում տարածաշրջանում ականատես ենք եղել աշխարհաքաղաքական փոփոխութիւնների: Ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ նրա յարակից եօթ շրջաններն անցել են Բաքւի վերահսկողութեան տակ։ Բացի այդ, տարածաշրջանում ուժերի հաւասարումների խախտման ականատեսն ենք։ Ուժերի աւանդական յարաբերակցութիւնը գոյութիւն է ունեցել գրեթէ մինչեւ 2016 թւականի «ապրիլեանը»: Այնուհետեւ 2018 թւականին Հայաստանում տեղի ունեցած զարգացումների եւ Փաշինեանի իշխանութեան գալու հետ երեւակւել է աշխարհափոփոխութեան գործընթացը:
Աւանդական խաղացողների դերակատարութեան նւազում
«Ադրբեջանի սպառազինութեան գնումներն ու ռազմական բիւջէն համեմատելի չէր Հայաստանի հետ։ Միակ բանը, որն իրավիճակին կայունութիւն էր հաղորդում, դա տարածաշրջանի զարգացումներում ներգրաււած դերակատարների, յատկապէս, Մոսկւայի դերն էր»,- շարունակութեան մէջ նշել է դոկտ. Բահմանը եւ յաւելել. «Սակայն 2018 թւականից, Հայաստանում շրջադարձային փոփոխութիւններ տեղի ունեցան, որոնք յանգեցրին Փաշինեանի եւ նոր թիմի ուժի անցնելուն: Դերակատարների հարցում եւս նոր դերաբախշում էր սպասւում: Գործնականում, աւանդական դերակատարների փոխակերպումների, ինչպիսիք՝ Ռուսաստանն ու Թուրքիան են, ականատեսը եղանք նոր դերակատարների ի յայտ գալուն, որոնցից սիոնիստական ռեժիմը ամենաաշխոյժ ներկայութիւնն է ապահովում, որի մասին յիշատակելու կամ նրա համատարած ազդեցութեան մասին խօսելը տրամաբանական չէր թւայ ոչ մէկին»:
Երկակիութիւն պատերազմի մասին եղած վերլուծութիւններում
Երբ տեղի ունեցաւ 2020 թւականի պատերազմը,- գրում է Բահմանը- պատերազմի մասին վերլուծութիւնները տանում էին դէպի երկու մոդելների ուղղութեամբ։ Ոմանց կարծիքով այս պատերազմը ադրբեջանա-հայկական հակամարտութիւն էր, որտեղ կողմերը կռւում էին յանուն Ղարաբաղի, իսկ ոմանք էլ խնդրին նայում էին մակրովերլուծութեան մակարդակից, այսինքն՝ այն գնահատում էին որպէս տարածաշրջանում աւելի մեծ փոփոխութիւնների ծրագրի նախերգանք, որն ամենայն հաւանականութեամբ, շարունակւելու էր եւ կարող էր բերել աւելի ծաւալուն փոփոխութիւնների: Իսկ շատ չանցած պարզ դարձաւ, որ հակամարտութիւնը դուրս էր մանրուք թւացող հայ-ադրբեջանական վէճերից: Տեղի ունեցած իրադարձութիւնների շարանը ապացուցեց դա»։
Իրանի ռազմավարական բացթողումները
Փորձագէտն անդրադառնալով Իրանի դերին, կամ այդ հարցում պասիւութեանը նշել է, որ զարգացումների կիզակէտում Իրանի՝ ռազմավարական առումներով լուսանցքում, յայտնւել էր յատկապէս, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների ֆոնին: «Այսինքն՝ ի վերջոյ, շուրջ 30 տարի մեր սահմանների մօտ չլուծւած կարեւոր հակամարտութիւն կար, սակայն մենք նոյնիսկ չենք ունեցել պարզ ծրագիր, կամ այս հակամարտութիւնը լուծելու նորարարական լուծումների փաթեթ»,- յաւելել է դոկտ. Բահմանը:
«Երկրի արտաքին քաղաքականութեան մի մասը ներգրաււած էր Մերձաւոր Արեւելքի զարգացումներին, իսկ միւս մասը՝ Արեւմուտքի հետ յարաբերութիւնների հաւասարումներին: Իհարկէ, աւելի կարեւոր խնդիրներ եւս կային։ Այդ թւում՝ այն խումբը, որն իր ազդեցութեամբ թոյլ չտւեց լրջօրէն ուշադրութիւն դարձնել տարածաշրջանային զարգացումներին»,- գրել է փորձագէտը եւ արձանագրել, որ վերջին երեք տարիներին այս նոյն խմբակը փաստացի փորձել է շեղել երկրի արտաքին քաղաքականութեան ուշադրութիւնը Կովկասի իրադարձութիւններից: Ուստի մեր անփութութեան ու բացթողումների արդիւնքում յայտնւեցինք խաղից դուրս վիճակում: Չնայած տարածաշրջանի համար նախապէս յստակ ծրագրերով մշակւած ռազմավարութիւն չունէինք եւ մեր քաղաքական ուղղւածութիւնը փաստացի գնաց Ադրբեջանի Հանրապետութեանը սատարելու ուղղութեամբ։
Իսկ վերջին երեք տարիներին մենք տեսանք այս քաղաքականութեան հետեւանքները: Սիոնիստական ռեժիմի ներկայութեան ու ազդեցութեան խորացումը, Թուրքիայի ներգրաււածութեան ու ազդեցութեան ուժեղացում, «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապւած քննարկումներում աշխարհաքաղաքական, անվտանգային եւ տնտեսական ռիսկերի ստեղծում, տարածաշրջանում թաքֆիրականների ներկայութեան եւ Բաքւում պանթուրքիստների համակարգւած ուժեղացումն ու վերակազմակերպումը մեր որդեգրած սխալ ռազմավարութեան հետեւանքն էին»,- յաւելել է Շոէյբ Բահմանը:
Փորձագէտը թւարկած խնդիրների կողքին յիշեցրել է նաեւ Ադրբեջանի Հանրապետութիւնում շիաների դէմ իրականացւող ճնշումներն ու հալածանքները, որոնք կարող են լինել մեր (Իրանի) ռազմավարական ազդեցիկ յենակները նոյն այդ երկրում:
Միջանցքի նախագիծը շարունակում է շնչել կուլիսներում
««Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որը նոյնիսկ ներկայացւած անւան հետ ունի խնդիրներ՝ աւարտւած կամ թերթւած էջով նախագիծ չէ: Իրանն Ադրբեջանի Հանրապետութեան հետ պայմանաւորւածութիւն ունի այլընտրանքային երթուղու շուրջ՝ Իրանից Նախիջեւան հասնելու աւանդական ճանապարհով։ Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանը, Թուրքիան եւ այլ կուլիսային դերակատարները պատրաստ կը լինեն հրաժարւել «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագրից: Բաքուն նոյնպէս շարունակում է շինարարական աշխատանքները բոլոր ենթակառուցւածքների ուղղութեամբ։
Այս ծրագիրը մեզ համար ունենալու է աշխարհաքաղաքական, տնտեսական եւ անվտանգային լուրջ հետեւանքներ եւ կարող է մեզ զրկել տարածաշրջանի տարանցիկ ուղիներից: Դա կամրապնդի նաեւ սիոնիստական ռեժիմի ներկայութիւնն Իրանի սահմանների մօտ:
Ռուսական կողմի անկարողութիւնը տարածաշրջանի զարգացումների հետ կապւած, խնդիրը միանշանակ շատ կարեւոր է դարձնում Իրանի ազգային անվտանգութեան համար։ Հայկական կողմը նոյնպէս սկսել է Ռուսաստանից շեղւելու շատ լուրջ գործընթաց։ Սա ցոյց է տալիս, որ տարածաշրջանում զարգացումները չեն կառավարւել այնպէս, ինչպէս ցանկալի կը լինէր Մոսկւային»,- գրել է նա:
Փորձագէտը հարցի կարեւորութեան մասին խօսելիս նկատել է տալիս, որ գործընթացը կարող է եւս մէկ ցնցում հաղորդել տարածաշրջանի կայունութեանը. «Այս իրավիճակի օրինակներն ու նշանները կարող էք տեսնել Փաշինեանի հրապարակային յայտարարութիւններում։ Տեսանք նաեւ նրա կնոջ՝ Ուկրաինա կատարած այցի եւ Զելենսկու հետ հանդիպումը։ Հռոմի ստատուտի վաւերացման մէջ տեսանք եւս, որի համաձայն, եթէ Պուտինը այցելի Հայաստան, ապա պէտք է Երեւանը ձերբակալի նրան գագաթնաժողովին։ Վերջին նշանը Փաշինեանի չմասնակցելն էր Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը, որը գործնականում այս պայմանագրից Հայաստանի դուրս գալու բանալին էր նաեւ։ Սրան զուգահեռ ակտիւացել է նաեւ Ֆրանսիայի աջակցութիւնը Հայաստանին»,- նշել է դոկտ. Բահմանը:
Բաքւի եւ Երեւանի հնարաւոր անդամակցութիւնը ՆԱՏՕ–ին
«Նախկինում բոլոր բանակցութիւնները տեղի էին ունենում ռուսական խողովակով, այսինքն՝ միջնորդում էին ռուսները։ Այժմ ադրբեջանական եւ հայկական կողմի բանակցութիւնները եւրոպացիների եւ արեւմտեան երկրների խողովակով են։ Եթէ այս բանակցութիւնները հանգուցալուծւեն նոյն խողովակի միջոցով, ինչը, թւում է, որ մօտ է, քանի որ Փաշինեանի համար կարծես ընդունելի է ցանկացած պայման, որն առաջ է քաշում միւս կողմը, ապա հաւանական է, որ ՆԱՏՕ-ին նման մեխանիզմներում Ադրբեջանի եւ Հայաստանի ինտեգրման գործընթացը արագ տեղի ունենայ:
Այս պահին եթէ դա չի քննարկւում, ապա պատճառն Իրանի եւ Ռուսաստանի զգայունութիւններն են։
Այս իրադարձութիւնները կանխատեսելի էին, սակայն Թեհրանում այդ հզօր «էթնիկ լաբբի»-ի առկայութեան պատճառով թոյլ չեն տալիս, որ այս զգուշացումները հասնեն բարձրաստիճան պաշտօնեաներին (որոշումներ կայացնողներին)»,- նշել է դոկտ. Բահմանը:
Փորձագէտը խօսելով հանրութեան հետ ուղիղ կապերի եւ հրապարակումների միջոցով նրան իրազեկ դարձնելու աշխատանքների կարեւորութեան մասին յաւելել է. «Այդ իսկ պատճառով այս աշխատանքի մի կարեւոր մասը մենք արել ենք լրատւամիջոցների եւ սոցիալական հարթակների միջոցով, հասկանալով, որ երբ հասարակութեան մօտ ստեղծւի իրազեկւածութիւն, պաշտօնական հաստատութիւնները եւս ստիպւած կը լինեն վերահրապարակել այն…»: