ԻրանՔաղաքական

Իսրայէլական փորձագիտական կենտրոնների ուշադրութեան կենտրոնում Իրանի հրթիռային համակարգն է

«ԱԼԻՔ» – Իսրայէլական մի շարք մեդիա հարթակներում տարածւած հրապարակումները վկայում են, որ Իսրայէլի ռեժիմը 12-օրեայ համակցւած պատերազմական գործողութիւնների ընթացքում լայնածաւալ կերպով օգտագործել է քաղաքային ու կազմակերպական տեսադիտարկման համակարգերի (CCTV) տւեալները՝ իրանցի հրամանատարների, ռազմական մասնագէտների եւ գիտնականների քայլերը հետեւելու, նրանց մասին օպերատիւ տեղեկատւութիւն հաւաքագրելու եւ հետագայ թիրախաւորման գործողութիւններ իրականցնելու նպատակով։ Իսրայէլի ռազմական փորձագէտների հաաստմամբ սիոնիստական ռեժիմն աւելի քան 12 տարի է ծախսել Իրանի դէմ նման հնարաւորութիւններով պատերազմ վարելու վրայ: 

Նոյն աղբիւրների համաձայն Թէլ Աւիւը պատերազմի ընթացքում գործի է դրել նաեւ իր ամբողջ էլեկտրոնային եւ թւային հետախուզական հզօրութիւնը։ Բացի տեսախցիկների ցանցից, ակտիւօրէն կիրառւել են․

-արհեստական բանականութեան վերլուծական ալգորիթմներ, որոնք համադրել են տեսանիւթերը այլ բաց եւ փակ տւեալների հետ,

-սոցիալական մեդիայի մեծածաւալ տւեալների (Big Data) մշակում, ներառեալ օգտատէրերի հրապարակումներ, լուսանկարներ եւ տեղնշումներ,

-ռադիոալիքների եւ հաղորդակցման համակարգերի խափանում ու վերահսկում,

-ինչպէս նաեւ քաղաքային ինտելեկտուալ կառավարման համակարգերի ներթափանցում, որոնք ապահովում են երթեւեկութեան, լուսացոյցերի եւ անվտանգութեան կառավարման որոշ հատւածներ։

Մասնագէտները նշում են, որ այս գործողութիւններն ամբողջութեամբ համապատասխանում են նոր սերնդի «համակցւած» կամ «հիբրիդային» պատերազմների տրամաբանութեանը, որտեղ ռազմական, տեխնոլոգիական, տեղեկատւական եւ հոգեբանական բաղադրիչները համակցւելով՝ ստեղծում են ճնշման նոր մեխանիզմներ։

Ըստ նրանց՝ առանց Արեւմուտքի լիակատար ներգրաււածութեանը, Իսրայէլին չէր յաջողւելու ունենալ այդ ամէնն, ինչ օգտագործեց Իրանէ դէմ յարձակումներում:

Մէկ այլ վերլուծական յօդւածում ԻՌՆԱ-ն անդրադարձել է իրանական կողմի հրթիռային համազարկին, ինչը նոյնպէս նոր տեխնոլոգիանների կիրառման լաւագոյն օրինակներից է համարւում:

Յօդւածում նշւել է, որ տեխնոլոգիաների զարգացումը փոխել է հակամարտութիւնների բնոյթը․ եթէ նախկինում առաջնային էին աւանդական հետախուզութիւնն ու մարտադաշտի վերահսկումը, ապա այսօր վճռորոշ դեր են կատարում տեղեկատւական գերակայութիւնը, թւային հարթակների կառավարումը, ինչպէս նաեւ իրադարձութիւնների իրական ժամանակով վերլուծութիւնը, որը հակառակորդին հնարաւորութիւն է տալիս աւելի արագ, աւելի ճշգրիտ եւ հասցէական գործողութիւններ իրականացնել։

Տւեալների պաշտպանութեան, կիբեռանվտանգութեան եւ ազգային թւային ինքնիշխանութեան ապահովման անհրաժեշտութեան կողքին Իրանը պատժամիջոցներով պայմանաւորւած սահմանափակումներին զուգահեռ համապատասխանաբար զարկ է տւել իր հեռահար հարւածների հնարաւորութիւնները բարձրացնելու ուղղութեամբ:

 

Իսրայէլական ուսումնասիրական կենտրոնի դիտարկումը՝ Իրանի հրթիռային պատասխան գործողութիւնների վերաբերեալ

Իսրայէլի Անվտանգային ազգային հետազօտութիւնների ինստիտուտն (INSS) իր վերջին հրապարակման մէջ ներկայացրել է այն տեսակները, որոնց Իրանը կիրառել է Իսրայէլի 12-օրեայ յարձակմանը պատասխանելիս։ ԻՌՆԱ-ով հրապարակւած այս տւեալները կազմւել են եբրայերէն աղբիւրների հիման վրայ եւ հրապարակւում է միայն մասնագիտական իրազեկման նպատակով՝ առանց բովանդակային հաստատման կամ ընդհանրացման։

Հետազօտութեան համաձայն՝ 2025 թ. յունիսի 13–24-ն ընկած ժամանակահատւածում Իրանը շուրջ 500 հրթիռային հարւած եւ աւելի քան 1000 միաւոր հարւածային անօդաչու եւ թեւաւոր հրթիռ է արձակել Իսրայէլի ուղղութեամբ։

Հրապարակման մէջ ամփոփ ներկայացւած են այդ ընթացքում կիրառւած հրթիռների եւ անօդաչուների հիմնական տեսակները՝ ներառելով դրանց տեխնիկական բնութագրերն ու գնահատականները:

 

Բալիստիկ հրթիռներ

«Ղադր-110»

«Ղադր-110» միջին հեռահարութեան բալիստիկ հրթիռը ներկայացւել է 2007 թւականին՝ որպէս «Շահաբ» շարքի արդիականացւած մոդել։ Հրթիռը երկփուլ է. առաջին փուլում օգտագործւում է հեղուկ վառելիքով շարժիչ, երկրորդում՝ չոր վառելիք: Հրթիռը կրում է 650–1000 կգ մարտագլխիկ՝ մինչեւ 2000 կիլոմետր հեռահարութեամբ։

Ուղղորդումն իրականացւում է իներցիոն համակարգով, իսկ արբանեակային համակարգով նւազեցւում է թիրախին խոցման սխալի հաւանականութիւնը։

 

«Սաջիլ»

«Սաջիլ» բալիստիկ հրթիռը 2012 թւականից է ընդգրկւել գործող սպառազինութեան մէջ։ «Սաջիլ»-ը կրում է շուրջ 700 կգ մարտագլխիկ, որը տեղադրւած է եռաբաժան կոնաձեւ մարմնի ներսում։ Արտաքին կառավարման թեւակների բացակայութեան պատճառով ենթադրւում է, որ հրթիռը չի կատարում թռիչքային մանեւրներ։

Այնուամենայնիւ, որոշ աղբիւրների համաձայն՝ այս հրթիռի նորացւած մոդելները կարող են մանեւրել՝ շարժիչի արտամղւող գազերի ուղղութիւնը փոխելու (JVC) միջոցով եւ համալրւած են բարելաււած իներցիոն ղեկավարման համակարգով։

Նշւում է նաեւ, որ «Սաջիլ»-ը կարող է կրել բազմաբաժանւող մարտագլխիկներ (MIRV), որոնք հնարաւորութիւն են տալիս միաժամանակ թիրախաւորել տարբեր նպատակներ կամ կիրառւել որպէս ռադարային համակարգը խլացնող զէնք:

 

«Զոլֆաղար-Ղասեմ» եւ «Դեզֆուլ»

«Զոլֆաղար-Ղասեմ» հրթիռը ստեղծւել է «Զոլֆաղար» շարքի հիման վրայ, որի առաջին մոդելը ներկայացւել էր 2016 թւականին։ Հրթիռային այս ընտանիքը շահագործում է չոր վառելիքով շարժիչ։ Բազային «Զոլֆաղար»-ն ունի 500 կգ մարտագլխիկ եւ մինչեւ 700 կիլոմետր հեռահարութիւն։

Նոյն տեխնոլոգիական հիմքի վրայ Իրանը մշակել է նաեւ «Դեզֆուլ» եւ «Զոլֆաղար-Ղասեմ» մոդելները, որոնց հեռահարութիւնը համապատասխանաբար հասնում է 1000 եւ 1400 կիլոմետրի։

 

«Հաջ Ղասեմ»

«Հաջ Ղասեմ» բալիստիկ հրթիռը ներկայացւել է 2020 թւականին եւ կրում է նահատակ Ղասեմ Սոլէյմանիի անունը՝ ԻՅՊԿ «Ղոդս» ուժերի նախկին հրամանատարի, ով նահատակւել էր ԱՄՆ-ի Սենթքամի կողմից իրականացւած գործողութեան հետեւանքով։

Հրթիռը համալրւած է պինդ վառելիքով շարժիչով, ունի 1400 կիլոմետր հեռահարութիւն, մինչեւ 12 Մախ արագութիւն եւ 500 կգ մարտագլխիկ։

 

«Խէյբարշէքան-1»

«Խէյբարշէքան‑1» բալիստիկ հրթիռը դասւում է արագընթաց հրթիռների շարքին: Դրա արագութիւնը հասնում է 4-5 Մախի եւ աշխատում է չոր վառելիքով շարժիչով։ Հրթիռն ունի հիմնական մարմնից անկախ, մանեւրելու ունակութեամբ գլխիկ, ինչը մեծացնում է օդային պաշտպանութիւնից խուսափելու հնարաւորութիւնը։

«Խէյբարշէքան‑1»-ը ներկայացւել է 2022 թւականին, ունի 1500 կիլոմետր հեռահարութիւն եւ տեղափոխում է 500 կիլոգրամ մարտագլխիկ։

 

«Խոռամշահր-4»

«Խորամշահր‑4» բալիստիկ հրթիռը ներկայացւել է 2023-ին, նախորդ մոդելները՝ 2017-ին։ Այն յայտնի է նաեւ «Խէյբար» անունով եւ ունի մինչեւ 2000 կիլոմետր հեռահարութիւն՝ մինչեւ 1800 կգ մարտագլխիկ տեղափոխելու կարողութեամբ։

Հրթիռը հեղուկ վառելիքով է, նախապատրաստման ժամանակը՝ 15 րոպէ։ Գլխիկն արձակումից առաջ եւ մթնոլորտ մուտք գործելիս կարող է մանեւրել՝ թիրախը ճշգրտելու եւ օդային պաշտպանութիւնից խուսափելու համար։

Կարող է զինւել մէկ կամ աւելի մարտագլխիկներով (MIRV), արագութիւնը մթնոլորտից դուրս հասնում է 16 Մախի, մթնոլորտում՝ 8 Մախի։

 

«Ֆաթահ-1»

«Ֆաթահ‑1» Իրանի առաջին հիպերձայնային հրթիռը ներկայացւել է 2023-ին՝ որպէս Իրանի առաջին այս դասի համակարգ։ Այն երկփուլ է եւ շահագործում է չոր վառելիքով շարժիչներ։ Վերջնական հատւածը կառավարւում է քարշի ուղղութեան փոփոխութեամբ (TVC համակարգով), ինչը սուր ու արագ մանեւրներ է թոյլ տալիս նրան։

Ըստ աղբիւրների՝ «Ֆաթահ‑1»-ը կիրառւել է նաեւ 2024 թ. հոկտեմբերին Իրանի հարւածային գործողութեան ընթացքում Իսրայէլի դէմ։

 

«Էմադ»

«Էմադ» բալիստիկ հրթիռը ներկայացւել է 2024-ին եւ աշխատում է հեղուկ վառելիքով շարժիչով։ Թէպետ նախապէս պահանջում է երկարատեւ լիցքաւորման ժամանակ, շարժիչը բարձր արդիւնաւէտութիւն է ապահովում, ինչի շնորհիւ հրթիռը կարողանում է կրել 750 կգ մարտագլխիկ։

«Էմադ»-ի հեռահարութիւնը 1700 կիլոմետր է, իսկ մանեւրող գլխիկը հնարաւորութիւն է տալիս շրջանցել օդային պաշտպանութեան համակարգերը։

 

«Ղասեմ Բասիր»

«Ղասեմ Բասիր» բալիստիկ հրթիռը ներկայացւել է 2025 թ. մայիսին։ Այն երկաստիճան է, չոր վառելիքով շարժիչով է, ունի 1200 կմ հեռահարութիւն՝ ընդլայնւող մինչեւ 1800 կմ։ Մթնոլորտ է մտնում 11 Մախ արագութեամբ եւ խոցում է թիրախը 5 Մախով՝ 500 կգ մարտագլխիկով։ Վերջնական փուլում կիրառում է էլեկտրաօպտիկական ղեկավարում։

 

Հարւածային անօդաչուներ

«Շահեդ-136»

«Շահեդ‑136» հարւածային անօդաչուն ունի մինչեւ 2500 կմ հեռահարութիւն, կիրառւում է դելտայաձեւ թեւերով եւ աշխատում է պիստոնային շարժիչով։ Այն Իրանի հարւածային ԱԹՍ ուժերի հիմնական զինատեսակներից է եւ կրում է 30–50 կգ մարտագլխիկ։

 

«Շահեդ-107»

«Շահեդ‑107» հարւածային անօդաչուն ունի ուղիղ թեւային կառուցւածք եւ աշխատում է պիստոնային շարժիչով։ Նրա հեռահարութիւնը շուրջ 1500 կիլոմետր է, իսկ մարտագլխիկը՝ առնւազն 50 կիլոգրամ։

Related Articles

Back to top button