
«ԱԼԻՔ» – Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, «Մենք եւ Արեւմուտքը՝ ըստ այաթ. Խամենէիի մտքերի» խորագրով համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրոյցում անդրադարձել է Արեւմուտքի ճնշումներին դիմակայելու հարցին՝ ընդգծելով Իրանի ժողովրդի տոկունութիւնն ու հզօրութիւնը։
«Գիտէք, որ Իրանը գուցէ թւաքանակով ու ռազմական հնարաւորութիւններով հաւասար չէ Արեւմուտքին, սակայն իրանցի ժողովուրդը նման է արաբական արագավազ ձիու՝ հզօր, տոկուն եւ մշտապէս մարզւած։ Այս ժողովուրդն իր հինաւուրց ու հարուստ անցեալի շնորհիւ հաւատարիմ է իր իդէալներին, անկախութեանը եւ արժէքներին»,- նշել է Լարիջանին։
Նրա խօսքով՝ ոչ ոք չպէտք է փորձի ուժի լեզւով խօսել Իրանի հետ․ «Իրանի հետ պէտք է խօսել իմաստութեան եւ գաղափարի լեզւով»։
Անդրադառնալով Դոնալդ Թրամփի՝ Իրանի ենթադրեալ «թուլութեան եւ յանձնւելու» մասին պնդումներին՝ Լարիջանին ասել է. «Թրամփի վերջին յայտարարութիւնները իրականութիւնից կտրւած են։ Այո՛, ժողովրդի տնտեսական պայմանները փոխւել են, սակայն իրանցիները գիտեն, որ մենք օգտագործել ենք դիւանագիտական բոլոր ուղիները՝ խնդիրների խաղաղ լուծման համար»։
Նա յիշեցրել է, որ պատերազմի աւարտից յետոյ նոյնպէս Իրանը բանակցութիւններ է վարել Եւրոպայի եւ Արեւմուտքի հետ, սակայն նրանք շարունակել են պնդել Snapback մեխանիզմի իրականացման վրայ․ «Մենք պէտք է այս փորձութիւններից եւս անցնենք, որպէսզի նրանք հասկանան՝ նման ճանապարհով նպատակներին չեն հասնի»։
Լարիջանին արձագանքել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի սպառնալիքներին՝ ընդգծելով. «Պատասխան տալու անհրաժեշտութիւն չկայ․ մենք չենք ապրում սպառնալիքներով, մենք ապրում ենք իրականութեամբ»։
Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարը կարեւորել է ազգային միասնութիւնն ու ներքին համերաշխութիւնը․ «Ես միասնութիւնը եւ տարաձայնութիւններից խուսափելը համարում եմ երկրի կարեւորագոյն խնդիրներից։ Իրանի ժողովուրդը հաստատակամ կանգնել է ճնշումների դիմաց, եւ ինչպէս 12-օրեայ պատերազմի ժամանակ, այսօր էլ կարող է թշնամուն ստիպել նահանջել։ Քաղաքական գործիչների ու պատասխանատուների պարտքն է գնահատել այս անգնահատելի կամքը եւ չմեծացնել աննշան տարաձայնութիւնները»։
Անդրադառնալով որոշ տեղեկութիւնների, թէ իբր Իրանը հաղորդագրութիւն է փոխանցել ԱՄՆ-ին՝ կապւած պատժամիջոցների չեղարկման հարցի հետ, Լարիջանին պարզաբանել է. «Ամերիկացիներն ասում են, թէ նման ուղերձ ստացել են, սակայն դա ճիշտ չէ։ Իհարկէ, Իրանը միշտ կողմ է եղել պատժամիջոցների վերացմանը․ ոչ ոք երկրում կողմ չէ պատժամիջոցներին։ Մեր դիւանագիտական բոլոր ջանքերը միտւած են ճնշումների թուլացմանն ու ժողովրդի բարեկեցութեան բարձրացմանը, բայց նոր հաղորդագրութիւն այս հարցով չի ուղարկւել»։
Խօսելով նախորդ բանակցութիւնների մասին՝ Լարիջանին յիշեցրել է, որ նման քննարկումներ տեղի են ունեցել, այդ թւում՝ ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի շրջանակում, սակայն արեւմտեան կողմը հրաժարւել է ստանձնել իր պարտաւորութիւնները։ «Այնուամենայնիւ, Իրանը շարունակելու է իր պատւով եւ անկախութեամբ ընթացքը»,- յաւելել է նա։
Լարիջանին նաեւ անդրադարձել է շրջանառւող լուրերին, թէ իբր վերջին շրջանում փոփոխութիւններ են եղել ազգային անվտանգութեան խորհրդում․ «Ոչ, որեւէ փոփոխութիւն չի եղել»,- նշել է նա։
Անդրադառնալով Եմէնի դերին՝ Լարիջանին ասել է․ «Եմէնը կարեւոր եւ արժանապատիւ դեր է խաղում հակամարտութիւնում, որը թշնամին՝ սիոնիստական ռեժիմն ու գլոբալ ամբարտավանութիւնը, սկսել են պաղեստինեան ժողովրդի դէմ»։



