Թուրք մասնագէտ. «Վանի հայկական մշակութային արժէքները մէկը միւսի յետեւից ոչնչանում են»

«ԱԼԻՔ» – Վանի պատմական շինութիւնները շարունակում են մնալ կործանման վտանգի առաջ։ Քաղաքի հայկական մշակութային ժառանգութեան մեծ մասը տարիների անտարբերութեան եւ անխնամութեան պատճառով յայտնւել է անմխիթար վիճակում: Հաղորդում է Ermenihaber-ը։
«Տուրիզմի մասնագէտ Մուրաթ Բէյազը, անդրադառնալով Թուրքիայում մշակութային ժառանգութեան հետ կապւած խնդիրներին, նշել է, որ եթէ այս յուշակոթողները վերականգնւեն, ապա 20 տարի նոյն տեղում դոփելուց յետոյ Վանի զբօսաշրջութիւնը կարող է կրկին աշխուժանալ։
«Այս պատմական կառոյցները ստեղծած մարդիկ, եթէ այսօր տեսնէին դրանց վիճակը, բան չէր մնայ, որ մեզ չասէին: Մենք մարդկանց ջանքն ու պատմութիւնը չյարգեցինք: Մենք չկարողացանք բացել հայկական վանքերը: Ամէնը գանձագողերի կողմից կործանւած վիճակում են: Մենք տէր չենք կանգնում մեր մշակութային ժառանութեանը»,- քննադատել է Բէյազը:
Այդպիսի մշակութային կոթողների թւում է Վանի Բաշքալէ շրջանում գտնւող 1700 տարւայ Սուրբ Բարդուղիմէոս հայկական եկեղեցին, ինչպէս նաեւ Գեւաշի Սուրբ Թովմա վանքը եւ հանրայայտ Կարմիր եկեղեցին (Գարմրավանքը): Այս յուշակոթողները, որոնք երբեւէ եղել են տարածաշրջանի մշակութային ինքնութեան անբաժանելի մասը, այսօր լքւած են եւ պարբերաբար ենթարկւում են գանձագողերի վնասմանն ու թալանին։
Բէյազը նաեւ քննադատօրէն է մօտեցել Վանի բերդի վերականգնման աշխատանքներին՝ ընդգծելով, որ դրանք առաջ են գնում դանդաղ տեմպերով, ապա յաւելել․ «Եթէ այս կառոյցները վերանորոգւեն, զբօսաշրջիկը հանգիստ կարող է Վանում 6–7 օր ժամանակ անցկացնել: Այս կոթողները պէտք է հրատապ վերանորոգւեն»:



