ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Արա Շահվերդեան. «Մտահոգութիւն ունեմ, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Ալիեւ-Փաշինեան կուլիսային պայմանաւորւածութիւն կայ»

Իրանն ուշի-ուշով հետեւում է տարածաշրջանում դէպքերի զարգացմանը. մեզ համար կարեւոր է թոյլ չտալ, որ Հարաւային Կովկասում տարածաշրջանից դուրս գտնւող այլ պետութիւններ գան ու այստեղ ներկայութիւն ունենան. սա Իրանի համար «կարմիր գիծ» է: Այս մասին «News.am»-ի հետ զրոյցում նշեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիրսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Նա յիշեցրեց, որ օրերս Հայաստանի ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանն է այցելել Իրան, հանդիպումներ է ունեցել, որոնց ժամանակ Իրանական կողմը եւս մէկ անգամ իր «կարմիր գծերի» մասին յստակ ասել է. «Ակնկալիքն այն է, որ տարածաշրջանի բոլոր երկրները, ի մասնաւորի Հայաստանն ու Ադրբեջանը, իմանան եւ յարգեն Իրանի կարմիր գծերը: Իրանը թոյլ չի տայ, որ որեւէ պետութիւն տարածաշրջանում խախտի եւ հարցականի տակ դնի Իրանի անվտանգութիւնն ու սահմանները»,-ընդգծեց Արա Շահվերդեանը:

Անդրադառնալով տեսակէտին, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Ալիեւի եւ Փաշինեանի միջեւ կուլիսային ինչ-որ պայմանաւորւածութիւն կայ, Իրանի խորհրդարանի պատգամաւորն ասաց. «Գոնէ ինձ մօտ այդ մտահոգութիւնը կայ, որովհետեւ տեսնում ենք, թէ ինչպէս միանգամից փոփոխութիւններ եղան տարածաշրջանում, Ղարաբաղից տեղահանւեցին 100 հազարից աւելի հայեր, յետոյ եղաւ ԼՂՀ-ի կազմալուծման յայտարարութիւնը: Յետոյ տեսնում ենք, որ ձերբակալւեցին Արցախի նախկին նախագահները: Այս ամէնը մտահոգիչ է եւ ես յոյս ունեմ, որ կուլիսներում էլ որոշումներ չլինեն, այդ թւում Զանգեզուրի հետ կապւած»,-ասաց հայ պատգամաւորը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի յայտարարութեանը, որ եթէ Հայաստանը միջանցք չտրամադրի, այդ միջանցքը կանցնի Իրանի տարածքով, Արա Շահվերդեանն ասաց. «20 տարուց աւելի է, որ այդ միջանցքը, աւելի ճիշտ ճանապարհը կայ, որով Ադրբեջանը կապւում է Ադրբեջանի հետ: Դրանով կարծես Թուրքիան ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին ասում է, որ եթէ դուք ինձ նեցուկ չկանգնէք «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում, մենք Իրանի ճանապարհից կօգտւենք: Միւս կողմից էլ Հայաստանին են ասում, որ եթէ միջանցքը Իրանով անցնի, Հայաստանը տնտեսական շահից կը զրկւի: Ես յոյսով եմ, Հայաստանի իշխանութիւնն աւելի ուշադիր կը լինի այս տեսակի քայլերի հարցում եւ թոյլ չի տայ, որ «Զանգեզուրի միջանցք»-ը իրականանայ, քանի որ դա լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի անվտանգութեան համար:

Related Articles

Back to top button