
Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների կարգաւորման հարցով յատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի Հայաստան այցի առնչութեամբ, երէկ՝ սեպտեմբերի 12-ին, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը բողոքի ակցիա է իրականացրել կառավարութեան շէնքի առջեւ:
Ցուցարարներին են միացել նաեւ հանրային ու քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչներ:
Երիտասարդների ձեռքում եղել են Բաքւի բանտերում պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկարներ, «Ո՛չ ուրացմանը» գրութեամբ պաստառներ։ Մասնակիցները յայտարարութիւններ են արել հայերէն եւ անգլերէն:
«Հայաստան է ժամանել Թուրքիայի յատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ Հայաստան-Թուրքիա միջպետական ճանապարհների կարգաւորման անւան տակ, սակայն, բոլորս հասկանում ենք, որ այս հանդիպումը քաղաքական կողմի նախապայմանները բաւարարելու համատեքստում են: Դրա վառ ապացոյցն է ՀՀ Կառավարութեան՝ այցի ժամանակացոյցն ու օրակարգը գաղտնի պահելը: Մենք այստեղ ենք՝ ասելու, որ դէմ ենք ուրացման քաղաքականութեանը»,- ակցիայի ժամանակ յայտարարեց ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ Ժորա Աւդալեանը:
Ժորա Աւդալեանի խօսքով՝ Թուրքիայի քաղաքականութիւնը 100 տարի առաջ եւ հիմա չի փոխւել, նրանք պատրաստ չեն Հայաստանի հետ երկխօսութեան՝ առանց նախապայմանների:
«Հայաստանում կայ սերունդ, որը պահանջում է Ցեղասպանութեան ճանաչում եւ հատուցում, ուստի յայտարարում ենք՝ այս իշխանութիւնների հետ ձեռք բերւած ցանկացած պայմանաւորւածութիւն առ ոչինչ է: Ո՛չ ուրացմանը»,- ասել է նա:
Մասնակիցները վանկարկել են՝ «ոչ ուրացմանը»։
«Ես ցեղասպանութիւնից մազապուրծ եղած ընտանիքի սերնդից եմ: Ո՛չ ես, ո՛չ իմ ծնողները, ո՛չ էլ իմ սերունդները հնարաւորութիւն չեն ունեցել ծնւելու մեր պատմական հայրենիքում: Դրա միակ մեղաւորը Օսմանեան կայսրութեան ոճրագործ քաղաքականութիւնն էր եւ նրա ժառանգ Թուրքիան: Դրա մեղաւորը պատմութեան դասերին չառերեսւելն է ու այսօր դեռ չչորացած արեան վրայ խաղաղութիւն փորձել հաստատելը»,- ասել է ՀՅԴ Նիկոլ Աղբալեան Ուսանողական միութեան վարչութեան անդամ Շահանէ Չոբանեանը:
ՀՅԴ Երեւան քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Գոռ Սարգսեանն էլ յայտարարել է, որ Քըլըչը չի եկել հանդիպելու ՀՀ ներկայացուցիչների հետ, այլ հանդիպելու է եկել Թուրքիայի քաղաքականութիւնը կիսողների հետ: Նրա խօսքով՝ լաւ կը լինէր, որ թուրք բանագնացը ոչ միայն Փաշինեանի եւ նրա խմբի հետ հանդիպէր, այլեւ հայ ժողովրդի այն հատւածի հետ, որոնք իրականութիւնն են ներկայացնում:
Arfd.am