Երեւանում կայացել է Նիկոլ Աղբալեանի երկերի առաջին հատորի շնորհանդէսը

Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի համագործակցութեամբ սեպտեմբերի 12-ին կայացաւ Նիկոլ Աղբալեանի երկերի առաջին հատորի շնորհանդէսը։
Հատորը նւիրւած է Նիկոլ Աղբալեանի ծննդեան 150-ամեակին։ Այն կազմել է գրականագէտ Արմէն Մանուկեանը, խմբագրել` Լուսինէ Աւետիսեանը։
Շնորհանդէսը կազմակերպւեց գրականութեան ինստիտուտի դահլիճում, որտեղ ներկայ էին Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան անդամներ, Գրականութեան ինստիտուտի գիտաշխատողներ, բ.գ. դոկտորներ ու գրողներ։
Միջոցառումը բացւեց Գրականութեան ինստիտուտի տնօրէն Հերիքնազ Որսկանեանի ողջոյնի խօսքով։ Նա ներկաներին շնորհաւորեց գրքի լոյս ընծայման առիթով` շեշտելով Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան դերը այս կարեւոր աշխատանքի իրականացման գործում։
Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան խօսքը ներկաներին փոխանցեց Համազգայինի ԿՎ ատենապետ Զաքար Քեշիշեանը։
Նիկոլ Աղբալեան մտաւորականի գործունէութեանը եւ նորընծայ հատորին անդրադարձան Համազգայինի ԿՎ անդամ Արտաշէս Շահբազեանը, լիբանանահայ վաստակաշատ մանկավարժ Տիգրան Ջինբաշեանը, գրականագէտներ` Արմէն Մանուկեանը, Արշալոյս Գալստեանը, Աւիկ Իսահակեանը, Լուսինէ Աւետիսեանը, Պետրոս Դեմիրճեանը, Սուսաննա Յովհաննիսեանը, Հայկական հանրագիտարան հրատարակչութեան տնօրէն Յովհաննէս Այւազեանը։
Նրանք իրենց խօսքում կարեւորեցին գրքի ծնունդը` նշանաւորելով այն որպէս յարգանքի տուրք հայ մեծանուն մտաւորական, հասարակական քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալեանի յիշատակին։ Սա եւս մի առիթ էր անդրադառնալու նրա թողած ժառանգութեանը, նրա գործունէութեանը կրթութեան, գիտութեան, ազգային դաստիարակութեան ասպարէզում։
Ճշմարիտ ու գաղափարական հայը կանգնած է նաեւ Համազգայինի աշխարհասփիւռ կառոյցի ստեղծման ակունքներում։ Մի կառոյցի, որը թէ Սփիւռքում եւ թէ Հայրենիքում միշտ եղել է ազգային ինքնութեան պահպանման առանցքում եւ նոյն առաքելութեամբ շարունակում է իր գործունէութիւնը։
ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԵՐԵՒԱՆԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ