ՀԱՏԻՍ
«Խնդիրները չեն լուծւում այն մտածելակերպով, որն առաջ է բերել տւեալ խնդիրը»… Հայ ժողովուրդը սա ընկալել էր Արցախեան առաջին պատերազմից առաջ: Հասկացել էր նաեւ Սարդարապատից առաջ, որպէսզի համախմբւել յաջողւի նրան ու կեանքի գնով յաղթանակած դուրս գայ ե՛ւ Սարդարապատից, ե՛ւ առաջին Արցախեանից:
Այսօր էլ, երբ փորձում են համոզել, որ վիզ ծռելով ու խոնարհաբար յանձնւելով կարելի է խուսափել խնդիրներից, ոչ միայն խնդիրը չէ, որ լուծելու են, այլեւ՝ իրենք եւս դառնալով խնդրի մի մասը, ծանրութիւն են անում պատմութեան վրայ: Փաստերն այնքան շատ են ու շարունակ թարմացւող, որ ահռելի չափսերի հասած ցաւի պէս, գլուխդ թմրում ու չհասկանլու է տալիս: «Կանեփային քաղաքականութեան» դրսեւորման վառ օրինակներից է այսօրւայ Հայաստանի վարչակազմի վարքագիծը, յատկապէս, 44-օրեայից յետոյ:
Տեւական ժամանակ է, ինչ Հայոց յաղթանակների ոգին խորհրդանշող Մայիսը միայն ամսանուն չէ: Մայիսը խորհրդանշում է Շուշի, Մայիսը՝ հայոց լեռներում որոտած պայթիւնների տակ պար բռնած «հարսանիք» է, եւ վերջապէս՝ Մայիսը Հայաստանին անկախութիւն բերած Սարդարապատն է: Դա կոտրել չկարողացան վերջին հարիւրամեակում, կոտրել չեն կարող նաեւ «կանեփայինով», նոյնիսկ, եթէ օրը ցերեկով Արարատ են ուրանում, կամ իր հայրենի հողից փորձում են կտրել հայ գիւղացուն:
Սա պատերազմը լուսաբանած լուսանկարիչներից՝ Արեգի հետ մեր զրոյցի շարունակութիւնը կարող էր լինել, եթէ նա խօսքը կուլ տւած՝ միանգամից չլռէր…լռութեան մէջ սեղմւած այդ աղմուկն այնքան ցաւոտ է նստում զարկերակիդ վրայ, որ գլուխդ այլեւս թմրել չի կարող…
Արեգը մի պարբերութեամբ նկարագրում է մեր այսօրւայ վիճակը. «Յաղթանակի դէպքում բոլոր զոհերն ու կորած կեանքերն աւելի իմաստաւոր են դառնում: Բայց, երբ քեզ տանում են դէպի պարտութիւն, համոզում են, որ այդ բոլորը կարող են իզուր թւալ…»:
Չգիտես՝ ճակատն է իր մէջ սեղմւել, թէ դէմքին կնճիռ կայ արդէն: Չնայած շատ է երիտասարդ դրա համար: Բարձաձայն ես մտածում ու նոյն կերպ էլ արձագանգում է՝ «Արժէ՞ր բա՛յց: Չէ որ ո՛չ տղերքը կան հիմա, ո՛չ էլ հողը պահել յաջողւեց»…ու ինքն իրեն ընդհատում. «Արժէ՛ր բայց, հէնց տեղ հասանք՝ տղերքը մեր գալը տեսան: Հետն էլ ասեցին՝ գիտէինք, որ գալու էք: Ու ոչ մէկն իրեն միայնակ չզգաց: Շատերը չվերադարձան… հողը վկայ: Նա էլ է տեսել այդ բոլորը: Ու տեսածդ վերջին բանն այլեւս մոռանալ չես կարող: Երբ էլ, որ քեզ յիշելիս լինեն՝ գլխումդ զրնգալու է ու արիւնդ է քաշելու: Այլեւս այլ կողմ նայել չես կարող»:
Այսօր նոյն հողի կանչն է ու պայքարի ոգին, որ Տաւուշից պատգամի պէս շարժւել՝ հասնում է Երեւան: Հոգեւորականութիւնը զինւորի կողքին եղել է ինչպէս խաղաղ, այնպէս էլ պատերազմի պայմաններում: Արցախը երբեք միայնակ չթողած Հայաստանեաց Առաքելական եղեղեցու հովիւն այսօր «Տաւուշը յանուն Հայրենիքի» արդարամիտ շարժումով իր բարձրագոյն էութեան իմաստը մարմնաւորելով մնաց կանգնած իր ժողովրդի ու հայրենի հողի կողքին, դէմ գնալով հայրենիքի թուրքացմանն ու յանձնման օրինականացմանը:
Մայիսից՝ Մայիս ու առիթից՝ առիթ պարտաւորութիւն չէր սա: Պատմութեան չար կատակ կանաւանես, թէ ինչ, մէկ է, «Մայիսի 9»-ին, արծւաբոյն Շուշիի առասպելական ազատագրման օրը, ժողովուրդն ստիպւած յանուն Եռագոյնի է ոտքի ելնում, քանի դեռ այն «չեն յանձնել»:
Մեզ պէս ժողովուրդները դատապարտւած են յաղթանակելու: Դրա համար պայքարելու պատւին է պէտք արժանանալ:
Սա կրած խաչի մեր բաժինն է: Եղբօր դիակը շալակած այն փոքրիկին յիշելով, որն առաջնագիծ դարձած իրենց գիւղն էր լքում: Ու, երբ ասում են բեռդ իջեցնես՝ աւելի հեշտ կը փրկւես, փոքրիկը պատասխանում է. «Սա բեռ չէ: Եղբայրս է»: