ԹեհրանՀամայնք

Նշւեց  «Արաքս» ազգային դպրոցի հիմնադրման 70-ամեակը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Մեր դպրոցը մի սուրբ տաճար, մեր դպրոցը վառ կանթեղ, հալածում է մութն ու խաւար, լոյս է սփռում ամէն տեղ:

70 տարիներ առաջ Թեհրանի հայկական համայնքը օժտւեց հայոց ազգային «Արաքս» դպրոցով: Դպրոց, որի յարկի տակ անցեալ 70 տարիների ընթացքում հայկական ոգով սնւել ու դաստիարակւել են հազարաւոր հայորդիներ, որոնք հետագայում դարձել են համայնքի ղեկավար կառոյցներում հանգամանքներ զբաղեցնող անհատներ:

Երէկ՝ մայիսի 8-ին երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, նշւեց «Արաքս» ազգային դպրոցի հիմնադրման 70-ամեակը:

Յոբելենական հանդիսութիւնը, մեկնարկեց Տէրունական աղօթքով: Օրւայ հաղորդավարն էր Մելան Սէֆեանը եւ յոբելեանի առիթով յղւած ուղերձները ընթերցեց Կարինէ Մանուչերեանը: Արտայայտութիւններով հանդէս եկան՝ դպրոցի 70-ամեայ յոբելեանի կազմակերպիչ յանձնախմբի ատենապետ Իռէն Աբնուսեանը, «Արաքս» ազգային աղջկանց  դպրոցի վաստակաւոր տեսչուհի Անի Մանուկեանը, դպրոցի աշակերտութեան անունից խօսք փոխանցեց Մանէ Գորջին,  Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անունից Հայրիկ Աղանեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ծրագրի հովանաւոր «Սէթ» սուրճ ընկերութեան տնօրէն  դոկտ. Արտեմ Շահբաբեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի անունից Ալենուշ Շահվերդեանը, եւ որպէս եզրափակիչ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը փոխանցեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:

Միջոցառումը յագեցած էր գեղարւեստական յայտագրով՝ ասմունքներ, երգեր, նւագարանների կատարումներ եւ դպրոցի 70-ամեայ անցեալը ներկայացնող ֆիլմի ցուցադրութեամբ, Կարինէ Մանուչերեանի ղեկավարութեամբ «Ակունք» պարային համոյթի սաների կատարումներ եւ դպրոցի երգչախմբի կատարումը տեսահոլովակի միջոցով՝ խմբավար Մեղեդի Նազարեան:

Վերջում յուշանւէրներ յանձնւեցին եւ տեղի ունեցաւ ընդունելութիւն:

Related Articles

Back to top button