Հայերի միայն 13 տոկոսն է աջակցում Փաշինեանին. նա կորցրել է իր մանդատը. անհրաժեշտ են նոր ընտրութիւններ
2024 թւականի յուլիսի 3-6-ը Հայաստանում Gallup International-ի անցկացրած հարցախոյզը ցոյց տւեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանի վարկանիշը իջել է մինչեւ 13.4 տոկոս հայ հնարաւոր ընտրողների շրջանում։ Երբ վեց տարի առաջ նա առաջին անգամ եկաւ իշխանութեան, նրա վարկանիշը մօտ 80 տոկոս էր։
Հարցին՝ «Ինչպէ՞ս էք գնահատում Նիկոլ Փաշինեանի աշխատանքը».
– Հանրութեան 13,4%-ն ասել է, որ նրա աշխատանքը համարում է «լիովին դրական»։ Սա 4%-ով աւելի է, քան երկու ամիս առաջ՝ մայիսին։
– 21.7%-ը նրա աշխատանքը յուլիսին գնահատել է որպէս «աւելի շուտ դրական»՝ 3%-ով աւելի մայիսի համեմատ:
– 40.3%-ը նրա աշխատանքը յուլիսին գնահատել է որպէս «ընդհանրապէս բացասական»՝ 1%-ով ցածր, քան մայիսին:
– 14.5%-ը նրա աշխատանքը յուլիսին գնահատել է որպէս «աւելի շուտ բացասական»՝ 4%-ով ցածր մայիսի համեմատ:
– Մասնակիցների 10.1%-ն ասել է, որ «դժւարանում է պատասխանել» հարցին:
Սա նշանակում է, որ հանրութեան 35.1%-ը յուլիսին Փաշինեանի աշխատանքը գնահատել է որպէս «դրական» եւ «աւելի շուտ դրական»՝ մայիսի 27.8%-ի դիմաց, մինչդեռ մեծամասնութիւնը՝ 54.8%-ը, յուլիսին նրա աշխատանքը գնահատել է «բացասական» եւ «աւելի շուտ բացասական»՝ մայիսի 59.7 տոկոսի համեմատ։
Հարց․ «Եթէ յաջորդ կիրակի լինեն Խորհրդարանական ընտրութիւններ, ո՞ր կուսակցութեանը կամ կուսակցութիւնների դաշինքին կը տաք Ձեր ձայնը»։ Ահա նրանց պատասխանները.
1) Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը՝ 14.4%։
2) «Հայաստան» դաշինքին՝ 3.7%։
3) «ԴՕԿ/Դեմոկրատիա, օրէնք եւ կարգապահութիւն» կուսակցութեանը՝ 3.5%։
4) «Պատիւ ունեմ» դաշինքին՝ 2.3%։
5) Բագրատ Սրբազանին՝ 1.5%։
6) «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեանը՝ 1.2%։
7) «Հանրապետութիւն» կուսակցութեանը` 0.6%։
8) Այլ՝ 2%։
9) Ոչ մէկին՝ 8.6%։
10) Հրաժարւում են պատասխանել՝ 29.6%։
11) Չեն մասնակցելու ընտրութիւններին՝ 32.5%։
Այս թւերը կարեւոր պատկերացում են տալիս յաջորդ ընտրութիւնների վերաբերեալ: Փաշինեանի իշխող կուսակցութիւնը կը հաւաքի ընդամէնը 14.4 տոկոս, իսկ միւս կուսակցութիւնները, եթէ դաշինք կազմեն, կը հաւաքեն ձայների 14.8 տոկոսը։ Որպէսզի ընդդիմադիր կուսակցութիւնները դառնան մեծամասնութիւն յաջորդ խորհրդարանում, նրանք պէտք է ոչ միայն դաշինք կազմեն, այլեւ փորձեն ձայներ ստանալ մնացած 70.7 տոկոսից, որոնք հրաժարւել են պատասխանել կամ դժւարացել են պատասխանել կամ չեն քւէարկելու։
Հարցին՝ «Հայաստանն ընդհանուր առմամբ շարժւում է ճի՞շտ, թէ՞ սխալ ուղղութեամբ», հարցւողները պատասխանել են.
– «Լիովին ճիշտ»՝ 15.2%։
– «Աւելի շուտ ճիշտ»՝ 10.6%։
– «Ընդհանրապէս սխալ»՝ 28.5%։
– «Աւելի շուտ սխալ»՝ 23.1%։
– «Դժւարանում եմ պատասխանել»՝ 22.5%։
Սա նշանակում է, որ մեծամասնութիւնը՝ 51.6%, կարծում է, որ երկիրը սխալ ուղղութեամբ է շարժւում։ Միայն 25.8%-ն է կարծում, որ այն շարժւում է ճիշտ ուղղութեամբ։ Սա լաւ բան չի յուշում Փաշինեանի եւ նրա իշխող կուսակցութեան համար։
Հարցին, թէ արդեօք Հայաստանը պէտք է փոխի՞ իր Սահմանադրութիւնը, ինչպէս որ նախագահ Ալիեւն է պահանջել, հանրութիւնը պատասխանել է․
– 80.3%-ը յուլիսին ասել է ոչ, որն աւելի քան կրկնապատկւել է յունւարի 38.1%-ի համեմատ:
– 11.7%-ը յուլիսին ասել է, որ որոշ դրոյթներ պէտք է փոխել։ Յունւարին նոյն բանն ասել է 34.2%-ը։
– 3.3%-ը յուլիսին ասել է, որ լիովին նոր Սահմանադրութիւն է անհրաժեշտ։ Յունւարին նոյն բանը ասել է 13.4%-ը։
– 4.7%-ը յուլիսին չի կարողացել պատասխանել, իսկ հունվարին չի կարողացել պատասխանել 14.4%-ը։
Սա շատ կարեւոր հարց է, քանի որ Փաշինեանը՝ Սահմանադրութիւնը փոխելու հարցում համաձայնել է Ալիեւի հետ, մինչդեռ հասարակութեան 80.3%-ը դէմ է դրան։
Հարցին՝ «Ինչպէ՞ս էք գնահատում Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի նախաձեռնած «Տաւուշը յանուն Հայաստանի» շարժումը», հասարակութիւնը պատասխանել է․
– «Լիովին դրական»՝ յուլիսին 18.3%, ինչը զգալիօրէն նւազել է մայիսի 35.1%-ի համեմատ:
– «Աւելի շուտ դրական»՝ 15.5%, մի փոքր ցածր մայիսի 17.8%-ից:
– «Ընդհանրապէս բացասական»՝ յուլիսին 32.4%, ինչը գերազանցում է մայիսի 23.5%-ը։
– «Աւելի շուտ բացասական»՝ յուլիսին 14.9%, մի փոքր աւելի, քան մայիսի 10%-ը։
– Չի կարողացել պատասխանել՝ յուլիսին 18.9%-ը, մայիսին՝ 13.6%-ը։
Պատասխանները վկայում են հայ հասարակութեան կողմից արքեպիսկոպոսի շարժմանն աջակցելու նւազող միտման մասին:
Հարցին՝ «Ըստ Ձեզ՝ արդեօ՞ք Հայաստանը պէտք է անդամակցի Եւրոմիութեանը»։
– 34.2%-ն ասել է՝ «միանշանակ այո»։
– 22.5%-ն ասել է, որ «աւելի շուտ այո»:
– 19.1%-ն ասել է՝ «միանշանակ ոչ»:
– 13.7%-ն ասել է, որ «աւելի շուտ ոչ»:
– 10.5%-ն ասել է, որ «դժւարանում է պատասխանել» հարցին։
Սա վկայում է այն մասին, որ 56.7%-ը կողմ է Հայաստանի անդամակցութեանը ԵՄ-ին, իսկ 32.8%-ը դէմ է դրան։ Մեծամասնութիւնը համաձայն է Փաշինեանի հետ։ Կարծում եմ, որ սա անիրատեսական ցանկութիւն է հայ ժողովրդի եւ վարչապետի կողմից, քանի որ Հայաստանի տնտեսութեան մեծ մասը կապւած է Ռուսաստանի հետ, եւ այդ կարեւոր կապի ցանկացած խափանում կործանարար ազդեցութիւն կունենայ Հայաստանի տնտեսութեան վրայ: Եւրոմիութեանը կողմնակիցների արձագանգը հիմնականում պայմանաւորւած է Հայաստանի հանրութեան մեծ հիասթափութեամբ Ռուսաստանից՝ Հայաստանին ռազմական ճանապարհով օգնութեան չգալու համար։ Միւս կարեւոր խնդիրն այն է, թէ արդեօք ԵՄ-ն թոյլ կը տայ Հայաստանին միանալ իրեն։ Ինչպէս գիտենք, Թուրքիան տասնամեակներ շարունակ անյաջող կերպով փորձում է անդամակցել ԵՄ-ին, իսկ Վրաստանը նոյնպէս տարիներ շարունակ փորձում է անդամակցել ԵՄ-ին։ Հայաստանը երկար տարիներ սպասելու է:
Նման մի հարց է տրւել, թէ «Արդեօ՞ք Հայաստանը պէտք է դուրս գայ Եւրասիական տնտեսական միութիւնից (ԵԱՏՄ) եւ սկսի Եւրոմիութեանն անդամակցելու գործընթացը»։
– 28.8%-ն ասել է՝ «միանշանակ այո»:
– 17.3%-ն ասել է, որ «աւելի շուտ այո»:
– 21.4%-ն ասել է՝ «միանշանակ ոչ»:
– 15.6%-ն ասել է, որ «աւելի շուտ ոչ»:
– 16.9%-ն ասել է, որ «դժւարանում է պատասխանել» հարցին։
Սա խօսում է այն մասին, որ հասարակութեան 46.1%-ը կողմ է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, իսկ 37%-ը դէմ է ԵԱՏՄ-ից դուրս գալուն։
Յաջորդ հարցը. «Արդեօ՞ք Հայաստանը պէտք է դուրս գայ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնից (ՀԱՊԿ) եւ ձգտի միանալ ՆԱՏՕ-ին։
– 44.3%-ը յուլիսին ասել է. «Հայաստանը չպէտք է որեւէ կառոյցի անդամ լինի. պէտք է լինել չէզոք երկիր»։ Փետրւարին նոյն պատասխանը տւել էր 40.3%-ը։
– «Հայաստանը պէտք է շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին» յուլիսին ասել է 16.9%-ը։ Փետրւարին նոյն պատասխանը տւել էր 28%-ը։
– 29%-ը յուլիսին ասել է, որ «պէտք է ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին»: Փետրւարին նոյն պատասխանը տւել էր 22.5%-ը։
– 9.8%-ը յուլիսին ասել է, որ «դժւարանում է պատասխանել» հարցին, իսկ փետրւարին նոյն պատասխանը տւել էր 9.2%-ը։
Ոչ զարմանալիօրէն, այս պատասխանները վկայում են Հայաստանի հասարակութեան հետաքրքրութեան նւազման միտման մասին՝ կապւած Ռուսաստանի հետ եւ Արեւմուտքի նկատմամբ հետաքրքրութեան աճով: Այնուամենայնիւ, ՆԱՏՕ-ին միանալու ցանկութիւնը անիրատեսական ցանկութիւն է:
Այս վերջին հարցախոյզը ցոյց է տալիս հայ հասարակութեան շարունակական դժգոհութիւնը Փաշինեանի եւ նրա կուսակցութեան նկատմամբ եւ հանրութեան հետաքրքրութիւնը Ռուսաստանից դէպի Արեւմուտք թեքւելու հարցում:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ