ԻրանՄիջազգային

Իրանում Ռուսաստանի հաւատարմատարը կանչւել է ԱԳՆ

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան Պարսից ծոցի հարցերով գլխաւոր տնօրէնը երէկ՝ երեկոյեան, Արտգործնախարարութիւն է կանչել Իրանում Ռուսաստանի դեսպանատան հաւատարմատարին եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան խիստ բողոքն է փոխանցել նրան: Բողոքը առնչւում է Ռուսաստանի կառավարութեան կողմից Մարոկկոյում արաբա-ռուսական համագործակցութեան ֆորումի վեցերորդ նիստի յայտարարութեան մէջ Իրանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան դէմ անհիմն յայտարարութեանը կրկին աջակցելուն:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ հանդիպման ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարութեան պատկան պաշտօնատարը յիշեցնելով երկրների ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը յարգելու անհրաժեշտութիւնը, որպէս երկրների յարաբերութիւններում ճանաչւած եւ հիմնական սկզբունքներից մէկը, յստակեցրել է Պարսից ծոցում իրանական եռեակ կղզիների՝ Իրանին յաւերժական պատկանելութեան մասին եւ շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութիւնը այդ մասին որեւէ կողմի, որեւէ յայտարարութիւն համարում է մերժւած եւ անընդունելի:

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի հաւատարմատարը շեշտել է, որ Իրանի բողոքն անյապաղ փոխանցելու է Ռուսաստանի ԱԳՆ-ին:

Related Articles

Back to top button