ՄիջազգայինՔաղաքական

PKK-ն յայտարարել է, որ այլեւս քայլեր չի ձեռնարկի խաղաղութեան ուղղութեամբ, քանի դեռ Թուրքիան չի ազատել Աբդուլլահ Օջալանին

«ԱԼԻՔ» – PKK բարձրաստիճան հրամանատարն AFP-ին յայտարարել է, որ PKK-ն այլեւս որեւէ քայլ չի ձեռնարկի Թուրքիայի հետ շարունակւող խաղաղ գործընթացի շրջանակում՝ կոչ անելով Անկարային շարունակել բանակցութիւնները եւ ազատ արձակել կուսակցութեան հիմնադիր Աբդուլլահ Օջալանին։

«PKK-ի առաջնորդի ձեռնարկած բոլոր քայլերն արդէն իրականացւել են… այլեւս նոր գործողութիւններ չեն լինի»,- ասել է հրամանատար Ամէդ Մալազգիրթը շաբաթ օրը՝ Իրաքի հիւսիսում գտնւող Քանդիլի լեռների բունկերից։

«Այս պահից մենք կը սպասենք, որ թուրքական պետութիւնը ձեռնարկի քայլեր, եւ հէնց նա պէտք է դրանք իրականացնի»,- յաւելել է նա։ Երկու պահանջ կայ, նշել է հրամանատարը։

«Նախ՝ առաջնորդի ազատութիւնը. առանց դրա գործընթացը յաջողութեամբ չի աւարտւի։ Երկրորդ՝ Թուրքիայի կողմից սահմանադրական եւ պաշտօնական մակարդակով քուրդ ժողովրդի ճանաչումը»,- ընդգծել է նա։

PKK-ի կին-աւագ հրամանատար Սերդա Մազլում Գաբարը AFP-ին ասել է. «Քանի դեռ ղեկավարութիւնը գտնւում է բանտում, քուրդ ժողովուրդը չի կարող ազատ լինել։ Եւ մենք՝ պարտիզաններս, չենք կարող մեզ ազատ զգալ»։

«Մեր ազատութեան ճանապարհն անցնում է մեր ղեկավարութեան ազատութեան միջոցով»,- յաւելել է նա։

 Նշենք, որ Օջալանը խաղաղ գործընթացը ղեկավարում է Իմրալի կղզում իր խցից, որտեղ նա մեկուսացւած է պահւում 1999 թւականից։

Related Articles

Back to top button