Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Ազդեցութեան գործակալները, Բաքւից վերադառնալով, բացայայտ ադրբեջանական քարոզչութիւն են անում»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պէտք է իմանայ՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ ժողովրդի հետ որեւէ կապ, առնչութիւն չունեն։ Իրենք հանդիպել են իրենց ազդեցութեան գործակալների հետ։ Հետեւաբար, նրանք չեն կարող ներկայացնել հայկական կողմը, հայ ժողովրդին»: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին երէկ՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ-ում, լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը՝ պատասխանելով հայ հասարակութեան ներկայացուցիչների եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաների Բաքւում հանդիպումների, այդ հանդիպումներից յետոյ հայ հասարակութեանը յղւած ուղերձների մասին հարցին։

Իշխան Սաղաթէլեանի բնութագրմամբ՝ Ադրբեջան մեկնած հայ պատւիրակները մեր երկրում Ադրբեջանի շահերը առաջ տանողներ են եւ հայ ժողովրդի, հայկական պետականութեան, մեր ինքնութեան հետ առնչութիւն չունեն․ «Դրանք ազդեցութեան գործակալներ են, որ սպասարկում են այդ պետութիւնների շահերը։ Այստեղ միակ լաւ բանն այն է, որ արդէն սկսել են բացայայտ այդ ամէն ինչն անել։ Ինչ վերաբերում է Բաքւում գտնւող մեր ռազմագերիներին, սա հայ ժողովրդի ամօթն է, խայտառակութիւնն է, իրենք Բաքւում են նաեւ այս իշխանութեան գործունէութեան արդիւնքում։ Հայաստանի այսօրւայ վարչախումբը անմիջական մեղսակցութիւն ունի Արցախի հայաթափման, էթնիկ զտման, ցեղասպանութեան, Բաքւում գտնւող ռազմագերների հարցում։ Իրենք այդ հարցով չեն զբաղւել ու շարունակում են չզբաղւել։ Ադրբեջանի զօրքերը գտնւում են Հայաստանի տարածքում, իսկ ռազմագերիները Բաքւի բանտերում, ու տեսէք իրենց սրիկայութեան աստիճանը, ասում են՝ Հաջիեւը մեզ փոխանցել է, որ գնացէք հայ ժողովրդին փոխանցէք, որ պատերազմ չի լինելու, տարածքային պահանջներ չկան։ Մի հատ դուրս բերէք Հայաստանի տարածքից ձեր զօրքերը, ինչո՞ւ չէք դուրս բերում»։

Related Articles

Back to top button