Արտակ Զաքարեան. «Նիկոլի մօտ տագնապ կայ ոչ այդքան Արցախի դէմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող աւելի մեծ աղէտի մասով»
«ԱԼԻՔ» – ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարեանը գրում է.
«Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խօսել նախագահների հետ:
Ինչպէս ինքն է ասում՝ բացի բանավէճից, ցանկանում է նաեւ հրապարակային խօսել Հայաստանի ապագայի ռազմավարութեան մասին: Այն ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, վերջին վեց տարիներին, ուղղակի թոյլ չի տալիս հաւատալ Նիկոլի անկեղծութեանը:
Ապագայի ռազմավարութեան մասին Նիկոլ Փաշինեանի հետ խօսելու համար, նախ պէտք է վստահ լինել, որ նա գիտի՞ «ռազմավարութիւն» բառի իմաստը: Որովհետեւ, եթէ իմանար՝ Հայաստանը գոյաբանական սպառնալիքների առջեւ չէր կանգնեցնի:
Աւելի խորանալով նրա բանավէճային առաջարկի ձեւակերպումների մէջ, այնպիսի տպաւորութիւն է, որ Նիկոլի մօտ ընդգծւած տագնապ կայ ոչ այդքան Արցախի դէմ գործած իր մեղքերի, որքան ապագայում ՀՀ-ին սպառնացող աւելի մեծ աղէտի մասով:
Ենթադրաբար, նա արդէն գիտակցում է, որ «Արցախը յանձնենք՝ հանգիստ ապրենք» դաւադիր գաղափարը շատ աւելի ծանր բեռի տակ է դրել Հայաստանի կառավարութեանն ու հայ ժողովրդին: Ամբողջովին տապալւած ու ամէն ինչում ձախողւած ղեկավարը, կարծես թէ լատենտ օգնութիւն էր խնդրում երկրի ամենափորձառու մարդկանցից՝ նախկին նախագահներից:
Իսկ իմաստ ունի՞ արդեօք ապագայի մասին, հրապարակային խօսակցութիւն ծաւալել եւ խորհուրդներ տալ մի մարդու, ով 2021 թ. բոլորին խոստանում էր, որ «Ապագայ կայ»:
Իմաստ ունի՞ արդեօք, որեւէ բան քննարկել մի մարդու հետ, ով յանուն իշխանութեան պատրաստ է տրորել ցանկացած կարմիր գիծ, պատրաստ է զոհել հազարաւոր կեանքեր, կարող է իր կայացրած քաղաքական որոշումների պատասխանատւութիւնից խուսափել ու այլոց մեղադրել:
Իր իշխանութեան վեց տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս Նիկոլի մտքով ինչո՞ւ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետեւանքների մասին: Եւ վերջապէս, ինչո՞ւ է Փաշինեանը նախագահներին հիմա հրաւիրում ապագայի ռազմավարութեան մասին խօսելու…
«Խաղաղութեան խաչմերուկն» ու Ադրբեջանի հետ խաղաղութեան գործընթացն այլեւս յուսադրող չէ: Ձախողւել եւ/կամ տապալւել է երկրի անվտանգութեան կոնցեպտը, արտաքին յարաբերութիւններում լիակատար քաոս է, տարածաշրջանում կարող է պայթել նոր պատերազմ, տնտեսութիւնը սկսել է ծանր շնչել, աճում է ՀՀ կառավարութիւնից քաղաքացիների դժգոհութիւնը, ՔՊ-ում սկսել են չենթարկւել եւ այլն…
Այս իրավիճակում, նա պէտք է ոչ թէ հրապարակային բանավէճի հրաւիրի (իմանալով, որ չեն գնալու) եւ ձեռքի հետ էլ փորձի էժան դիւիդենտներ փախցնել, այլ, վաղուց պէտք է խնդրագիր ուղարկեր նախկին նախագահներին եւ ճգնաժամային կառավարման խորհուրդ ձեւաւորելու առաջարկութեամբ հանդէս գար: Այսօր գոնէ Արցախի յետպատերազմեան մասը կը պահպանւէր, Սիւնիքին սպառնացող վտանգները կը չէզոքանային ու այսքան աղէտալի վիճակում չէին լինի Հայաստանի գործերը:
Կընդունէին առաջարկը թէ, ոչ՝ այլ հարց է: