Հրադադարը հրամայական է, միջազգային օժանդակութիւնը՝ խիստ անհրաժեշտ
«Իրավիճակը բաւականին ծանր է՝ Իսրայէլը չի դադարեցնում իր օդային եւ ցամաքային յարձակումները… Սկզբում յայտարարում էին սահմանափակ տեղայնական ներխուժման մասին, այժմ ասում են՝ կենտրոնացած որոշակի ներխուժում է, ինչ-որ բառակապակցութիւններ են փոխում՝ բնութագրելու համար գործողութիւնների ընդհանուր բնոյթը… Ահաւոր քանդումներ են, հրդեհներ, յատկապէս Բէյրութի հարաւային արւարձաններում եւ ընդհանրապէս Լիբանանում՝ Բեկաա, Բաալբեկ, Հերմել… Անգամ քրիստոնեայ շրջաններն են հրթիռակոծւել…
21-րդ դարի նոր մեթոդաբանութեամբ պատերազմ է ընթանում, որտեղ օդային, ցամաքային յարձակումներ են, տեխնոլոգիայի լիարժէք օգտագործում: Նկատի ունեմ ռացիաների եւ փէյջերների հաւաքական պայթիւնները, որոնք պատերազմի սանձազերծման սկզբում կիրառւեցին… Աննախադէպ հրթիռներ են օգտագործւում շէնքերի բունկերներին հասնող՝ շատ թիրախային, անօդաչուներ»,- Aravot.am հետ զրոյցում ասաց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:
«Այս պատերազմը նախ Գազայում էր, եւ այնպէս էր, որ Լիբանանն ածանցեալ էր. եթէ այնտեղ թէժանում էր, այստեղ եւս գործողութիւնները թէժանում էին: Եթէ հրադադարի շուրջ համաձայնութիւն լինէր, անդրադառնալու էր նաեւ Լիբանան-Իսրայէլ սահմանագծի վրայ կայանալիք հրադադարին, բայց հիմա բոլորի ուշադրութիւնը Լիբանանի վրայ է, Իսրայէլը ճակատային ուղղութիւնը փոխել է, պատերազմի աշխարհագրութեան ուղղութիւնը փոխւել է, ինչը որոշակի առումով պայմանաւորւած է նաեւ ներիսրայէլեան գործընթացներով:
Գազայի դէպքում իսրայէլցի ժողովուրդը բողոքի ցոյցեր էր անցկացնում իր կառավարութեան դէմ, որ հրադադար հաստատի, պատերազմական գործողութիւններն աւարտւեն: Այստեղ, ի տարբերութիւն Գազայի, չկան բողոքներ, ընդհակառակը՝ կայ որոշակի զօրակցութիւն: Գոնէ մինչեւ վերջերս դրսում յօգուտ պաղեստինցիների սատար կանգնելու ցոյցեր էին լինում համալսարաններում, անգամ ԱՄՆ-ում, «Հեզբօլլահ»-ի աջակցութեան նման դրսեւորումներ չեն եղել առ այս պահը: Քաղաքական առումով Ֆրանսիայի արտգործնախարարը օրերս այցելեց Լիբանան եւ առաջացրեց ՄԱԿ-ի 1701 բանաձեւի գործածութիւնն ու Հանրապետութեան նախագահի ընտրութիւնը: Մի քանի օր առաջ Իրանի արտգործնախարարն էր այստեղ եւ իր հնչեցրած յայտարարութիւններում հիմնական առանցքային 2 կէտեր կային, որ Իրանը դիւանագիտական նախաձեռնութեամբ հանդէս է գալու ապահովելու համար տարբեր երկրների զօրակցութիւնն ու աջակցութիւնը Լիբանանին, նախաձեռնելու է նաեւ Իսլամական վեհաժողով՝ քննարկելու Լիբանանում տիրող իրավիճակը:
Իսլամական վեհաժողովը հայկական ոսպնեակից դառն յուշեր է արթնացնում այն առումով, որ այնտեղ թուրք-ադրբեջանական տանդեմն ակտիւ աշխատում էր, բանաձեւեր անցկացնելու առումով, բայց հիմա օրակարգը Լիբանանն է, Գազան է, պատերազմն է, տարածաշրջանն է: Եթէ վեհաժողովը կայանայ, կարծում եմ՝ Թուրքիան հանդէս կը գայ Իսրայէլի հասցէին ամենածանր մեղադրանքներով:
Այստեղ, թերեւս, դերերի բաշխում է գրանցւել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ. Թուրքիան ամենասուր քննադատութիւններն է հնչեցնում, անգամ ցեղասպան պետութիւն է որակում Իսրայէլին, մինչդեռ Ադրբեջանը խորացնում է իր համագործակցութիւնը Իսրայէլի հետ, որը Ադրբեջանի գլխաւոր սպառազինողներից է: Գազ՝ սպառազինութեան դիմաց բանաձեւն է աշխատում այս երկու երկրների համագործակցութեան խորքում՝ տարբեր ուղղութիւններով: Թէեւ Թուրքիան հռետորաբանական առումով սուր մեղադրանքներ է հնչեցնում, բայց նաեւ թոյլատրում է էներգիայի աղբիւրների եւ տարբեր ապրանքատեսակների հոսքը դէպի Իսրայէլ: Այսինքն, գործնական գետնի վրայ այդ համաձայնութիւնները չեն չեղարկւել, եւ դեկլարատիւ առումով է Թուրքիայի դատապարտումը»,- նշում է «Ազդակի» գլխաւոր խմբագիրը:
Նաեւ յաւելում է. «Էրդողանը Ազգային ժողովի իր ելոյթում յայտարարել է, որ Գազայից եւ Լիբանանից յետոյ Իսրայէլը թիրախաւորելու է Թուրքիան: Իհարկէ, թուրքական մամուլը սա մեկնաբանեց ո՛չ ուղղակի թուրքական տարածքների վրայ իսրայէլական յարձակում, այլ՝ օժանդակութիւն քրդական զինեալ խմբաւորումներին, ինչը գլխաւոր սպառնալիք է անվտանգային առումով Թուրքիայի համար: Բոլորի համար պարզ է, որ Իսրայէլը որոշակի առումով հովանաւորում է նաեւ քրդական խմբաւորումներին»:
Շահան Գանտահարեանն ընդգծում է, որ այս պահի դրութեամբ հրադադարը դեռեւս տեսանելի չէ, որովհետեւ Իսրայէլը նախապայմաններ ունի՝ «Հեզբօլլահ»-ի ուժերը պէտք է յետ քաշւեն մինչեւ Լիբանանի հիւսիսային հատւած, եւ «Հեզբօլլահ»-ը պէտք է ամբողջովին զինաթափւի:
«Մէկ շաբաթ է, ինչ յայտարարւել է ներխուժման մասին, բայց ներխուժումը չի իրականացւել, իսրայէլական ուժերը չեն մտել լիբանանեան տարածքներ: Սա ոչ միայն հերքում է «Հեզբօլլահ»-ը, այլեւ հերքում են միջազգային խաղաղապահ առաքելութեան կենտրոնից: Այսինքն՝ «Հեզբօլլահ»-ը դիմադրում է, եւ Իսրայէլը հրապարակում է իր զոհերի, տուժածների մասին:
Մի կողմից՝ հարաւում դիմադրում, դիմակայում կայ, միեւնոյն ժամանակ սարսափելի օդային յարձակումներ են ոչ միայն երկրի հարաւային հատւածում, Բէյրութի տարբեր շրջաններում: Փախստականների հսկայ ալիք է: Մի քանի օր առաջ արդէն պաշտօնական թւեր էին նշում՝ 1 մլն. 200 հազարն անցել է փախստականների թիւը: Նրանց մի փոքր մասը մեկնում է Սիրիա, բայց արդէն քանդւել է Լիբանանից Սիրիա գնալու ճանապարհը: Կան այլ սահմաններ եւս, բայց իսրայէլեան յարձակումները թիրախաւորում են Սիրայի տարածքների որոշ հատւածներ, որտեղ սիրական, ռուսական հովանաւորութեան յենակէտեր կան… Աշխարհագրութիւնն ընդլայնւում է, թիրախայինից դէպի ծաւալայինի անցման արանքում գտնւող պատերազմ է՝ իր ծանրագոյն հետեւանքներով»,-ասում է մեր զրուցակիցը:
Զրոյցի ժամանակ, բնականաբար անդրադարձ եղաւ նաեւ լիբանանահայութեանը: «Հայ քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչները յաճախ անցկացնում են համատեղ նիստեր, քննարկում են եւ տարածաշրջանային եւ լիբանանեան ռազմաքաղաքական ամենահրատապ իրադարձութիւնները, հաւանական սցենարներին ընդառաջ՝ նախապատրաստւելու, համայնքային միասնականութիւնը պահպանելու համար, կոչ են անում չներքաշւել որեւէ սադրանքի մէջ, որովհետեւ եթէ արտաքին սուր, շատ վտանգաւոր մարտահրաւէրների դիմակայող երկիրը ներքին խնդիրներ էլ ունենայ, դա աղետաբեր կը լինի: Կոչ են անում Լիբանանում գործող հայ բարեսիրական, մարդասիրական կազմակերպութիւններին համակարգւած աշխատել գաղթականների ալիքի հետ, հայահոծ թաղամասերի մօտ յայտնւելու դէպքում ծառայութիւններ տրամադրել՝ կենցաղային, սոցիալական, սննդի, դեղորայքի եւ այլն:
Որոշել են այդ նիստերը յաճախակի անցկացնել, որպէսզի համայնքը միասնական եւ համակարգւած փորձի յաղթահարել ճգնաժամը: Ցաւօք, միարժէք չեն աշխատում պետութեան ինստիտուտները, տարբեր ճգնաժամերի կուտակում է առաջացել, նախագահ չկայ, կառավարութիւնը հրաժարական է ներկայացրել, աշխատում են ընթացիկ աշխատանքներ վարելու սահմանափակ իրաւասութիւններով, ֆինանսատնտեսական ճգնաժամը շարունակւում է, նաեւ անվտանգային խնդիրներ կան, պատերազմական գործողութիւններ են՝ դրանից բխած բոլոր խնդիրներով:
Ասեմ նաեւ, որ Լիբանանում Հայաստանի դեսպանի եւ դեսպանութեան անձնակազմի հետ եւս խորհրդակցութիւններ են անցկացւում ընդհանուր իրավիճակի մասին: Առ այս պահը տարհանման գործողութիւններ չեն իրականացւում, օտարերկրեայ դեսպանութիւնները եւս չեն գնացել այդ քայլին: Իհարկէ, յորդորել են իրենց քաղաքացիներին չմեկնել Լիբանան, իսկ այստեղ գտնւող իրենց քաղաքացիներին՝ չայցելել ռազմագօտիներ կամ վտանգաւոր վայրեր: Բայց երեւի կը գայ պահը, երբ կը յորդորեն անյապաղ լքել Լիբանանի տարածքը, ինչպէս արւել է նախկինում:
Այս պահին փակուղուց դուրս գալու ելքերը տեսանելի չեն, միակ ճանապարհը հրադադարի հաստատումն է, որին կը յաջորդեն բանակցութիւնները: Եւ չնայած պաշտօնական Բէյրութը խօսում է ՄԱԿ-ի 1701 բանաձեւի մասին (վերաբերւում է «Հեզբօլլահի» եւ Լիբանանի միջեւ ռազմական գործողութիւնների ամբողջական դադարեցման իրականացմանը- Գ.Յ.), բայց այդ առումով եւս քայլեր անելու միտումներ դեռեւս տեսանելի չեն»,-տեղեկացրեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիրը:
Նրա ձեւակերպմամբ, երկրից դուրս գալու խուճապային հոսք չկայ, թէեւ օտար աւիաընկերութիւնները չեղարկել են իրենց թռիչքները, լիբանանեան ընկերութիւնն աշխատում է, օդային կապը Երեւանի հետ ապահոված է, եթէ իրավիճակը սրւի, խնդիրը կը քննարկւի Հայաստանի դեսպանութեան հետ:
«Ինչպէս արդէն նշեցի, այս պահի հրամայականը հրադադարի հաստատումն է, որովհետեւ փախստականների մեծ հոսքեր կան, անօթեւան մարդիկ, մարդասիրական աղէտ է երկրում, ակնկալւում է միջազգային օժանդակութիւն Լիբանանին, որպէսզի հնարաւոր լինի յաղթահարել մարդասիրական ճգնաժամը, իսկ անվտանգային առումով, հրադադարի հաստատումն է օրախնդիր»,-յաւելեց Շահան Գանտահարեանը:
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ