Արմէն Աշոտեան. «Նիկոլի բանաւոր խոստումները աւելի վտանգաւոր են, քան նոյնիսկ գրաւոր պարտաւորութիւնները»
«ԱԼԻՔ» – «Ակնյայտ է, որ գործող իշխանութիւնների օրօք Հայաստանը ունակ չէ իր շահերը յաւուր պատշաճի ներկայացնել, բանակցել եւ պաշտպանել որեւէ երկրի, յատկապէս՝ Ադրբեջանի հետ։ Եթէ նոյնիսկ բազմապատկման աղիւսակի շուրջ բանակցեն։ Էլ ուր մնաց ջրային ռեսուրսների լրջագոյն հարցով»: Այս մասին ասել է տնային կալանքում գտնւող ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը «5 հարց՝ Արմէն Աշոտեանին» հեռակայ զրոյցի շրջանակներում՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:
Նա պատասխանել է հետեւեալ հարցին. «Օրերս յայտնի դարձաւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ԱՄՆ հովանու ներքոյ բանակցում են ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ։ Մի տեսակ անհանգստացնող լուր էր։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը»։
Աշոտեանը նշել է. «Այսքանից յետոյ էլ աւելի նեարդայնացնող էր, որ նման կարեւորագոյն տեղեկատւութեան մասին հայ ժողովուրդը ստանում է Բաքւում ԱՄՆ դեսպանի ելոյթից։ Այս տհաճ իրողութիւնը կրկին ապացուցում է, որ Նիկոլը հայ ժողովրդի մէջքի հետեւում, հայ ժողովրդի հաշւին թաքուն պայմանաւորւածութիւնների է գնում բոլորի, այդ թւում՝ մեր հակառակորդների հետ։
Նիկոլի բանաւոր խոստումները աւելի վտանգաւոր են, քան նոյնիսկ գրաւոր պարտաւորութիւնները։ Կասկած չունեմ, որ իշխանափոխութիւնից յետոյ էլ աւելի սահմռկեցուցիչ փաստեր են ի յայտ գալու»։