Հայաստան - Արցախ

Քրիստինէ Վարդանեան. «Արցախ վերադառնալու համար պէտք է պահել Արցախի պետական կառոյցներն ու իշխանութիւնը»

«ԱԼԻՔ» – Արցախի հարցը փակւած չէ մեզ համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գրասենեակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանն՝ անդրադառնալով «Վերադարձ» խորագրով միջոցառմանը, որը նւիրւած է Արցախի Հանրապետութեան անկախութեան 33-ամեակին:

«Միջոցառման անունը՝ «Վերադարձ», պատահական չէ ընտրւած։ Անւան իմաստն է՝ նախ Արցախը վերադարձնել, ու յետոյ՝ արցախցիները վերադառնան Արցախ։ Այդ օրը փորձել ենք ներկայացնել մեր հայեցակարգային այլընտրանքը։ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինեանը յայտարարում են, որ Արցախի հարցը փակւած է։ Մենք ասում ենք՝ այդ հարցը մեզ համար փակւած չէ։ Չի կարող ուժի գործադրմամբ, էթնիկ զտումով, ցեղասպանութիւն իրականացնելով հարց լուծւի տարածաշրջանում։

Նա նկատել է՝ առաջին ու ամենակարեւոր քայլը պէտք է լինի արցախցիների վերադարձը, որ էլի կարողանան խօսել ինքնորոշումից։

«Մենք երկար տարիներ եղել ենք այն ուժը, որ պայքարել է Արցախի ինքնորոշման համար, հազարաւոր նահատակներ ենք այդ ճանապարհին ունեցել, հիմա, ցաւօք սրտի, խօսում ենք Արցախ վերադարձի իրաւունքի մասին՝ այն պայմաններում, երբ Արցախը հայաթափւած է։ Մենք ծայրայեղ վատ կէտում ենք, ուրեմն առաջին ռացիոնալ քայլը պէտք է լինի մտածելը, թէ ինչպէս հայերը պիտի վերադառնան Արցախ, նորից ապրեն Արցախում, որ էլի կարողանանք խօսել ինքնորոշումից ու այլ իրաւունքներից։ Առաջին քայլը հայեցակարգի վերադարձն է։

Մենք ամբողջական, ոչ թէ անհատական վերադարձի մասին ենք խօսում։ Մենք խօսում ենք միջազգային երաշխիքների մասին ու Արցախը հէնց այս կէտով բանակցութիւնների օրակարգ վերադարձնելու մասին։ Ասում ենք՝ կան բոլոր նախադրեալները այս օրակարգը բերելու բանակցային օրակարգ։ Այդ մասին ասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ու հէնց սա է մեր վահան»,- կարծում է մեր զրուցակիցը։

Վարդանեանի կարծիքով՝ Արցախ վերադառնալու համար առաջին հերթին պէտք է պահել Արցախի իշխանութիւններն ու պետական կառոյցները։

«Եթէ մենք ուզում ենք Արցախ վերադառնալ, պիտի պահենք, փայփայենք Արցախի ձեւաւորւած իշխանութիւնները, Արցախի ժողովրդի ընտրութեան արդիւնքում ձեւաւորւած պետական ինստիտուտները։ Դա մեզ մի քայլով մօտեցնում է Արցախ վերադարձին։ Այստեղից է բխում, որ պիտի բացառել ներազգային թշնամանքը, ատելութեան քարոզը, բոլոր ատեաններում պիտի բարձրացնենք Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին։

Այս ամէնը ուղղակի կենացներ չեն։ Միոցառման ընթացքում էլ է ներկայացւել այս ամէնը, այս ուղղութեամբ աշխատանքներ տարւում են։ Մենք աշխարհի գրեթէ բոլոր ծայրերից ստանում ենք աջակցող ուղերձներ, որտեղ ԵԽ անդամներ, կառավարութեան անդամներ, ԱՄՆ կոնգրեսի, ՌԴ Պետդումայի ներկայացուցիչներ խօսում էին նոյն այս կէտերի մասին, վերադարձի իրաւունքի մասին՝ պաշտպանելով արցախցիների վերադարձի իրաւունքը։ Հէնց այս օրակարգից հրաժարւելն է յանգեցրել նրան, որ այսօր բանակցային սեղանի շուրջ միայն քննարկւում է՝ ինչ պէտք է զիջել, ոչ թէ ինչ իրաւունքներ մենք ունենք»,- եզրափակել է Քրիստինէ Վարդանեանը։

Related Articles

Back to top button