Ո՞ւմ եւ ինչո՞ւ է պէտք Փաշինեանի՝ «Մոսկւայի գիրկը վերադառնալու» մասին քաղաքական միֆը
Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծութիւն, որում մասնաւորապէս ասւում է.
«Օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինեանի ասուլիսի անսպասելի հետեւանքներից էին հայաստանեան քաղաքական, փորձագիտական եւ լրատւական դաշտում հնչած յայտարարութիւններն այն մասին, որ «Նիկոլ Փաշինեանը վերադառնում է Մոսկւայի գիրկը»։
Նման եզրակացութիւնների հիմնական պատճառն այն էր, որ նախ՝ Նիկոլ Փաշինեանը «միանշանակ եւ անվերադարձ» չյայտարարեց ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից եւ ՌԴ-ի շուրջ ստեղծւած այլ ինտեգրացիոն միաւորումներից դուրս գալու մասին, երկրորդ՝ իր յայտարարութիւնը, թէ Ռուսաստանի Դաշնութեան պէս երկրի հետ չի կարելի արհամարական տոնով խօսել:
Այնուամենայնիւ, եկէք աւելի մանրամասն վերլուծենք ասուլիսի ժամանակ տեղի ունեցածը եւ նաեւ վարկած առաջ քաշենք, թէ ինչու է հայ հասարակութեան մէջ տարածւում «Փաշինեանի՝ մոսկովեան նաւահանգիստ վերադարձի» մասին թէզը։
1. Նիկոլ Փաշինեանը մի կողմից բացառել է Ռուսաստանի Դաշնութեան ցանկացած մասնակցութիւնը տարածաշրջանային հաղորդակցութիւնների ապաշրջափակման գործընթացին, բացառել է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայութեան կողմից հաղորդակցութիւնների վերահսկողութիւնը, միւս կողմից՝ ոչ մի խօսք չի ասել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Օ’Բրայէնի այն յայտարարութեան մասին, թէ անհրաժեշտ են հաղորդակցութիւններ Հայաստանի Հանրապետութեան տարածքով, որպէսզի Կենտրոնական Ասիայի երկրների համար այլընտրանքային ճանապարհ ստեղծւի «համաշխարհային շուկաներ» դուրս գալու համար՝ շրջանցելով Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Չինաստանը։ Այսինքն՝ Պեկինի, Մոսկւայի եւ Թեհրանի դէմ ԱՄՆ-ի համար Հայաստանը «լոգիստիկ պահոց» վերածելը ՀՀ իշխանութիւնների համար ընդունելի սցենար է, բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթի կէտերի կատարումն անընդունելի։ «Պուտինի գիրկը վերադառնալու» շատ հետաքրքիր միջոց…
2. Կրկին օգտագործելով «ֆորպոստ» բառը, Փաշինեանը, փաստօրէն, մեղադրեց Ռուսաստանի Դաշնութեանը Հայաստանից արտագաղթի մէջ։ Փաշինեանի ընկալմամբ՝ Ռուսաստանը ստեղծել է Արցախի խնդիրը, որը ստիպեց մարդկանց լքել Հայաստանի Հանրապետութեան տարածքը։ Փաստօրէն, Փաշինեանի տրամաբանութեամբ, Ռուսաստանը «ժողովրդագրական ռումբ է տեղադրել Հայաստանի տակ»։ «Պուտինի գիրկը վերադառնալու» շատ հետաքրքիր միջոց…
3. Յատկանշական էր նաեւ, որ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց՝ «Ռուսաստանի նման երկրի հետ չի կարելի արհամարական տոնով խօսել»՝ ի պատասխան Փաշինեան ընտանեկան «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից կամ ռուսական այլ ինտեգրացիոն նախագծերից դուրս գալու մասին յայտարարութեան բացակայութեանը, ապա այստեղ կան մի շարք բաղադրիչներ․
1. Սա, ի թիւս այլ բաների, թոյլ է տալիս ՀՀ քաղաքական գործընթացի առանձին դերակատարներին յայտարարել, որ «Փաշինեանի հակառուսական վեկտորը ներկայացում է», քանի որ, օրինակ, Հայաստանի Հանրապետութիւնը շարունակում է մաս կազմել ռուսական ինտեգրացիոն նախագծերին, եւ Հայաստանի Հանրապետութեան ողբերգութիւնների եւ խնդիրների ողջ պատասխանատւութիւնը դնել Ռուսաստանի վրայ՝ համակարգւած բարձրացնելով ռուսաֆոբիայի մակարդակը Հայաստանում։
2. Շահարկել 2020 թւականի նոյեմբերի 9-ի յայտարարութեան թեման՝ յայտարարելով, որ Ռուսաստանի Դաշնութիւնն է սաբոտաժի ենթարկել դրա իրականացումը։
Եզրափակելով, արժէ ասել, որ նոյնիսկ «անզէն աչքով» տեսանելի է, որ նրանք, ովքեր ասում են, թէ «Նիկոլ Փաշինեանը Պուտինի նախագիծն է», իրենց յայտարարութիւնների թիրախային լսարան տեսնում են ոչ թէ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդին, այլ ԱՄՆ դեսպանատունը, ԵՄ դեսպանատունը: Այս դերակատարները ազդակներ են ուղարկում Վաշինգտոնին եւ Բրիւսէլին, որ «Փաշինեանն իրենց կը խաբի», ինչպէս նաեւ օգնութիւն են խնդրում այդ դերակատարներից՝ իրենց իշխանութեան գալու եւ «Հայաստանի Հանրապետութիւնն արեւմտեան կառոյցներին ինտեգրւելու իրական կուրս իրականացնելու» համար։
Ամէն ինչ առաւել քան ակնյայտ է, սակայն, քանի որ Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնութիւնը մէկ քայլանի «շախմատային կոմբինացիաների» գրոսմայստերներ են, նրանց թւում է, որ նման պարզունակ քայլը հաշւարկել չի ստացւի…
Մտածէ՛ք այդ մասին…»։