Դաշնակցական Բեմ

Պատմութեան կրկնութիւնը

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Նիկոլ Փաշինեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Խրիմեան Հայրիկի աւանդած պատկերացումները, յարդարել ենք, փաթեթաւորել ժապաւաններով ու ժանեակներով բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մէջ շատ բան չենք փոխել»։

Հաւանօրէն Փաշինեանը ինքն է, որ Հայրիկի պատկերացումներից ու պատգամից իր մէջ որեւէ բան չի փոխել, եթէ ոչ մեր ժողովուրդը, Հայրիկի յայտնի «երկաթէ շերեփ»-ի պատգամից յետոյ ճանաչեց աշխարհը եւ ժամանակին հասկացաւ, որ օտարից «մեզ ֆայդա չկայ»,  ի մասնաւորի քրիստոնեայ Եւրոպայից, եւ «վեհաժողովներում դրւած ազատութեան կաթսայի հարիսան, պիտի վերցնել երկաթեայ շերեփով եւ ոչ թէ  թղթեայ խնդրագրով», առ այդ  «ելաւ ու քոքեց իր թիֆանգ» եւ ազատագրական պայքարների եւ Մայիսեան հերոսական ճակատամարտերի շնորհիւ, վեց դար ստրկութեան խաւարից յետոյ, 1918 թւականին, 11,000 քմ. տարածքի վրայ կերտեց իր ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետութիւնը, որը երկու տարւայ ընթացում, «երկաթեայ շերեփով», վերատիրացաւ հայ ժողովրդին պատկանող տարածքներին եւ Հայաստանի տարածքը հասցրեց մինչեւ 60,000 քկ.-ի։

Դժբախտաբար Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը,  երկու տարի աւել կեանք չունեցաւ ու կործանւեց բոլշեւիկների եւ Աթաթուրքի անսուրբ դաշինքի գրոհների ներքոյ, եւ հայ ժողովրդի թշնամիները իրենց միջեւ բաժանեցին հայկական տարածքներն ու հայ ժողովրդին պատկանող 60,000 քկ.-ից բաժին թողեցին շուրջ 29,000-ը միայն։

Հայ ժողովուրդը աւելի քան 60 տարի, ապրելով բոլշեւիկեան բռնակալութեան ներքոյ, իր մտքում եւ հոգում անշէջ պահեց Հայրիկեան պայքարի ու ազատութեան ոգին, եւ 1991 թւականի սեպտեմբերին կերտեց իր երրորդ՝ Ազատ ու Անկախ Հայաստանի Հանրապետութիւնը, որն իր 30-ամեայ գոյութեան ընթացքում, իր քաջարի զաւակների արեան գնով, ազտագրեց մեր պատմական Հայաստանի 10-րդ նահանգը՝ Արցախը եւ իր յարակից շրջաններն Ադրբեջանի թունաւոր լծից, ընդլայնելով Հայաստանի տարածքը մինչեւ շուրջ 40,000 քկ.-ի։

Եւ ահա 2018 թւականին կրկնւեց հայոց պատմութեան ցաւոտ էջերից մէկը։ Նշեալ թւականին, «գունաւոր յեղափոխութեամբ» իշխանութեան հասած ՔՊ-ականները նախ երկրի քաղաքականութիւնը սկսեցին վարել իրենց զրոյական կէտից, որի արդիւնքում ի գին չորս հազար զոհերի, 11 հազար հաշմանդամների եւ մի քանի հարիւր գերիների, պարտւեցին 44-օրեայ պատերազմում, որից յետոյ պարտւողի ստորաքարշ հոգեբանութեամբ, իբր թէ սիրաշահելու նպատակով,  բոլշեւիկների նման, համաձայնութեան եկան Ալիեւի հետ եւ խաղաղութեան խաբուսիկ խոստումների ու «հող տանք որ լաւ ապրենք»-ի, ամբոխավարական լոզունգներով, խաբելով ժողովրդին, սկսեցին հողային զիջումներ կատարել ըստ հետեւալի.

Արցախի հայաթափումից եւ Ադրբեջանին յանձնելուց զատ, Ադրբեջանին են թողել, Հայաստանին պատկանող, (որոնք գրաւել է Ադրբեջանը նոյեմբեր 9-ի պայմանագրից յետոյ), աւելի քան 30 ռազմավարական նշանականութեան տարածքներ ու դիրքեր, ինչպիսիք են Սեւ լճի ափերը, Իշխանասարը, Շուռնուխը, Ջերմուկի բարձրունքները, Շորժան, Ներքին Հանդը, Կիրանցն ու  Տաւուշի 3 գիւղերը եւ այս բոլորից յետոյ, աւելի զարմանալին ու ցաւալին այն է, որ ՔՊ-ականները դեռ անամօթաբար, յայտարարում են, «լաւ ենք արել որ յանձնել ենք», հաւանօրէն դեռ մտածում են, Սիւնիքի հետ միասին այնքան զիջեն որ կարողանան իրականացնել Ալիեւի երազը, այն է Հայաստանը տեսնել որպէս «Արեւմտեան Ադրբեջան»-ի մի մասնիկ։

Երեւան

19.9.2024 թ.

Related Articles

Back to top button