ԻրանՄիջազգայինՔաղաքական

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ. «Իսրայէլի ագրեսիան ընդգծում է զանգւածային ոչնչացման զէնքերից զերծ տարածաշրջան ստեղծելու անհրաժեշտութիւնը»

«ԱԼԻՔ» – «Համաշխարհային հեռանկարը, յատկապէս անցած տարւայ ընթացքում Իսրայէլի ցեղասպան պատերազմը Գազայում, եւ նրա բացայատ ագրեսիան այլ երկրների դէմ, ընդգծում է Մերձաւոր Արեւելքում զանգւածային ոչնչացման բոլոր տեսակի զէնքերից զերծ տարածաշրջան ստեղծելու հրատապ անհրաժեշտութիւնը: Այս օրակարգը երբեք այսքան ակտուալ ու հրատապ չի եղել»: Այս մասին երէկ՝ երեկոյեան, ՄԱԿ-ի միջուկային զէնքից եւ զանգւածային այլ ոչնչացման զէնքերից զերծ Մերձաւոր Արեւելքի տարածաշրջան ստեղծելու մասին համաժողովի 5-րդ նիստի ընթացքում յայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրաւանին:

«Ցաւօք սրտի, տասնամեակներ շարունակ, զանգւածային ոչնչացման զէնքերից զերծ տարածաշրջան ստեղծելու մասին Իրանի 1974 թւականի առաջարկը եւ այդ կապակցութեամբ միջազգային կոչերը  հանդիպել են Իսրայէլի յամառ եւ անօրինական հակազդեցութեանը»,- յայտնել է Իրաւանին՝ յաւելելով, որ քաղաքականացնելով այս նախաձեռնութիւնը, իսրայէլական վարչակարգը փորձում է ցանկացած գնով պաշտպանել իր զանգւածային ոչնչացման զէնքերի ծրագիրը՝ խուսափելով իրաւական պարտադիր պարտաւորութիւններից:

«Իսրայէլի ռեժիմի գործողութիւնները, ներառեալ ահաբեկչական ակտերը եւ դիւերսիաները տարածաշրջանում ոչ ռազմական միջուկային ծրագրերի եւ գիտնականների դէմ, ինչպէս նաեւ 2023 թւականի սեպտեմբերի 22-ին, ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում «Իրանի դէմ գործնական միջուկային սպառնալիքի» մասին այդ ռեժիմի վարչապետի յայտարարութիւնը եւ Գազայի հատւածում միջուկային զէնք կիրառելու մասին իսրայէլիցի նախարարի կոչը, պահանջում է միջազգային կառոյցների,այդ թւում՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան անյապաղ միջամտութիւնը»,- ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ պաշտօնական Թեհրանը խստօրէն դատապարտում է նման անօրինական եւ անպատասխանատու գործողութիւններն ու յայտարարութիւնները՝ կարեւորելով զանգւածային ոչնչացման զէնքերից զերծ տարածաշրջան ստեղծելու անհրաժեշտութիւնը:

«Որպէս կենսական քայլ, անհրաժեշտ է անյապաղ քայլեր ձեռնարկել Իսրայէլի զանգւածային ոչնչացման զէնքերի դէմ, եւ տարածաշրջանը փրկել այդ սպառնալիքից»,- եզրափակել է Իրաւանին:

Related Articles

Back to top button