Յայտնաբերւել են միկրոպլաստիկների ուղեղի վնասման հինգ հիմնական եղանակները

Միկրոպլաստիկները կարող են նպաստել նէյրոդեգեներատիւ հիւանդութիւնների զարգացմանը՝ ինչպիսիք են Ալցհէյմերի եւ Պարկինսոնի հիւանդութիւնները: Molecular and Cellular Biochemistry ամսագրում հրապարակւած նոր ուսումնասիրութիւնը բացայայտում է միկրոպլաստիկների բորբոքման եւ ուղեղի վնասւածքի հինգ հիմնական եղանակ:
Հետազօտութիւնների համաձայն՝ ամբողջ աշխարհում աւելի քան 57 միլիոն մարդ է տառապում դեմենցիայով, իսկ Ալցհէյմերի եւ Պարկինսոնի հիւանդութիւնների դէպքերը արագօրէն աճում են։ Այն հնարաւորութիւնը, որ միկրոպլաստիկան կարող է արագացնել կամ սրել այս հիւանդութիւնները, լուրջ սպառնալիք է ներկայացնում հանրային առողջութեան համար։
Սիդնէյի Տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Քամալ Դուան նշում է, որ մեծահասակները տարեկան սպառում են մօտ 250 գրամ միկրոպլաստիկ, որը կարելի է տեղադրել ճաշի ափսէի վրայ։ Միկրոպլաստիկի աղբիւրները բազմազան են՝ աղտոտւած ծովամթերք, աղ, վերամշակւած սնունդ, թէյի փաթեթներ, պլաստիկ կտրատման տախտակներ, պլաստիկ շշերով ըմպելիքներ, աղտոտւած հողում աճեցւած բանջարեղէն եւ մրգեր, ինչպէս նաեւ գորգերի, փոշու եւ սինթետիկ հագուստի պլաստիկ մանրաթելեր։
Պլաստմասսայի ամենատարածւած տեսակներն են պոլիէթիլենը, պոլիպրոպիլենը, պոլիստիրոլը եւ պոլիէթիլեն տերեֆտալատը (PET):
Միկրոպլաստիկների մեծ մասը դուրս է գալիս մարմնից, սակայն հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ փոքր մասնիկները կուտակւում են օրգաններում, այդ թւում՝ ուղեղում։
Համակարգւած վերանայման հեղինակները բացայայտել են հինգ հիմնական մեխանիզմ, որոնց միջոցով միկրոպլաստիկները վնասում են ուղեղը՝ իմունային բջիջների ակտիւացում, օքսիդատիւ սթրեսի առաջացում, արիւնաուղեղային պատնէշի խանգարում, միտոքոնդրիալ ֆունկցիայի խանգարում եւ նէյրոնների վնասում։
Միկրոպլաստիկը թուլացնում է հեմատոէնցեֆալիկ պատնէշը՝ դարձնելով այն թափանցելի։ Արդիւնքում ակտիւանում են իմունային բջիջները եւ բորբոքային մոլեկուլները, ինչը յանգեցնում է պատնէշի բջիջների հետագայ վնասմանը։ Նաեւ ուղեղը միկրոպլաստիկը ընկալում է որպէս օտար մարմին, ինչը հրահրում է իմունային բջիջների յարձակումը։ Սթրեսային գործօնները, ինչպիսիք են թունաւոր նիւթերը կամ շրջակայ միջավայրի աղտոտումը, լրացուցիչ ուժեղացնում են օքսիդատիւ սթրեսը։
Օքսիդատիւ սթրեսն առաջանում է երկու ճանապարհով. աւելանում է թթւածնի ռեակտիւ ձեւերի քանակը, որոնք ունակ են վնասել բջիջները եւ թուլանում է օրգանիզմի հակաօքսիդանտային համակարգը, որը սովորաբար վերահսկում է այդ մոլեկուլները։ Միկրոպլաստիկը նաեւ խանգարում է միտոքոնդրիումներին էներգիա արտադրել՝ նւազեցնելով ԱԵՖ-ի քանակը (Ադենոզինեռֆոսֆատ), որը բջիջների էներգիայի հիմնական աղբիւրն է։ Էներգիայի պակասը թուլացնում է նէյրոնների աշխատանքը եւ կարող է յանգեցնել ուղեղի բջիջների վնասմանը։
Այս բոլոր գործընթացները փոխկապակցւած են՝ ուժեղացնելով ուղեղի վրայ վնասակար ազդեցութիւնը: Աւելին, միկրոպլաստիկները կարող են նպաստել բետա-ամիլոիդի եւ տաու սպիտակուցի կուտակմանը Ալցհէյմերի հիւանդութեան դէպքում եւ դոպամիներգիկ նէյրոնների վնասմանը Պարկինսոնի հիւանդութեան դէպքում:
Հեղինակները ընդգծում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազօտութիւններ՝ միկրոպլաստիկների եւ նէյրոդեգեներատիւ հիւանդութիւնների միջեւ ուղղակի կապը հաստատելու համար: Այնուամենայնիւ, նրանք խորհուրդ են տալիս նւազեցնել միկրոպլաստիկի ազդեցութիւնը՝ օգտագործելով աւելի քիչ պլաստիկ, խուսափելով պլաստիկէ տարաներից եւ կտրատախտակներից, ընտրելով բնական գործւածքները սինթետիկ գործւածքների փոխարէն եւ կրճատելով վերամշակւած սննդի օգտագործումը:
News.am



