Այլ

Քաղցկեղի բջիջները մարդու ՌՆԹ-ն օգտագործում են որպէս շինանիւթ

Թեքսասի A&M-ի (Texas A&M Health) գիտնականները յայտնաբերել են, որ քաղցկեղի որոշ տեսակներ ռիբոնուկլէինաթթւի (ՌՆԹ) մոլեկուլներն օգտագործում են անսովոր ձեւով՝ որպէս շինանիւթ՝ բջիջների ներսում ուռուցքի աճը արագացնող առանձնայատուկ հեղուկանման կառուցւածքներ ստեղծելու համար։ Հետազօտութիւնը հրապարակւել է Nature Communications բժշկագիտական հանդէսում։

Սովորաբար ՌՆԹ-ն ծառայում է սպիտակուցի սինթեզի համար գենետիկ տեղեկատւութիւն կրող «մեսենջեր»։ Սակայն հետազօտողները յայտնաբերել են, որ երիկամների քաղցկեղի ագրեսիւ ձեւի՝ տրանսլոկացիոն երիկամային բջջային քաղցկեղի (TRCC) դէպքում՝ ՌՆԹ-ն առեւանգւում է եւ վերածւում բջջային կորիզում «կաթիլային կենտրոնների» ձեւաւորման համար նախատեսւած կառոյցի։ Այդ կենտրոնները գործում են որպէս հրամանատարական կենտրոններ՝ ակտիւացնելով ուռուցքի աճի համար պատասխանատու գէները։

Գիտնականները նշել են, որ TFCCC-ն յաճախ ախտահարում է երեխաներին եւ երիտասարդներին։ Այն առաջանում է այսպէս կոչւած TFE3 օնկոֆիւժններից՝ քրոմոսոմների սխալ փոխանակման եւ միաձուլման արդիւնքում առաջացող միաձուլման գէներից։ Մինչեւ օրս պարզ չէր՝ ինչու են այդ միաձուլումներն ուռուցքներն այդքան ագրեսիւ դարձնում։

Թիմը պարզել է, որ օնկոֆիւժնների առկայութեան դէպքում ՌՆԹ մոլեկուլները դադարում են լինել տեղեկատւութեան պասիւ փոխանցողներ եւ սկսում են ձեւաւորել հեղուկ կոնդենսատներ՝ անտեսանելի կաթիլներ: Այս «կաթիլային կենտրոններն» ակտիւացնում են քաղցկեղի բջիջների աճը խթանող գէների էքսպրեսիան։

Յաջորդ քայլը քիմիոգենետիկ գործիքի՝ կոնդենսատները լուծարելու ունակ մոլեկուլային «անջատիչի» ստեղծումն էր: Այն հիմնւած է լուծւող սպիտակուցին կապւած նանոմարմնի վրայ. քիմիական ազդանշանով ակտիւանալիս կառուցւածքը քայքայւում է՝ դադարեցնելով քաղցկեղի բջիջների աճը: Այդ ազդեցութիւնը հաստատւել է ինչպէս բջջային կուլտուրաներում, այնպէս էլ մկների վրայ կատարւած փորձերի ժամանակ։

«Կոնդենսատի ձեւաւորման թիրախաւորումը բուժման նոր մօտեցման հնարաւորութիւն է ընձեռում: Քանի որ մանկական ուռուցքներից շատերը նոյնպէս կապւած են ֆիւժնային սպիտակուցների հետ, կոնդենսատի լուծարման տեխնոլոգիան կարող է քաղցկեղի բջիջների դէմ պայքարի համապարփակ ռազմավարութիւն դառնալ՝ բառացիօրէն դրանք հէնց աղբիւրում ոչնչացնելով»,- նշել է Տրանսլիացիոն քաղցկեղի հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն, պրոֆեսոր Իւբին Չժոուն:

News.am

Related Articles

Back to top button