Օրգանիզմը ե՛ւ կարտոֆիլի, ե՛ւ հացահատիկի կարիք ունի. գիտնականները բացատրում են, թէ ինչու չի կարելի ընտրել միայն մէկը

«Frontiers in Nutrition» ամսագրում հրապարակւած վերջին ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ առողջ սննդակարգում սպիտակ կարտոֆիլը եւ հացահատիկային մթերքները չի կարելի լիովին փոխարինել միմեանցով, թէեւ երկուսն էլ հանդիսանում են ածխաջրերի աղբիւրներ։ Գիտնականները վերլուծել են, թէ ինչ է տեղի ունենում սննդարար նիւթերի ընդհանուր կազմի հետ, եթէ մարդը սննդակարգից հանում է հացահատիկային մթերքները եւ փորձում դրանք փոխարինել կարտոֆիլով կամ այլ օսլայով հարուստ բանջարեղէնով։ Պարզւել է, որ երկու մթերքներն էլ օրգանիզմին տալիս են վիտամինների եւ հանքանիւթերի շատ տարբեր հաւաքածուներ, որոնք չեն լրացնում միմեանց։
Կարտոֆիլն իսկապէս արժէքաւոր մթերք է. այն պարունակում է բարդ ածխաջրեր, բջջանիւթ, կալիում, վիտամին C, վիտամին B6 եւ մի շարք այլ օգտակար միացութիւններ։ Կարտոֆիլի մէկ չափաբաժինը կարող է ապահովել կալիումի օրական նորմայի նկատելի մասը եւ օրգանիզմին տրամադրել կարեւոր վիտամիններ, ուստի այն արդարացիօրէն համարւում է առողջ սննդակարգի նշանակալի բաղադրիչ։ Միաժամանակ, ինչպէս ընդգծում են հետազօտողները, կարտոֆիլի օգտակարութիւնը չի դարձնում այն հացահատիկային մթերքների լիարժէք փոխարինող։
Հացահատիկային մշակաբոյսերը, յատկապէս ամբողջահատիկը, հարուստ են այն միկրոտարրերով, որոնք գրեթէ չկան կարտոֆիլում. դրանք են երկաթը, ֆոլատները, B խմբի վիտամինները, ցինկը, սելենը եւ յաճախ աւելի բարձր մակարդակի բջջանիւթը։ Մոդելաւորւած սննդակարգերում, որտեղ հացահատիկները լիովին փոխարինւում էին կարտոֆիլով, նկատւել է հէնց այս նիւթերի սպառման կտրուկ նւազում։ Չնայած նրան, որ կալիումի, վիտամին C-ի եւ որոշ այլ միացութիւնների մակարդակն աճում է, կարեւոր միկրոտարրերը՝ յատկապէս երկաթը, ֆոլատը եւ որոշ B-վիտամիններ, նւազում են մինչեւ անբաւարար համարւող մակարդակներ։
Աշխատանքի հեղինակներն ընդգծում են, որ օսլայով հարուստ բանջարեղէնը եւ հացահատիկային մշակաբոյսերը ոչ թէ մրցակիցներ են, այլ ածխաջրերի երկու փոխլրացնող աղբիւրներ։ Դրանցից իւրաքանչիւրն ապահովում է սննդանիւթերի իր իւրայատուկ հաւաքածուն եւ լիարժէք սննդակարգն անհնար է առանց դրանց համակցման։ Ի վերջոյ, հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ ածխաջրերի կատեգորիայում բազմազանութիւնը նոյնքան կարեւոր է, որքան սպիտակուցների եւ ճարպերի բազմազանութիւնը. մի խմբի բացառումը յանգեցնում է դեֆիցիտի, որը չի փոխհատուցւում միւսով։
News.am



