Այլ

Շատ հակադեպրեսանտներ, որոնք օգտագործում են ցաւի բուժման համար, արդիւնաւէտ չեն

Միլիոնաւոր մարդիկ ընդունում են հակադեպրեսանտներ քրոնիկական ցաւի բուժման համար, բայց յաճախ նշանակւող դեղամիջոցներն իրենց արդիւնաւէտութիւնը չեն ապացուցում։ Այս մասին գիտնականները պատմել են The Conversation-ին։

Աշխարհում իւրաքանչիւր հինգերորդ մարդն ապրում է քրոնիկական ցաւով։ Նրանց յաճախ նշանակում են հակադեպրեսանտներ, բայց նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ միայն մէկ դեղամիջոց է ապացուցել իր արդիւնաւէտութիւնը։ Վերլուծութեան հեղինակներն ուսումնասիրել են առկայ 178 հետազօտութիւնները, որոնց մասնակցել է 28 հազար մարդ։ Նոր աշխատանքն ամենամեծն է վերլուծութիւնների պատմութեան մէջ, որոնք ուսումնասիրել են հակադեպրեսանտների արդիւնաւէտութիւնը քրոնիկական ցաւի դէպքում։

43 հետազօտութիւններում (11608 մարդ) ուսումնասիրւել է դուլոկսետին դեղամիջոցը։ Դրանք հաստատել են, որ այս դեղը չափաւոր արդիւնաւէտ է ցաւի բուժման դէպքում։ Այն նաեւ կարող է բարելաւել մարդկանց շարժունութիւնը, որոնք տառապում են քրոնիկական ցաւով։ Ընդորում, 60 միլիգրամ չափաբաժինը պակաս արդիւնաւէտ չէ, քան  120 միլիգրամը։

Ամիտրիպտիլինի, ցիտալոպրամի, ֆլուոկսետինի, պարոկսետինի եւ սերտրալինի արդիւնաւէտութեան ապացոյցները որակեալ չեն եղել։ Դա նշանակում է, որ չի կարելի եզրակացութիւններ անել ցաւը մեղմելու դրանց ունակութեան մասին։ Ընդորում, 2023 թ. դուրս է գրւել ամիտրիպտիլինի մօտ 16 մլն. դեղատոմս։

«Ճիշտ կը լինի ենթադրել, որ դրանց մեծ մասը կարող է մեղմել ցաւը, քանի որ ամիտրիպտիլինն այլեւս խորհուրդ չի տրւում դեպրեսիայի բուժման համար»,- նշել են գիտնականները։

Եզրակացութիւններն ընկել են Մեծ Բրիտանիայում բուժման նոր ուղեցոյցների հիմքում. այժմ  քրոնիկական առաջնային ցաւի բուժման համար (այսինքն՝ ակնյայտ պատճառներ չունեցող ցաւի), ինչպէս նաեւ նեարդաբանական խանգարումների հետ կապւած ցաւի ժամանակ առաջարկւում է օգտագործել դուլոկսետին։

«Բայց կարեւոր է նկատի ունենալ, որ ցաւը շատ անհատական է, եւ ապացոյցները մեր վերլուծութիւնում հիմնւած են մարդկանց խմբերի վրայ։ Մենք ընդունում ենք, որ որոշակի դեղեր կարող են լաւ ազդել մարդկանց վրայ, եթէ անգամ գիտական ապացոյցները համոզիչ չեն կամ բացակայում են»,- ընդգծել են աշխատանքի հեղինակները։

 NEWS.am Medicine

Related Articles

Back to top button