Պարզ սովորութիւնները կարող են երիտասարդացնել օրգանիզմը

Երկարակեցութեան նկատմամբ հետաքրքրութիւնն այսօր դարձել է զանգւածային մշակոյթի մի մասը՝ ծնունդ տալով մի ամբողջ արդիւնաբերութեան, որը խոստանում է «երիտասարդացում» յաւելումների, գաջեթների եւ նորաձեւ տեխնիկայի միջոցով: Սակայն հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ կեանքը երկարացնել եւ ծերացումը դանդաղեցնել կարելի է շատ աւելի հեշտ՝ փոխելով վարքագիծը, այլ ոչ թէ թանկարժէք ապրանքներ գնելով: Դրա մասին յայտնել է The Conversation-ը:
Մարդն ունի երկու տարիք: Մէկը ժամանակագրականն է, որը արտացոլում է ապրած տարիների քանակը: Երկրորդը կենսաբանականն է, որը ցոյց է տալիս մարմնի իրական վիճակը՝ որքան լաւ են գործում բջիջները, ինչ աստիճանի է վնասւած ԴՆԹ-ն, եւ որքան արագ են մաշւում համակարգերը: Հէնց կենսաբանական տարիքն է ամենաուժեղը կապւած հիւանդութեան ռիսկի եւ կեանքի տեւողութեան հետ: Այսօր այն կարելի է որոշել նոյնիսկ թքի էպիգենետիկ թեստով, բայց ամենակարեւորը՝ այն կարելի է փոխել:
Հետազօտութիւններն ապացուցել են, որ կանոնաւոր ֆիզիկական ակտիւութիւնը զգալիօրէն «յետ է տանում» կենսաբանական տարիքը: Մի փորձի ժամանակ ոչ ակտիւ մարդիկ, որոնք սկսել են շաբաթական երեք անգամ մէկական ժամ մարզւել, երկու տարով կրճատել են իրենց կենսաբանական տարիքը: Ուժային եւ աէրոբիկ վարժութիւնների համադրութիւնն ազդում է ԴՆԹ-ի մեթիլացման վրայ եւ դանդաղեցնում է մարմնի հիմնական գործառոյթների համար պատասխանատու գէների անջատումը:
Սնունդը նոյնպես կարեւոր դեր է խաղում: Մօտ 2700 կնոջ վերլուծութիւնը ցոյց է տւել, որ ընդամէնը 6-12 ամիս առողջ սննդակարգին անցնելը դանդաղեցնում է ծերացումը միջինը 2,4 տարով: Բանջարեղէնով, մրգով, ամբողջական հացահատիկով, ձկնեղենով եւ առողջ ճարպերով հարուստ սննդակարգը նւազեցնում է բորբոքումները, պաշտպանում ԴՆԹ-ն եւ բջիջներին օգնում աւելի արդիւնաւէտօրէն վերականգնւել։
Գիտնականները քունը նշում են որպէս առողջ ծերացման ամենաուժեղ ցուցիչներից մէկը: Գիշերային վերականգնումը նպաստում է ԴՆԹ-ի ռեպարացիային, կարգաւորում հորմոնները, նւազեցնում բորբոքումները եւ «վերագործարկում» նեարդային համակարգը: Հինգ ժամից պակաս քնող մարդիկ, շատ աւելի հաւանական է, որ ունենան շաքարախտ, սրտի հիւանդութիւններ, քաղցկեղ եւ դեմենցիա: Որոշ ուսումնասիրութիւններ ցոյց են տալիս, որ գիշերային հերթափոխները մօտ մէկ տարով մեծացնում են կենսաբանական տարիքը։
Ծխելը, վէյփը եւ ոգելից խմիչքը ծերացման ամենահզօր արագացուցիչներն են: Ծխելը թոքերը ծերացնում է 4-5 տարով: Ալկոհոլը արագացնում է ծերացումը նոյնիսկ փոքր չափաբաժիններով՝ աստիճանաբար վնասելով ԴՆԹ-ն եւ մեծացնելով բորբոքումը։
Գիտնականները սթրեսը համարում են հիմնական գործօն: Քրոնիկ սթրեսը խաթարում է հորմոնալ հաւասարակշռութիւնը, վատթարացնում իմունային համակարգի աշխատանքը եւ արագացնում բջջային ծերացումը: Հետազօտութիւններից մէկի ժամանակ շաբաթական 40 ժամից աւելի աշխատող մարդկանց կենսաբանական տարիքը մօտ երկու տարով աւելացել է։ Սթրեսը գործում է ինչպէս ուղղակիօրէն՝ վնասելով բջիջները, այնպէս էլ անուղղակիօրէն՝ խաթարելով քունը, առաջացնելով անառողջ սովորութիւններ եւ հանգեցնելով շատակերութեան։
Գիտնականներն ընդգծում են, որ նոյնիսկ փոքր փոփոխութիւններն իսկապէս փոխում են կենսաբանական տարիքը։ Ու թէեւ գենետիկան եւ հանգամանքներն իրենց կնիքն են դնում, ծերացման տեմպը մեծապէս կախւած է մարդուց։
News.am



