Վազքի ժամանակ ռիթմիկ երաժշտութիւնն օգնում է կանանց աւելի երջանիկ զգալ

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ վազքի ժամանակ վառ արտայայտւած ռիթմ ունեցող երաժշտութիւնը բարձրացնում է կանանց արագութիւնն ու բարելաւում տրամադրութիւնը։ Աշխատանքը հրապարակւել է Frontiers in Sports and Active Living (FSAL) ամսագրում։
Փորձին մասնակցել են Ռիւցու Քէյձայ համալսարանի Առողջութեան եւ սպորտային գիտութիւնների ֆակուլտետի 38 ուսանող։ 18-ից 21 տարեկան մասնակիցները վազքուղու վրայ կատարել են երկու տասրոպէանոց վազք՝ մէկը՝ բարձր ռիթմիկ երաժշտութեան ներքոյ, միւսը՝ ցածր ռիթմիկ երաժշտութեան ներքոյ։
Երաժշտութեան մէջ «գրուվ» (ռիթմիկութիւն) հասկացութիւնը նկարագրում է ռիթմիկ հոսքի մի առանձնայատուկ զգացում, որն առաջացնում է շարժւելու, ոտքով ռիթմ տալու կամ պարելու ցանկութիւն։ Այն ստեղծում են հարւածային գործիքներն ու բասը, երբ դրանց միջեւ առաջանում է կանխատեսելիութեան եւ անսպասելիութեան իդէալական հաւասարակշռութիւն։
Իւրաքանչիւր վազքից յետոյ մասնակիցները գնահատել են տրամադրութիւնը եւ երաժշտութեան սուբիեկտիւ ընկալումը։ Պարզւել է, որ գրուվային երաժշտութեան ազդեցութեան տակ կանայք մի փոքր աւելի արագ են վազել եւ յայտնել են աւելի բարձր աշխուժուոթեան ու կենսունակութեան մասին։ Տղամարդիկ նման փոփոխութիւններ չեն ցուցաբերել։
Հեղինակների կարծիքով՝ էֆեկտն այն է, որ կանայք միջինում աւելի զգայուն են երաժշտական գրգռիչների նկատմամբ։ Հետազօտողները նշում են, որ աշխոյժ երաժշտութիւնը կարող է օգտակար գործիք լինել մարզիչների և ֆիթնես-հրահանգիչների համար. այն բարձրացնում է մոտիւացիան, բարելաւում ինքնազգացողութիւնը եւ նպաստում կանոնաւոր ֆիզիկական ակտիւութեան սովորոյթի ձեւաւորմանը։
News.am



