Այլ

Շները կարող են հոտով յայտնաբերել Պարկինսոնի հիւանդութիւնը

Նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ Պարկինսոնի հիւանդութեամբ տառապող մարդիկ ունեն իւրայատուկ հոտ, որը վարժեցւած շները կարող են անսխալ զգալ մաշկի քսուքներում։ Medical Detection Dogs կազմակերպութեան եւ Բրիստոլի ու Մանչեսթերի համալսարանների հետ համատեղ իրականացւած վերլուծութիւնը հրապարակւել է The Journal of Parkinson’s Disease ամսագրում։

Medical Detection Dogs բարեգործական կազմակերպութիւնը երկու շան է վարժեցրել՝ տարբերելու Պարկինսոնի հիւանդութեամբ տառապող եւ առողջ մարդկանց ճարպագեղձերի քսուքները։ Կրկնակի կոյր հետազօտութեան ընթացքում կենդանիները ցուցաբերել են մինչեւ 80% զգայունութիւն եւ մինչեւ 98% սպեցիֆիկութիւն։ Աւելին, նրանք հոտ են յայտնաբերել այլ հիւանդութիւններով տառապող պացիենտներից վերցւած նմուշներում։

Շներին վարժեցրել են մի քանի շաբաթւայ ընթացքում՝ օգտագործելով Պարկինսոնի հիւանդութեան դրական թեստով աւելի քան 200 մարդու հոտի նմուշներ եւ այս հիւանդութեամբ չտառապող մարդկանց վերահսկիչ նմուշներ։ Նմուշները շներին են ներկայացւել յատուկ տակդիրի վրայ, կենդանիները պարգեւատրում են ստացել դրական նմուշը ճիշտ մատնանշելու եւ բացասականն անտեսելու համար։

Պարկինսոնի հիւանդութեան յայտնաբերման ճշգրիտ ախտորոշիչ թեստ մինչ օրս մշակւած չէ, ուստի պոտենցիալ կենսանշիչների յայտնաբերումը կարող է օգնել ախտորոշմանն ու ժամանակին բուժմանը։

Ըստ Medical Detection Dogs ընկերութեան գլխաւոր գիտաշխատող Կլեր Գեսթի՝ «Մենք շատ հպարտ ենք, որ շները կարող են բարձր ճշգրտութեամբ յայտնաբերել հիւանդութիւնները։ Ներկայումս Պարկինսոնի հիւանդութեան վաղ յայտնաբերման թեստ գոյութիւն չունի, ախտանշանները կարող են ի յայտ գալ 20 տարի առաջ, քան դրանք կը դառնան նկատելի եւ կայուն, ինչը կը յանգեցնի ախտորոշման հաստատմանը։ Ժամանակին ախտորոշումը առանցքային նշանակութիւն ունի, քանի որ հետագայ բուժումը կարող է դանդաղեցնել հիւանդութեան զարգացումը եւ թուլացնել ախտանշանները»։

Ըստ հետազօտութեան առաջատար հեղինակ Նիկոլա Ռունիի՝ «Շները ցուցաբերել են բարձր զգայունութիւն եւ սպեցիֆիկութիւն եւ ցոյց են տւել, որ այս հիւանդութեամբ պացիենտներն ունեն տարբերիչ հոտառական նշաններ։ Ես կարծում եմ, որ շները կարող են օգնել մեզ մշակել Պարկինսոնի հիւանդութեամբ պացիենտների յայտնաբերման արագ, ոչ ինւազիւ եւ տնտեսապէս արդիւնաւէտ մեթոդ»։ Հետազօտութեանը մասնակցել են ոսկեգոյն ռետրիւէր եւ սեւ լաբրադոր։

News.am

Related Articles

Back to top button