Այլ

Այրոցի առաջացման պատճառները

Այրոցի առաջացման պատճառը ոչ միշտ է շատակերութիւնը, յստակ պատճառը յայտնաբերել կարող է միայն մասնագէտը: Յաճախ պատճառը գաստրոէզոֆագեալ ռեֆլիւքս հիւանդութիւնն է: Եթէ այրոց առաջանում է միայն չափից շատ կամ արագ ուտելուց յետոյ, ապա անհանգստանալու կարիք չկայ. սա օրգանիզմի բնական ռեակցիան է: Սակայն պարբերաբար այրոցի զգացողութիւնը, թթւահամ գղտոցը, սեղմող ցաւը որովայնի շրջանում, սրտխառնոցը առիթ են բժշկի դիմելու, յատկապէս եթէ թւարկւած ախտանիշերը առաջանում են կռանալիս կամ պառկած դիրքում:

 

Ո՞րն է վտանգը

Յայտնաբերել ԳԷՖՌՀ-ն դժւար է, քանի որ այն յաճախ քօղարկւում է այլ հիւանդութիւնների քօղի տակ: Ախտանիշերը երբեմն ստիպում են մտածել վերին շնչառական ուղիների կամ արեան հիւանդութիւնների մասին: Ախտանիշերը ոչ միայն այրոցն ու թթու համն են, այլ նաեւ ցաւը, որը ճառագայթում է կրծքավանդակից պարանոց, ինչը բնորոշ է նաեւ նախաինֆարկտային վիճակին:

Այրոցի առաջացման հիմքում կարդիալ սֆինկտրի սխալ աշխատանքն է: Այն մատանիաձեւ մկան է՝ տեղակայւած ստամոքսի եւ կերակրափողի միջեւ: Մկանի ոչ բաւարար կծկումը յանգեցնում է սննդի հետհոսքին ստամոքսից կերակրափող՝ ստամոքսկերակրափողային ռեֆլիւքսի: Սննդի հետ կերակրափողում են յայտնւում նաեւ ֆերմենտներ, աղաթթու, այլ քիմիական միացութիւններ:

Աղաթթուն գրգռում է լորձաթաղանթը, ինչն էլ արտայայտւում է վերը թւարկւած ախտանիշերով:

 

Ինչպիսի՞ հետազօտութիւններ են անցկացւում

Ախտորոշման համար դիմում են գաստրոսկոպիայի, որի միջոցով գնահատում են ստամոքսի, տասներկումատնեայ աղու, կերակրափողի լորձաթաղանթի վիճակը:
Նաեւ կարիք կայ մանրադիտակային հետազօտութեան համար նմուշների վերցման: Ռեֆլիւքսը կարող է ախտորոշւել նաեւ pH մետրիայի միջոցով. հիւանդութիւնը հաստատում են pH ի ցածր արժէքները:

 

Ինչպէ՞ս սնւել ԳԷՖՌՀ դէպքում

Անհրաժեշտ է ուտել ցածր իւղայնութեամբ սննդամթերք: Ստիպւած կը լինէք հրաժարւել խոզի մսից, երշիկներից, պանրից, թթւասերից: Տհաճ զգացողութիւններ առաջացնում են սուրճը, սպիրտային կամ գազաւորւած ըմպելիքները, թուրինջի կամ նարնջի հիւթը, քացախով ճաշատեսակները, կծու համեմունքները: Ուտել անհրաժեշտ է 3-4 անգամ փոքր չափաբաժիններով, ընթրել քնելուց երեք ժամ առաջ:

168.am

Related Articles

Back to top button