Այլ

Սեւ հաղարջի հիւթն արագացնում է արեան հոսքն ուղեղում

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ սեւ հաղարջի հիւթ խմելը մեծացնում է ուղեղի ճակատային բլթակների արեան հոսքը թէ՛ հանգստի, թէ՛ հոգեկան սթրեսի ժամանակ։ Ուսումնասիրութիւնը հրապարակւել է Nutritional Neuroscience (NN) ամսագրում։

Փորձին մասնակցել են 18-35 տարեկան 20 առողջ երիտասարդներ։ Լաբորատոր այցելութիւններից մէկի ժամանակ նրանք խմել են 500 միլիգրամ պոլիֆենոլներով հարստացւած «Blackadder» սեւ հաղարջի հիւթ, իսկ միւսի ժամանակ՝ պլացեբօ, որը համով եւ գոյնով նոյնն էր, բայց առանց ակտիւ բաղադրիչների։ Այնուհետեւ հետազօտողներն օգտագործել են ինֆրակարմիր սպեկտրոսկոպիա՝ արեան մէջ թթւածնի մակարդակի փոփոխութիւնները վերահսկելու համար, որոնք արտացոլում են ուղեղի արեան հոսքի ակտիւութիւնը։

Արդիւնքները ցոյց են տւել, որ հիւթը խմելուց ընդամէնը 35 րոպէ անց ձախ ճակատային բլթում օքսիհեմոգլոբինի մակարդակը՝ արեան թթւածնի հագեցւածութեան ցուցանիշը, զգալիօրէն բարձրացել է, մինչդեռ դէզօքսիհեմոգլոբինի մակարդակը նւազել է: Սա վկայում է ուղեղին թթւածնի աւելի արդիւնաւէտ մատակարարման եւ անօթային ֆունկցիայի բարելաւման մասին: Այս հատւածում արեան ընդհանուր ծաւալը նոյնպէս փոքր-ինչ աճել է:

«Մենք նկատեցինք արեան հոսքի յստակ աճ ձախ նախաճակատային կեղեւում, որը պատասխանատու է ուշադրութեան եւ որոշումների կայացման համար: Սա համահունչ է այն փաստին, որ ուղեղի ձախ կողմն աւելի ակտիւ է մասնակցում աշխատանքային յիշողութեան գործընթացներին»,- նշել է ուսումնասիրութեան հեղինակ, Նիւքասլի համալսարանի սննդի եւ վարժութիւնների հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն, դոկտոր Էնթոնի Ուոթսոնը։

Սեւ հաղարջը հարուստ է պոլիֆենոլներով, մասնաւորապէս՝ անտոցիանիններով, որոնք բուսական միացութիւններ են, որոնք յայտնի են արեան անօթների եւ սրտի վրայ իրենց դրական ազդեցութեամբ: Գիտնականները կարծում են, որ դրանք կարող են ուժեղացնել ազոտի օքսիդի արտադրութիւնը, որը լայնացնում է արեան անօթները, կամ ազդել դոպամինի եւ սերոտոնինի մակարդակի վրայ, որոնք նոյնպէս մասնակցում են ուղեղում արեան հոսքի կարգաւորմանը:

News.am

Related Articles

Back to top button