Այլ

Արթրիտի դէմ պայքարի նոր մեթոդ է ստեղծւել

Չունցինի բժշկական համալսարանի հիւանդանոցի գիտնականները մշակել են աճառային հիւսւածքի վերականգնման նոր մեթոդ՝ հիմնւած ձեւափոխւած արտաբջջային մատրիքսի (extracellular matrix) եւ բորբոքային մոլեկուլի վրայ։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Research ամսագրում։

Գիտնականները բացատրել են, որ աճառները չափազանց դանդաղ են վերականգնւում՝ սեփական արիւնատար անօթների բացակայութեան պատճառով։ Ցանկացած վնասւածք կարող է յանգեցնել հիւսւածքների պրոգրեսիւ քայքայման եւ օստէօարթրիտի զարգացման։ Բուժման ժամանակակից մեթոդները, ինչպիսիք են միկրոֆրակտուրացիան կամ բջիջների փոխպատւաստումը, ունեն սահմանափակումներ՝ հնարաւոր բարդութիւններ, դոնորական նիւթի պակաս եւ մերժման ռիսկ։

Լուծում գտնելու համար գիտնականներն օգտագործել են մեզենքիմալ ցողունային բջիջներ՝ նախապէս դրանք մշակելով երեք կենսաբանօրէն ակտիւ նիւթերով՝ ինտերլէյկին-6-ով, ուռուցքի մեռուկացման գործօնով եւ ինտերֆերօն-գամմայով։ Այս նախապատրաստումից յետոյ բջիջներից անջատւել է արտաբջջային մատրիքսը՝ իւրայատուկ սպիտակուցային կառուցւածք, որը օրգանիզմում շրջապատում է բջիջները եւ ազդում դրանց վարքի վրայ։ Ստացւած նիւթը հարուստ էր աճառի վերականգնման համար անհրաժեշտ մոլեկուլներով՝ կոլագենով, լամինինով եւ այլ բաղադրիչներով։

Յատկապէս արդիւնաւէտ է եղել այն մատրիքսը, որը ստեղծւել է ինտերֆերոն-գամմայի կիրառմամբ։ Սա բորբոքային մոլեկուլ է (ցիտոկին), որը առանցքային դեր է խաղում իմունային պատասխանում։ Օրգանիզմում այն արտադրւում է հիմնականում T-լիմֆոցիտների եւ բնական քիլերների (NK-բջիջներ) կողմից։ Ինտերֆերոն-գամմայի վրայ հիմնւած մատրիքսը լրացուցիչ ճնշում էր աճառը քայքայող ֆերմենտների արտադրութիւնը։

Կենդանիների վրայ կատարւած փորձերի ընթացքում հետազօտողները ցոյց են տւել, որ միկրոֆրակտուրացիայի պրոցեդուրայից յետոյ նման մատրիքսի աւելացումն արագացնում է ռեգեներացիան՝ 12 շաբաթ անց նոր հիւսւածքը գործնականում չի տարբերւել առողջ աճառից։ Նոր մեթոդիկան թոյլ է տալիս ոչ միայն բուժել վնասւածքները, այլեւ ստեղծել կենսանիւթեր՝ տրւած յատկութիւններով, որոնք ունակ են ուղղորդւած ազդել հիւսւածքների վերականգնման վրայ։

Հեղինակների կարծիքով՝ տեխնոլոգիան կարող է հիմք դառնալ թերապիայի նոր մեթոդների համար, որոնք թոյլ կը տան շրջանցել փոխպատւաստումները, նւազեցնել բարդութիւնների ռիսկը եւ նոյնիսկ փոխարինել պրօթեզաւորումը մի շարք դէպքերում։ Սակայն, նախքան տեխնոլոգիան կլինիկական պրակտիկայում ներդնելը, անհրաժեշտ է անցկացնել մարդկանց մասնակցութեամբ հետազօտութիւններ։

News.am

Related Articles

Back to top button