Քաղաքական

Քոչարեանը դատի է տւել Փաշինեանին զրպարտութեան համար, իսկ Կարապետեանը հայց է ներկայացրել աւելի քան 150 մարդու դէմ

Բոլոր երկրներում յանցագործութիւնների մէջ մեղադրւող անձանց դատական հայցեր են ներկայացւում։ Դատապարտւելու դէպքում նրանք կրում են իրենց պատիժը։ Սակայն, քանի դեռ դատվճիռ չի կայացւել, ոչ ոք իրաւունք չունի այդ ամբաստանեալներին անւանել «յանցագործներ, ահաբեկիչներ կամ օրինախախտներ»։

Երկրների մեծ մասում գոյութիւն ունեն օրէնքներ զրպարտութեան դէմ, որը կեղծ տեղեկատւութեան հրապարակային տարածումն է, եւ վնասում է անձի պատիւը, արժանապատւութիւնը կամ գործարար համբաւը: Հայաստանում վիրաւորանքները կարող են յանգեցնել դրամական տուգանքի մինչեւ 3 միլիոն դրամ (մօտ 7800 դոլար), մինչդեռ զրպարտութիւնը կարող է արժենալ մինչեւ 6 միլիոն դրամ (մօտ 15600 դոլար):

Այնուամենայնիւ, մարդկանց մեծ մասը տարբերութիւն չի դնում մեղադրանքի եւ յանցանքի միջեւ։ Օրէնքի գերակայութեան պայմաններում, յանցագործութեան մէջ մեղադրւող իւրաքանչիւր անձ համարւում է անմեղ, քանի դեռ նրա յանցանքը չի ապացուցւել դատարանում։

Վերջին շաբաթներին Հայաստանի կառավարութիւնը մեղադրանք է առաջադրել տասնեակ անձանց՝ սկսած յեղաշրջման նախապատրաստումից մինչեւ ահաբեկչական գործողութիւնների ծրագրում։ Դեռեւս նախքան որեւէ դատավարութեան կամ վճռի կայացումը, պաշտօնեաներն ու նրանց կողմնակիցները մեղադրւողներին անւանել են «յանցագործներ», ինչի հետեւանքով բազմաթիւ զրպարտութեան հայցեր են ներկայացւել։

Ինչպէս հաղորդել էի անցեալ շաբաթ,  ռուսաստանաբնակ հայ գործարար Սամուէլ Կարապետեանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրահանգով կալանաւորւած է Երեւանի բանտում Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին պաշտպանելու համար, դատական հայցեր է ներկայացրել Փաշինեանին սատարող Ազգային ժողովի երկու պատգամաւորների դէմ։ Կարապետեանը մեղադրել է Արսէն Թորոսեանին եւ Հայկ Կոնջոյեանին՝ իրեն Ռուսաստանի անվտանգութեան ծառայութիւնների հետ կապեր ունենալու եւ «հայ ժողովրդին թալանելու» կեղծ մեղադրանքներ տարածելու համար։ Կարապետեանը պահանջում է, որ նրանք հրապարակայնօրէն հերքեն իրենց յայտարարութիւնները, իւրաքանչիւրը վճարի 9 միլիոն դրամ (մօտ 23400 դոլար), ինչպէս նաեւ դատական ծախսերը։

Այնուհետեւ Կարապետեանը ներկայացրել է եւս երեք դատական հայց.

– Փաշինեանի մամուլի խօսնակ Նազելի Բաղդասարեանի դէմ՝ յունիսի 17-ին եւ 24-ին ֆէյսբուքում նրա կատարած գրառումների հետ կապւած, որոնցում նա պնդել է, որ Սամուէլ Կարապետեանը միջամտել է Հայաստանի քաղաքականութեանը՝ օտար երկրի ցուցումով։ Նա նաեւ գրել է, որ Կարապետեանը «մասնակցել է մի խումբ ստահակների կողմից կազմակերպւած ձախողւած յեղաշրջման փորձին»։ Կարապետեանը պահանջում է հրապարակային ներողութիւն։

– Փաշինեանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարօն Չախոյեանի դէմ՝ մի քանի ֆէյսբուքեան գրառումների պատճառով, որոնցում Կարապետեանը ներկայացւել է որպէս գործակալ, որը գործուղւել է Հայաստան յատուկ յանձնարարութեամբ, ինչպէս նաեւ այլ «վիրաւորական» մեկնաբանութիւններ անելու համար։ Կարապետեանն այդ յայտարարութիւնները համարում է «զրպարտութիւն, կեղծ եւ անհիմն», եւ պահանջում է հրապարակային ներողութիւն։

– Քաղաքագէտ Յարութիւն Մկրտչեանի դէմ՝ իշխանամէտ լրագրողների հետ հարցազրոյցների եւ ֆէյսբուքում արւած գրառումների համար, որոնցում նա մեղադրում է Կարապետեանին որպէս արտասահմանեան պատւէրով գործակալ՝ Հայաստանում քաղաքական գործունէութեան մէջ ներգրաււելու համար։ Կարապետեանը Մկրտչեանի մեղադրանքները որակում է որպէս «զրպարտութիւն, կեղծ եւ անհիմն»։

Միեւնոյն ժամանակ, փաստաբան Յովհաննէս Խուդոյեանն անցեալ շաբաթ յայտնեց, որ իր պաշտպանեալը՝ Կարապետեանը, դատական հայցեր է ներկայացնում եւս 150 անձանց դէմ՝ վերջին օրերին տարբեր մեղադրանքներով ձերբակալւածներին զրպարտելու եւ վիրաւորելու համար, այդպիսով ոտնահարելով ամբաստանեալների անմեղութեան կանխավարկածի իրաւունքը: Փաստաբանը պնդեց, որ «խորհրդարանի պատգամաւորների, նախարարների եւ միջին օղակի պաշտօնեաների, ինչպէս նաեւ փորձագէտների ու քարոզիչների կողմից արւած յայտարարութիւններն ագրեսիւ են եւ  հայհոյանքներով լի»:

Վերջապէս, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի դէմ՝ պահանջելով, որ վերջինս ներողութիւն խնդրի եւ հերքի իր «կեղծ» յայտարարութիւնները, որոնք «արատաւորում են Քոչարեանի արժանապատւութիւնն ու բարի համբաւը»։ Քոչարեանը երկրորդ դատական հայցը ներկայացրեց այն բանից յետոյ, երբ Սիմոնեանը ծաղրեց նրա առաջին հայցը։

Քոչարեանը նաեւ դատի է տւել վարչապետ Փաշինեանին՝ կեղծ պնդում անելու համար, թէ դատարանը նրան մեղաւոր է ճանաչել կաշառակերութեան մէջ։ Քոչարեանը պահանջում է, որ Փաշինեանը իրեն վճարի վեց միլիոն դրամ (15600 դոլար) փոխհատուցում։

Այս բոլոր դատական գործերի խնդիրն այն է, որ Հայաստանի գրեթէ բոլոր դատաւորները դեռեւս վախենում են վրէժխնդրութիւնից, եթէ կայացնեն Փաշինեանի կամքին հակառակ որոշումներ՝ ինչպէս նա ինքն է յայտարարել 2018-ին՝ անկեղծութեան հազւադէպ պահին։ Սա լուրջ կասկածներ է առաջացնում այդ գործերում անաչառ արդարադատութեան հաւանականութեան վերաբերեալ։ 

Ամբաստանեալները երկու հնարաւոր ճանապարհ ունեն։ Նրանք կարող են սպասել ապագայում անկախացած հայկական դատարաններին՝ իրենց իրաւունքների վերականգնման hամար, երբ Փաշինեանը հրաժարական տայ։ Կամ դատապարտման դէպքում կարող են դատավճիռները բողոքարկել Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում (ՄԻԵԴ): Կարապետեանի իրաւաբանական թիմն անցեալ շաբաթ յայտնեց, որ արդէն նախապատրաստում է այդպիսի մի բողոք ՄԻԵԴ՝  յոյս ունենալով, որ Ստրասբուրգի դատարանը կը չեղարկի անարդար հայկական վճիռը։ Միակ խնդիրը այն է, որ ԵՄԻԴ-ի գործընթացները կարող են տեւել տարիներ, եթէ այն չդիտարկւի որպէս շտապ գործ։

Մինչ այդ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պէտք է դիտարկի դատական հայց ներկայացնելու հնարաւորութիւնը Փաշինեանի եւ նրա կենակից Աննա Յակոբեանի դէմ՝ Եկեղեցու եւ պետութեան սահմանադրական տարանջատումը խախտելու եւ  Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ու այլ բարձրաստիճան հոգեւորականների դէմ անհիմն, ծայրայեղ մեղադրանքներ հնչեցնելու համար: Եթէ Հայաստանի դատարանները վճիռ կայացնեն հոգեւորականների դէմ, նրանք պէտք է դրանք բողոքարկեն Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button