Տիգրան Լալայեան. «Պէտք է հասկանանք՝ ինչպիսի՞ մօտեցում ցուցաբերենք, որ Արցախի էջը փակւած չհամարենք»
168.am-ը զրուցել է «Արցախ» ջազ նւագախմբի հիմնադիր ղեկավար, Ջազի հայկական ասոցացիայի անդամ Տիգրան Լալայեանն է։
– Այս տարի լրանում է նւագախմբի 20-ամեակը։ Ինչպէ՞ս առաջացաւ այն հիմնելու գաղափարը։
– Երբ 10 տարեկան էի, Կոնստանտին Օրբէլեանն իր խմբով այցելել էր Արցախ, ու համերգից յետոյ հասկացայ, որ այդ հզօր հնչողութիւնն ինձ հոգեհարազատ է։ Կապ ունէր նաեւ այն, որ իմ գերդաստանում մեծ մասը երաժիշտներ էին։ Եւ այդպէս, 20 տարեկանից յետոյ սկսեցի մտածել այդ ուղղութեամբ ու զինւորական ծառայութիւնից յետոյ այն կեանքի կոչեցի։ Ստեփանակերտում ջազային դպրոց չկար, բայց ես երաժիշտ տղաներին առաջարկեցի, որ փորձենք հասկանալ, լսել։ Մի բարդութիւն էլ նոտաներ փնտրելն էր, քանի որ այն ժամանակ ինտերնետ չկար, որ գտնէիր, տպէիր։ Եկայ Երեւան, հանդիպեցի ջազային երաժիշտ Արմէն Հիւսնունցին, կոմպոզիտոր, դիրիժոր Երւանդ Երզնկեանին, ովքեր ինձ տրամադրեցին բենդի պարտիտուրները։ Սկսեցի ուսումնասիրել, յետոյ առանձին սաքսոֆոնահարների, հարւածային գործիքներ նւագողների հետ էի պարապում, եւ այլն։ Օր առ օր փազըլը հաւաքւեց ու արդէն բիգ բենդը նշմարւում էր։ Արդէն հնչողութիւն կար, մէկը միւսին լսում էր, զգում էր։
Բախտ վիճակւեց լսել պարտիտուրների աուդիօ ձայնագրութիւնները, այդ «լեզուն հասկանալ» ու փորձել այդպէս «խօսել»։ 2004 թ. յոբելեանական համերգ էր, մենք եւս հանդէս եկանք, ու դրանից յետոյ պետութիւնը մեզ տւեց պետական կարգավիճակ։ Հասկացայ, որ ճիշտ ճանապարհին եմ, չնայած բարդ ճանապարհ էր՝ 20-ից աւելի երաժիշտ, մենակատարներ… Դժւար էր, քանի որ ջազային դպրոց չկար, բաց ես անընդհատ Հայաստանի տարբեր մասնագէտների հետ կապ էի պահում։ Այդպէս տարեցտարի կատարելագործւեցինք, եւ 2006 թ. խմբին հրաւիրեցին մասնակցելու «Երեւան Ջազ ֆեստ»-ին։ Առաջին անգամ էինք մեծ բեմում եւ սպասում էինք, որ ասելու են՝ այս ի՜նչ լաւ էք նւագում կամ՝ այս ի՞նչ էք նւագում։ Բայց ոչ մէկն ասացին, ոչ միւսը։ Մեզ մօտեցան յայտնի ջազմեններ, ու շատերը զարմացել էին, որ Արցախում ջազ բենդ կայ։ Դրանից յետոյ ես հասկացայ, որ պէտք է շարունակել ճանապարհը, աւելի զարգացել։
– Նւագախմբում ընդգրկւած երաժիշտները կիսո՞ւմ էին Ձեր գաղափարները, թէ՞ ասում էին՝ այ մարդ, այս ի՞նչ բարդ ճանապարհ ենք ընտրել։ Եղա՞ն կէսից հետ գնացողներ։
– 20 տարւայ ընթացքում բաւականին փոփոխութիւններ են եղել, բայց պատճառը ոչ թէ այն էր, որ գաղափարը չէին կիսում, այլ եղան դէպքեր, որ քաղաքից դուրս գնացին, կամ այլ աշխատանքն էր խանգարում։ Դժւար էր, երբ մէկը 5 տարի աշխատում էր, ինչ-ինչ պատճառներով գնում, ու նոր մարդուն պէտք է կրկին զրոյից սովորեցնէի։ Բայց ես այդ ամէնին պատրաստ էի, որովհետեւ շատ եմ սիրում այս երաժշտութիւնը։
– Նւագախումբը հիմնելիս ի՞նչ վախեր ունէիք։ Սովորաբար նոր գործ սկսելիս բոլորս տարբեր մտավախութիւններ ենք ունենում։
– Չէի պատկերացնում, որ շատ բարդութիւններ են սպասւում, ուղղակի չէի սկսի։ Բայց հակասեմ խօսքիս՝ պատրաստ էի ամէն դժւարութեան, միայն թէ նպատակս իրականացնէի։ Շատերն ասում էին՝ էներգիադ քո վրայ կարող էիր ծախսել, տրիոյ կազմէիր, կամ մենակատար լինէիր, պատասխանում էի՝ 10 մատով որ ակորդ եմ խփում, ուզում եմ, որ այդ 10 մատի նոտաները հնչեցնեն մարդիկ։ Մէկ ակորդը հնչեցնի 15-20 հոգի։
– Իսկ կարողանո՞ւմ էիք միայն նւագախմբի գործունէութեան շնորհիւ գոյատեւել, թէ՞ կողքից, ինչպէս միշտ՝ բոլորն այլ գործեր էին անում։
– Իհարկէ, կողքից բոլորն էլ տարբեր գործեր էին անում։ Մշակոյթի գործիչների աշխատավարձը թոյլ չի տալիս, որ մէկ տեղ աշխատեն, դէ պարզ է՝ 120,000-130,000 դրամով չես կարող ընտանիք պահել, բայց ես փորձում էի յարմար ժամանակահատւած ընտրել, որպէսզի բոլորին յարմար լինէր։
– Արցախում հիմնականում համերգներո՞վ էիք հանդէս գալիս, թէ՞ ակումբ կար, որտեղ պարբերաբար ելոյթ էիք ունենում։ Եւ հիմա նոյն կազմո՞վ էք։
– Բեմերում էինք հանդէս գալիս, քանի որ չկար այնպիսի ակումբ, որ բենդը կարողանար ելոյթ ունենալ։ Մտածում էինք տարբերակ՝ ստեղծել ակումբ, որը մեծ բեմ կունենար։ Մարդիկ կը գային՝ դասական ոճի հագուստով, կը նստէին ու այդ մի քանի ժամը կը հանգստանային։
– Հոգեբանական ծանր վիճակի շարունակութիւնը Հակարիի կամրջի մօտ է եղել, չէ՞։
– Միանշանակ։ Ամէն տղամարդ, որ դուրս էր գալիս մեքենայից, բեռնախցիկը բացում, դէ, բոլորն ադրբեջանցի էին, մտածում ես՝ կարող է քեզ բռնեն-տանեն…
– Որպէս արցախցի, որպէս հայ՝ Արցախի էջը փակւած համարո՞ւմ էք։
– Չէ։ Մեր ուժը, էներգետիկան Աստծուց տւած է։ Սա ժամանակաւոր է։
– Խաղաղութեան օրակարգ ասւածը հաւատ ներշնչո՞ւմ է։
– Ես դեռ չեմ տեսնում շատ լուրջ մօտեցում։
– Արցախցին ե՞րբ կը վերադառնայ Արցախ։
– Աստծոյ կամքով՝ ինչքան շուտ, այնքան լաւ։ Ինչպէս հասկացանք՝ Արցախը մեծ նշանակութիւն եւ դեր էր խաղում Հայաստանի եւ տարածաշրջանի համար։ Հիմա բոլորս պէտք է հասկանանք՝ ինչպիսի՞ մօտեցում ցուցաբերենք, որ այդ էջը փակւած չհամարենք։
– Վերադառնանք դէպի ջազը։ Շատ երաժիշտներ ջազը համեմատում են անձրեւանոցի հետ, որի ներքոյ գտնւում են տարբեր ժանրեր, ոմանք էլ նշում են, որ ջազը երաժշտին մղում է որեւէ գործողութիւն կատարել։ Ձեզ համար ի՞նչ է ջազը։
– Թռիչք, ազատութիւն, տարածութիւն, որը չունի սահմաններ։
Այս ծանր դէպքերից յետոյ մի քանի ամիս ուշքի չէինք գալիս, սակայն որոշեցինք շարունակել մեր ճանապարհը։ Հիմա մեզ միացել են նաեւ Հայաստանի տարբեր շրջանների երաժիշտներ։ Ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրւայ համերգի բացումը մենք արեցինք, իսկ դրանից առաջ հասցրել էինք հանդէս գալ մենահամերգով։ Հաւատացէք, Արցախից մեծ էներգետիկա ենք հաւաքել։ Ամբողջ կեանքս այնտեղ եմ ապրել ու հիմա այդ էներգետիկան սպառում եմ՝ ի շահ գաղափարի։ Հոյակապ երգիչ-երգչուհիներ կան, որ մեզ են միացել, եւ մեծ սպասումով առաջ ենք գնում՝ հաշւի առնելով, որ հիմա ոչ մի տեղից օգնութիւն չունենք։ Խնդիրներ շատ ունենք այս պահին, փորձում ենք լուծումներ գտնել։ ԿԳՄՍ նախարարութիւնը, Քաղաքապետարանը պատրաստ են մեզ օգնել, բայց՝ ոչ մշտապէս։ Առաջին մեր մենահամերգը սպասարկեց Քաղաքապետարանը, ինչի համար շնորհակալ ենք, քանի որ առանց դրա չէինք կարող յայտնել, որ մենք կանք, շարունակում ենք մեր գաղափարը։ Հիմա հովանաւորներ, տարբեր միջոցներ եմ փնտրում, որպէսզի հաստատենք մեր գործելաոճը, կարողանանք աւելի շատ աշխատել։ Շատ կարեւոր է մեր մշակոյթն արտերկրում ցոյց տալը։ Այդ ուղղութեամբ աշխատանքներ եւս տարւում են։
– Արցախից բռնի տեղահանութեան ժամանակ, երբ շատերն անգամ անձնական իրերը, կարեւոր փաստաթղթեր չեն կարողացել բերել՝ երաժիշտները երաժշտական գործիքները մեծ մասամբ բերել են։ Ինչպէ՞ս էիք դա կազմակերպում։
– Ամէն մէկն իր գործիքի հոգսը հոգաց։ Բոլորը խառն էին։ Մէկը զբաղւած էր իր ընտանիքով, միւսը յոյս ունէր, որ Արցախից դուրս գալը կարող է չլինի, հետաձգւի։ Գործիքների մեծ մասը երաժիշտների մօտ էին, ու այստեղ արդէն պարզեցի, որ մեծ մասն իրենց հետ բերել են։
– Շատ անսպասելի իրավիճակ էր։ Սկսւեց 2022 թւականից, ու ամիս առ ամիս բարդութիւններ էին առաջանում։ Հասանք մի իրավիճակի, երբ անգամ աղ չկար։ Ոչ թէ կշռում էին, այլ բռով էին տալիս, ու բաւականին թանկ էր։ Մի բուռը 20.000 դրամ էլ լինէր՝ պէտք է առնէիր, որովհետեւ ելք չկար, քանի որ ամբողջ ազգն էր դժւարութեան մէջ, ոչ թէ մի թաղամասը։ Յիշում եմ՝ առաւօտից երեկոյ վառարանները բակերում դրած՝ մէկը լապշա էր սարքում, միւսը՝ հաց։ Մէկը չունէր հաց՝ կիսում-տալիս էին։ Մէկը միւսին օգնելով՝ պահում էր այդ ոգին։ 1980-ական թւականների նման էր, բայց այն ժամանակ գիտէինք, որ այստեղ սով է, իսկ դաշտերում մեր մեծերը կռւում են, պաշտպանում Հայրենիքը, իսկ այս դէպքում բոլորս շրջափակւած էինք։
Գիշերը թշնամին կրակ էր վառում շուրջբոլորը, վախի մթնոլորտ ստեղծում։ Քաոս էր առաջանում։ Երբ տղամարդիկ առանձնանում էին, խօսում էինք, մտածում, որ ծնողներին ուղարկելու ենք, բոլորս մնանք ու չգիտենք՝ ինչ է լինելու։ Չենք սպասել, որ բոլորս դուրս կը գանք։ Արդէն ջուր էլ չկար, ֆիլտրներն էլ չէին աշխատում, կեղտոտ էր։ Այն աստիճանի հասաւ, որ ստիպւած պէտք է դուրս գանք, ու ամէն ընտանիքի տէրը պէտք է հոգսը հոգայ։ Պայքարելու իմաստ չկար. մէկն ասում էր՝ ժամանակաւոր ենք դուրս գալիս, միւսն այլ բան էր ասում։ Իրերը կիսատ հաւաքելով՝ դուրս եկանք, յետոյ այստեղ հասկացանք… Յոյս ունեմ, որ առաջիկայում հարցը լուծւելու է։