Ադրբեջանը ռազմական գործողութիւնների՞ է նախապատրաստւում
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Դեկտեմբերի 4-ին ԱԺ-Կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր.
«Իմ գնահատականն այն է, որ Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւններում էսկալացիայի որեւէ հիմք չկայ»:
Փաշինեանն այս կարծիքին է, որովհետեւ, ըստ նրա, Հայաստանը հաւատարիմ է խաղաղութեան օրակարգին եւ համապատասխան պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի 90 տոկոսն արւած է, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցում հայկական կողմն իրատեսական լուծում է առաջարկում, եւ որովհետեւ Հայաստանը ռազմական խնդիրներ որեւէ հարեւանի նկատմամբ չունի, ճանաչում է բոլոր հարեւանների տարածքային ամբողջականութիւնը եւ ինքնիշխանութիւնը:
Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը եւս ընդգծել է՝ «երկու երկրի միջեւ պատերազմի գործոն այլեւս չկայ», քանի որ, ըստ նրա, «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականութիւնը, եւ հայկական ուժերը դուրս են բերւել «Ադրբեջանի տարածքից»:
Մի կողմ թողնենք, որ Հայաստանի Հանրապետութիւնը միջազգային հարթակներում չի օգտագործում ադրբեջանական այս ձեւակերպումը, յատկապէս, երբ Ադրբեջանն օկուպացրել է աւելի քան 200 քկմ տարածք եւ այս տեսակ յաւակնութիւններից չի էլ հրաժարւել, բայց նոյն Հաջիեւը վերը նշւած յայտարարութեանը զուգահեռ՝ Հայաստանից խաղաղութեան պայմանագրի համատեքստում շարունակում է պահանջել սահմանադրական փոփոխութիւն կամ նոր սահմանադրութեան ընդունում:
Աւելին, Հաջիեւը պահանջում է դադարեցնել ԵՄ դիտորդական առաքելութիւնը ՀՀ-ում եւ սահմանափակումներ է պահանջում ռազմական շինարարութեան կամ բանակաշինութեան քաղաքականութեան մէջ:
«Ագրեսոր, «օկուպանտ» (չակերտները։- Մ.Պ.) երկրների նկատմամբ որոշակի սահմանափակումներ են կիրառւում բանակաշինութեան եւ ռազմական պլանաւորման գործընթացում: Օրինակ, նման սահմանափակումներ են մտցւել Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, ինչպէս նաեւ Իրաքի եւ Քուվէյթի միջեւ պատերազմից յետոյ Իրաքի նկատմամբ: Ըստ այդմ, մենք կարծում ենք, որ Հայաստանի ռազմական շինարարութեան քաղաքականութեան մէջ պէտք է լուրջ սահմանափակումներ լինեն: Բացի այս, պէտք է նաեւ դիտարկւի պատասխանատւութեան հարցն այն երկրների, որոնք Հայաստանին յարձակողական զէնք են մատակարարում»,- ընդգծել է Ալիեւի օգնականը, ով նոյն ձեւակերպումներով Հայաստանի զինւած ուժերի նկատմամբ սահմանափակումների կիրառում պահանջել էր դեռ այս տարւայ սեպտեմբերի սկզբին:
Եւ սա ցայտուն ապացոյց է մեր այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինեանի առաջարկը՝ Ադրբեջանի հետ ունենալ սպառազինութիւնների վերահսկման երկկողմ պայմանագիր, չափազանց վտանգաւոր է, եթէ անգամ դա իր արտաքին քաղաքական կամ դիւանագիտական բացատրութիւնը կարող է ունենալ, այդ թւում՝ հաշւի առնելով, որ Ադրբեջանը չի ընդունի այն: Իսկ եթէ ընդուներ կամ ընդունի, արդեօ՞ք ՀՀ իշխանութիւնը հաշւարկել է բոլոր քայլերն ու ռիսկերը:
Փոխարէնը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը հոկտեմբերին որոշել էր արձագանգել Ալիեւի մեղադրանքներին եւ սպառնալիքներին՝ կապւած Հայաստանի սպառազինման հետ:
168.am-ը գրել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնն իջեցրել է Հայաստանի Հանրապետութեան եւ ԶՈՒ կարգավիճակի նշաձողը, եւ տպաւորութիւն է, թէ խօսում է, օրինակ, չճանաչւած երկրի ինքնապաշտպանական բանակի մասին: Բայց պատմութիւնը սրանով չի աւարտւում:
Աւելի ուշ Փաշինեանն ադրբեջանական ՀՀ ԶՈՒ նկատմամբ սահմանափակումների պահանջի ֆոնին, դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետբիւջէի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելոյթի ընթացքում, մասնաւորապէս, յայտարարել էր.
«Պետութիւնն ինքն իրեն սահմանափակի միջազգային յարաբերութիւնների հռչակւած եւ ընդունւած կանոններով եւ օրէնքներով:
Ես սա ասում եմ յատկապէս հիմա, երբ թւում է, թէ միջազգային հաստատւած բոլոր օրէնքները եւ կանոններն ամէն տեղ ոտնահարում են, ով, որտեղ եւ ինչպէս ուզի: Մենք շատ ենք խօսում այն մասին, որ մենք մեր պրոբլեմներին պէտք է ասիմետրիկ ռեակցիա տանք: Իմ կարծիքով՝ հէնց սա է ասիմետրիկ ռեակցիան, երբ բոլորը բոլոր հնարաւոր տեղերում խախտում են միջազգային յարաբերութիւնների ընդունւած կանոնները, մենք պէտք է դիրքաւորւենք՝ որպէս մի պետութիւն, որն ինքն իրեն հռչակում է եւ ինքն իրեն սահմանափակում է՝ միջազգային հանրահռչակւած, ընդունւած կանոններով գործելուն համապատասխան:
Բայց ես չեմ ուզում այստեղ միտքը կիսատ թողնել եւ ուզում եմ վերադառնալ բանակին: Այս պայմանների առկայութեամբ է, որ բանակը, մեր մտածած ուժեղ եւ մարտունակ բանակը կարող է լինել էֆեկտիւ: Սա նշանակում է՝ ստեղծել անվտանգային մի համակարգ, որի, ինչպէս ասել եմ, առաջին գծում բանակը չէ: Բանակից առաջ կան բուֆերներ, որո՞նք են այդ բուֆերները, օրինակ՝ տնտեսական փոխկախւածութիւնները, որից առաջ կայ ուրիշ բուֆեր, ո՞րն է այդ բուֆերը՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորը եւ ամենուր, բայց եթէ բոլորը եւ ամենուր բողոքում են դրա ոտնահարումներից, նշանակում է՝ այդ կանոններին հաւատարիմ լինելը, այդ հաւատարիմ պահպանելը դրական գործելակերպ է, եւ այդ դրական գործելակերպը ձեւաւորում է եւս մի բուֆեր բանակից առաջ, յիշում էք, ես խօսում էի մեր այն զինւորից առաջ, որի ուսերին մենք ինչ բեռ ասես՝ դնում ենք:
Եւ այս պայմաններում է, որ ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել լեգիտիմ, ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել արդարացւած եւ ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է ապահովել անվտանգութիւն անվտանգութեան շղթայի մէջ՝ որպէս մի եւ հերթական օղակ»:
168.am-ը գրել էր, որ «Փաշինեանը «հաղորդում» է տւել ՀՀ զինւած ուժերի դէմ»:
Եւ այս պարագայում բնական է, որ Ադրբեջանը պիտի շարունակի ՀՀ Զինւած ուժերի նկատմամբ պահանջներ ներկայացնել, այդ թւում՝ աշխարհում յայտնի ինչ-որ օրինակներ բերելով, մինչդեռ նոյն Ադրբեջանը շարունակում է զինւել եւ գտնում է, որ, եթէ պակաս ուշադրութիւն դարձնեն ռազմական ոլորտին եւ չապահովեն դրա համար յատկացւած միջոցների անհրաժեշտ մակարդակ, ապա ապագայում խնդիրներ կունենան:
Այս տրամաբանութեան մէջ է, որ Ալիեւը վերանայեց 2025 թ. բիւջէի նախագծի նախնական տարբերակը եւ ռազմական բիւջէն զգալի աւելացրեց, եւ ոչինչ, որ այն հիմնաւորեց ՀՀ ռազմական բիւջէի աւելացմամբ եւ զինմամբ:
Եւ նոյեմբերից Ադրբեջանը հնարաւոր սադրանքի հիմքեր ստեղծելու հերթական փուլն է սկսել եւ հիմնական պատասխանատու կարգել Ֆրանսիային, ով, ըստ Ադրբեջանի, չի սահմանափակւում միայն Հայաստանին սպառազինութեան մատակարարմամբ, այլ ֆրանսիական հրահանգիչները «ներգրաււած են» ՀՀ ԶՈւ հզօրացման եւ մարտական պատրաստութեան գործընթացում: Ադրբեջանական նոյեմբերեան քարոզչական հրապարակումներին մենք անդրադարձել ենք։
Վերջին օրերին ադրբեջանական լրատւամիջոցներն այս տրամաբանութեան մէջ իրար հերթ չտալով՝ նոր յօդւածներ են հրապարակել։
Օրինակ, Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցութեան 2025 թւականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնեակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունէութեան գրեթէ բոլոր ոլորտներում, Ադրբեջանում համարում են վտանգաւոր եւ պատերազմի տանող գործարք, երբ նմանօրինակ «գործարք» ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնն օրերս հաստատել է նաեւ Իտալիայի հետ, որի հետ Ադրբեջանը գուցէ շատ աւելի ռազմական սերտ համագործակցութիւն ունի:
Դեռ չենք խօսում Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական յարաբերութիւնների մասին, եւ, որ 2025-ին համատեղ զօրավարժութիւնների թիւն աւելացւելու է:
Դեռ չենք անդրադառնում Իսրայէլ-Ադրբեջան ռազմավարական յարաբերութիւններին, որը յստակ վտանգ է ներկայացնում Հարաւային Կովկասի համար եւ լարւածութիւն ստեղծում:
Վերադառնալով Ալիեւի օգնականի վերջին յայտարարութիւններին՝ նշենք, որ դրանից առաջ Հաջիեւը հանդիպել էր Իսրայէլի արտաքին գերատեսչութեան ղեկավարի հետ, որի ընթացքում քննարկւել են Մերձաւոր Արեւելքում եւ Հարաւային Կովկասում վերջին զարգացումները, ինչպէս նաեւ տարածաշրջանային անվտանգութեանն ու Իսրայէլ-Ադրբեջան երկկողմ յարաբերութիւններին առնչւող հարցեր:
Իսկ երէկ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարն ընդունել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիա Ջեմալ Քադիօղլուին:
Ադրբեջանի պաշտպանութեան նախարարը թուրք գեներալին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիւ իրավիճակը եւ ընդգծել, որ Հայաստանի վերազինումը բացասաբար է ազդում տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան պահպանման վրայ։
Աւելին, Զաքիր Հասանովի եւ Թուրքիայի բանակի գեներալի հանդիպմանը յատուկ շեշտւել է աշխարհում վերջին ժամանակները տեղի ունեցող հակամարտութիւնների համատեղ վերլուծութեան եւ ուսումնասիրութեան անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ՝ պատերազմի վարման ժամանակակից մեթոդների:
Իսկ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարն Ադրբեջանի բանակում իրականացւող բարեփոխումներին ծանօթանալուց յետոյ այցելել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի շտաբ եւ մանրամասն ծանօթացել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կէտում կատարւող աշխատանքներին:
Յիշեցնենք, որ Թուրքիան ուղիղ ներգրաււածութիւն էր ունեցել 44-օրեայ պատերազմին, եւ, ինչպէս Քննիչ յանձնաժողովում ասել էր ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տօնոյեանը, Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրեային փոխկապակցւած էր ՆԱՏՕ-ի հրամանատրման եւ վերահսկման համակարգին:
«F-16-երի կիրառումը, որով բացայայտում էր մեր ՀՕՊ ամբողջ համակարգը… Այդ երկրի ռազմօդուժը ՆԱՏՕ անդամ երկրներում դասւում է բաւականին զարգացած ռազմական օդուժերի շարքին: Ինչո՞ւ: Որովհետեւ իրենք առաջին երկրներից մէկն էին, որ ստեղծեցին համակարգ՝ հրամանատրման, վերահսկողութեան, կապի, հետախուզութեան վարման: Եւ այդ ռազմօդուժի համակարգն իր հերթին՝ փոխկապակցւած էր ՆԱՏՕ հրամանատրման եւ վերահսկման համակարգին»,- մանրամասնել էր նա:
Իսկ այս օրերին Թուրքիայի պաշտպանութեան նախարարն էլ ընդունել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայութեան ղեկավարին:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ Սիրիայում կանխատեսելի լարւածութեան աճի ֆոնին թուրք եւ ադրբեջանցի ռազմական ղեկավարութեան հանդիպումները Բաքւում եւ Թուրքիայում, յատկապէս՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիա Ջեմալ Քադիօղլուի այցը Բաքու եւ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի շտաբ, ինչ-որ բանի նախապատրաստութիւն է կամ ինչ-որ բանի պատրաստութեան աշխատանքների ստուգում:
Ալիեւի օգնականի հանդիպումն Իսրայէլի արտաքին գերատեսչութեան ղեկավարի հետ եւս ինչ-որ գործողութեան նախապատրաստութիւն կարող է ենթադրել՝ լինի դա Հայաստանի դէմ, թէ Իրանի, իհարկէ, երկու դէպքում էլ Հայաստանը մտածելու բան ունի: Չմոռանանք, որ Իսրայէլն իր զգալի ներդրումն ունի 44-օրեայ պատերազմում Ադրբեջանի յաղթանակում:
Միւս կողմից, Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործւել Իսրայէլի կողմից՝ Իրանի դէմ հետախուզական կամ նոյնիսկ ռազմական գործողութիւններ կազմակերպելու համար։ Այսինքն, մտահոգիչ ազդակներ կան, յատկապէս՝ Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումից յետոյ Թուրքիայի եւ Իսրայէլի ուժեղացման եւ Իրանի, այսպէս ասած, թուլացման կամ չյաղթելու փաստը: Բացի այս, կա «Զանգեզուրի միջանցք»-ի հարց։ Այնպէս որ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ էսկալացիայի հիմքերը վերացւած չեն, ինչի մասին դեռ այս տարւայ փետրւարին խօսում էր նաեւ Փաշինեանը, երբ նշում էր, թէ՝ «եթէ որեւէ մէկն էսկալացիայի, խաղաղութեան գործընթացը վիժեցնելու պատրւակ է փնտրում, միշտ էլ կը գտնի, թէկուզ լրատւամիջոցների հրապարակումների տեսքով, մենք շարունակաբար այս գործելակերպն ենք տեսնում Ադրբեջանի կողմից»: